- Главная
- Շնորհավոր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման օրը
Մայիսյան հերոսամարտերի (Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի) բովում ծնունդ առավ Հայաստանի առաջին հանրապետությունը, որը, հիրավի, մեր պատմության շրջադարձային էջերից է: Բագրատունյաց Հայաստանի անկումից շուրջ 1000 և Կիլիկյան Հայաստանից 600 տարի անց անկախ Հայաստան էր ստեղծվում:
Անկախ Հայաստանի առաջին վարչապետը դարձավ Հովհաննես Քաջազնունին: Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը: Անկախության տարեդարձի օրը` 1919 թ. մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ և Միացյալ Հանրապետություն:
Հայաստանի առաջին հանրապետությունն ունեցավ ընդամենը երկու տարվա կյանք՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Երևան 11-րդ Կարմիր բանակի զորամասերի մուտք գործելուց հետո հանրապետությունը խորհրդայնացվեց: Սակայն մեծ է նրա պատմական նշանակությունը, անգնահատելի՝ նրա դերը հայոց պետականությունը վերագտնելու գործում:
Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից, երբ Հայաստանը կրկին անկախություն ձեռք բերեց:
1996 թ. փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով մայիսի 28-ը նշվում է որպես Հանրապետության տոն:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենության և ամբողջ անձնակազմի անունից Հանրապետության տոնի առթիվ շնորհավորում ենք համայն հայությանը, մեր ժողովրդին ցանկանում ենք համախմբվածություն, ուժ, իմաստնություն և ամուր կամք՝ մեր առջև ծառացած բոլոր մարտահրավերները և դժվարությունները պատվով հաղթահարելու համար, մեր պետությանը՝ հզորացում, զարգացում և բարգավաճում:
Կեցցե՛ Մայիսի 28-ը՝ Հայոց պետականության վերականգնման օրը, կեցցե՛ հայ ժողովուրդը….