ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ս.թ. մարտի 28-ին տեղի ունեցավ տնօրենության նիստ՝ Մ. Մ. Օթարյանի նախագահությամբ:

Նիստում քննարկվեցին 2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակի 1-ին ընթացիկ ստուգումների և քննությունների նախապատրաստման ընթացքին, տարբեր տարակարգերի աշխատողների համար աշխատանքի նկարագրերի պարբերաբար վերանայման արդյունքներին, 2024-25 ուստարվա 1-ին կիսամյակի բակալավրի առկա ուսուցման քննաշրջանի ամփոփմանը, կամընտրական առարկաների դասընթացների, շարժունության պատուհանի և պրակտիկաների կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Առաջին հարցի մասին նշվեց, որ ըստ ժամանակացույցի՝ կազմակերպվել են 2024-25 ուստարվա 2-րդ կիսամյակի 1-ին ընթացիկ ստուգումները և քննությունները: Դրանք կիրականացվեն 2025 թ. ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում: Ֆակուլտետների դեկանները Ուսումնամեթոդական վարչություն են ներկայացրել ընթացիկ ստուգումների և քննությունների կազմակերպման ժամանակացույցները, որոնք նախապես քննարկվել էին ամբիոններում: Ժամանակացույցները տեղադրվել են ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքում, դրանց մասին իրազեկվել են դասախոսները և ուսանողները: Ֆակուլտետներին են տրամադրվել քննությունների համար նախատեսված տետրերը: Իրականացվել են անհրաժեշտ այլ աշխատանքներ, և մասնաճյուղը պատրաստ է քննաշրջանի իրականացմանը:

Մյուս հարցի վերաբերյալ նշվեց, որ ելնելով այն հանգամանքից, որ ԵՊՀ ԻՄ-ում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, որոշ բաժիններ միավորվել են, ձևավորվել են նոր հաստիքներ՝ անհրաժեշտություն է առաջացել վերանայել որոշ տարակարգերի աշխատանքների նկարագրերը, հաստատել նոր պաշտոնների անձնագրեր: Տնօրենի կողմից հանձնարարվեց սեղմ ժամկետներում ավարտին հասցնել տարբեր տարակարգերի աշխատողների համար աշխատանքի նկարագրերի պարբերաբար վերանայման և նոր պաշտոնների անձնագրերի հաստատման գործընթացը:

2024-25 ուստարվա 1-ին կիսամյակի բակալավրի առկա ուսուցման քննաշրջանի ամփոփման հարցի առնչությամբ նշվեց, որ քննաշրջանին մասնակցել է 617 ուսանող, որոնցից 8-ը զորակոչվել է Հայոց բանակ, 8-ը՝ վերադարձել տարկետումից:

Քննաշրջանի արդյունքներից ելնելով՝ ունենք դասընթացը կրկնող 10, մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր կուտակած 4 ուսանող, չունենք հեռացման ենթակա ուսանող:

Կամընտրական առարկաների դասընթացների կազմակերպման խնդիրների կապակցությամբ նշվեց, որ կրթական ծրագրերի ղեկավարները համապատասխան կուրսերում ներկայացրել են առարկաների ցանկերն ու համառոտ բովանդակությունները, և դրանց արդյունքները ներկայացվել են Ուսումնամեթոդական վարչություն: Տնօրենը հանձնարարեց դեկաններին և Ուսումնամեթոդական վարչությանը մինչև ս.թ. ապրիլի 1-ը հստակեցնել կամընտրական դասընթացների խմբերը և դրանք ներկայացնել հաստատման:

Շարժունության պատուհանի կազմակերպման հարցի վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ հետևելով ԵՊՀ քաղաքականությանը՝ մասնաճյուղում նախատեսվում է 7-րդ կիսամյակում (հեռակա ուսուցման դեպքում՝ 8-9-րդ) 15 կրեդիտ աշխատածավալով «Շարժունության պատուհան», որն ուսանողներին հնարավորություն է տալիս կրթական ծրագրի ղեկավարի համաձայնությամբ ընտրելու դասընթացների կազմը ինչպես իրենց բուհի բակալավրի կրթական ծրագրերի դասընթացների, այնպես էլ այլ բուհերի կողմից առաջարկվող դասընթացների ցանկից: «Շարժունության պատուհան»-ի միջոցով քայլ է կատարվում ծրագրերի ճկունության ապահովման ուղղությամբ: Այս հարցի հետ կապված՝ տնօրենը Ուսումնամեթոդական վարչությանը հանձնարարեց մինչև 2025 թ. ապրիլի 1-ը կրթական ծրագրերի ղեկավարների հետ համատեղ քննարկել և համապատասխան առաջարկ ներկայացնել:

Պրակտիկաների կազմակերպման հարցի մասին նշվեց, որ 2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակում, ըստ բակալավրի և մագիստրատուրայի աշխատանքային ուսումնական պլանների, նախատեսված է եղել 35 պրակտիկա (22-ը՝ առկա ուսուցման համակարգում, 13-ը հեռակա), որոնցից 6-ը՝ մանկավարժական, 22-ը՝ մասնագիտական, 7-ը՝ ուսումնական:

Մինչև այժմ կազմակերպվել է առկա և հեռակա ուսուցման 34 պրակտիկա: 1 պրակտիկա նախապատրաստական փուլում է․ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում հեռակա ուսուցման «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի 4-րդ կուրսի մասնագիտական պրակտիկան կազմակերպելու ուղղությամբ:

Ավարտված են առկա ուսուցման 12 կրթական ծրագրի 4-րդ կուրսերում մասնագիտական պրակտիկաները, որոնք կազմակերպվել են փետրվարի 10-ից մինչև մարտի 21-ը: Ուսանողների հրամանագրման, գրությունների պատրաստման և տրամադրման, moodle համակարգում պրակտիկայի դասընթացների ակտիվացման, ուսանողների և դասախոսների շրջանում վերապատրաստումների իրականացման աշխատանքները կատարվել են ժամանակին:

Միաժամանակ մասնագիտական պրակտիկաների ղեկավարները և ուսանողներն ընդգրկված են եղել e-learning.ysu.am համակարգում: Ըստ moodle համակարգում ներկայացվող պահանջների՝ յուրաքանչյուր ուսանող նախ լրացրել է պրակտիկայի վայր հանդիսացող հաստատության վերաբերյալ տեղեկատվություն, ապա տեղադրել ամենշաբաթյա հաշվետվություն կատարած աշխատանքների վերաբերյալ, ավարտին ներկայացրել կարծիք-բնութագիր և մասնակցել պրակտիկայի վերաբերյալ ուսանողական հարցմանը: Ներկայացված հաշվետվությունները յուրաքանչյուր շաբաթ ստուգվել և գնահատվել են ղեկավարների կողմից, վերահսկվել ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժնի կողմից: Գրանցված թերությունները պարբերաբար քննարկվել են ղեկավարների հետ:

Ութ կրթական ծրագրով մասնագիտական պրակտիկաներն ավարտված են, և ստուգարքի արդյունքներն արտահայտված են registrar համակարգում, իսկ «Ռուսաց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն» «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» և «Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրերի 4-րդ կուրսերի ստուգարքներն իրականացվել են մարտի 28-ին: Բոլոր ուսանողները մասնակցել են ստուգարքին: Մյուս պրակտիկաներն ընթացքի մեջ են:

ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնին հանձնարարվեց հետևողական լինել պրակտիկաների կազմակերպման և իրականացման բոլոր գործընթացները սահմանված ժամկետներում և պատշաճ կատարելու հարցում:

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: