- Главная
- ԵՊՀ ԻՄ մագիստրատուրայի՝ 2025 թ. շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողություն
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մ. Օթարյանը, տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը, Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանը շնորհավորեցին և բարեմաղթանքներ ուղղեցին ԵՊՀ ԻՄ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով մագիստրատուրայի չորրորդ տարվա շրջանավարտներին:
Նրանք շրջանավարտներին մաղթեցին, որ ԵՊՀ ԻՄ մագիստրատուրայում ստացած գիտելիքները, կարողությունները և հմտությունները լիարժեք ծառայեցնեն ի նպաստ մեր երկրի զարգացմանը և առաջընթացին, որպես մասնաճյուղի շրջանավարտներ՝ բարձր պահեն բուհի անունն ու հեղինակությունը, որպես մանկավարժներ՝ պատվով և պատասխանատվությամբ իրականացնեն իրենց վստահված սերունդների կրթության և դաստիարակության անչափ կարևոր գործը:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով մագիստրատուրայի այս տարվա շրջանավարտ Անուշ Խաչատրյանը՝ մասնավորապես նշելով. «Շնորհակալություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ մեր կողքին լինելու համար: ԵՊՀ ԻՄ բակալավրիատում ստացած որակյալ կրթության շնորհիվ ես այսօր կանգնած եմ աշակերտի կողքին: Մանկավարժության մագիստրոսի կոչումն այդ ճանապարհի սկիզբը դրեց: Մանկավարժները սերմնացաններ են, որոնց տված գիտելիքների և արժեքների շնորհիվ ունենալու ենք մտքով և հոգով ամուր հայրենիք….»:
Այնուհետև տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողությունը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մագիստրատուրայի՝ 2024-2025 ուստարվա 19 շրջանավարտներից 9-ը ստացավ գերազանցության դիպլոմ: Սիրով շնորհավորում ենք ԵՊՀ ԻՄ մագիստրատուրայի՝ 2025 թ. բոլոր շրջանավարտներին և նրանց մաղթում բարի երթ ու կանաչ ճանապարհ: