2025 թ. մարտի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն Իջևանի՝ Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում իրականացրեց ԵՊՀ-ի հետ համատեղ անցկացվող 2025 թ. դպրոցական օլիմպիադայի 1-ին փուլը:

Օլիմպիադան, որն ինտելեկտուալ մրցույթ է բուհի դիմորդների միջև, նախատեսված էր անցկացնել հանրակրթական («Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Ինֆորմատիկա») և լրացուցիչ կրթական առարկաներից («Հայոց եկեղեցու պատմություն», «Տրամաբանություն», «Սոցիոլոգիա», «Պետություն և իրավունքի հիմունքներ», «Էկոլոգիա և կայուն զարգացման հիմունքներ», «Տնտեսագիտություն»): «Ինֆորմատիկա» առարկայից օլիմպիադան նախատեսված էր իրականացնել մեկ փուլով՝ մարտի 29-ին: Լրացուցիչ կրթական առարկաներից օլիմպիադան կանցկացվի ևս մեկ փուլով ԵՊՀ-ում՝ ապրիլի 12-ին:

Այս տարի Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններից օլիմպիադայի 1-ին փուլին մասնակցեց 25 դպրոցի 11-րդ և 12-րդ դասարանների 137 աշակերտ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում օլիմպիադայի կազմակերպման պատասխանատու Վահան Աղաբաբյանը մասնակիցներին ողջունեց, ներկայացրեց անցկացման կարգը և մաղթեց հաջողություն:

I փուլի հաղթողները կմասնակցեն օլիմպիադայի II փուլին, որը տեղի կունենա ապրիլի 12-ին՝ ժամը 11:00 -ին, Երևանի պետական համալսարանում:

ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հանրակրթական առարկաներից հաղթած (I, II և III կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին Համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:

Օլիմպիադայում լրացուցիչ կրթական առարկաներից հաղթած աշակերտներին կտրվեն կրթաթոշակներ:

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: