Գոհար Արտակի Վիրաբյանը ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Հայոց լեզու և գրականություն» բակալավրի կրթական ծրագրի առկա ուսուցման համակարգի 4-րդ կուրսի ուսանողուհի է, 2024-2025 ուստարվա ինչպես նախորդ, այնպես էլ այս կիսամյակի անվանական կրթաթոշակառու:

-Ինչու՞ պետք է ընտրել ԵՊՀ ԻՄ-ը ուսումնառության համար…

-ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հարուստ է փորձառու, հմուտ ու բանիմաց դասախոսներով, կրթության ժամանակակից համակարգերով, որոնք ուսանողներին հնարավորություն են տալիս ինքնադրսևորվելու, սեփական գաղափարներն իրականացնելու և նախանշած ուղով ընթանալու։ Համալսարանն ընձեռում է գիտության մեջ հստակ քայլեր կատարելու լավագույն հնարավորությունները։

-Մասնագիտական երազանքի իրականացման մասին…

-Մասնագիտական երազանքին հասնելու համար կարևոր են համառ կամքն ու աշխատասիրությունը, փորձություններին դիմակայելն ու աներեր մնալը։ Կարևոր է նաև գտնել այն ճիշտ կենսամիջավայրն ու գործնական տարածությունը՝ տվյալ դեպքում կրթական հաստատությունը, ուր դրսևորում ես այդ կամային որակները։ Մասնագիտական երազանքներս բազմաթիվ են՝ իրագործված և իրագործման ճանապարհին, իսկ դրանց իրականացման ճանապարհին առաջացած խոչընդոտները կյանքի բնական արձագանքներն են, հարկավոր է առաջ շարժվել։

-Հիմնարար կրթության կամ կարիերայի առաջին քայլերը ԵՊՀ ԻՄ-ում…

-Կարիերայի առաջին քայլերս ԵՊՀ ԻՄ-ում հաջողված են։ Դրանք վստահաբար հիմք են հանդիսանալու գիտության մեջ նոր ու հստակ քայլեր կատարելու համար։ Հիմնարար կրթության ճանապարհը մենք անցնում ենք այնպիսի դասախոսների հետ, որոնք իրենց մասնագիտական կարողություններով, մարդկային որակներով առաջ են տանում ուսումնական բնականոն գործընթացը՝ ապահովելով որակյալ կրթության բարձր մակարդակ։

-Ուսանողական չկրկնվող տարիները քո համալսարանում…

-Օբյեկտիվորեն չկրկնվող են բոլոր օրերն ու տարիները։ Համալսարանական տարիներն առանձնահատուկ են յուրաքանչյուրի համար։ Դրանք բացառիկ նշանակություն ունեն մեր զարգացման, նոր շփումների, ինքնակրթության հնարավորությունների առումով։ ԵՊՀ ԻՄ-ը ստեղծում է այն լավագույն միջավայրը, որտեղ ամեն օրը դառնում է եզակի ու յուրահատուկ պատմություն։

-Քո մասնագիտությունը որպես երկրի զարգացման ուղղություններից մեկը…

-Արագ փոփոխվող և անկայուն աշխարհն ամեն օր հուշում է, որ պետք է կենտրոնանալ սեփական երկրի զարգացման վրա։ Իսկ այդ զարգացումն առաջին հերթին ապահովում է հայրենասիրությունը, որը, սակայն, դառնում է վերացական հասկացություն, եթե հիմնված չէ հայրենաճանաչողության վրա։ Հայոց լեզվի և գրականության աշխարհ մտնելը բացում է լայն դռներ դեպի հայրենաճանաչողություն։ Հայերենը մեր մշակույթի կարևորագույն մասն է։

-ԵՊՀ ԻՄ-ը ուսանողին տալիս է…

-ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ուսանողին տալիս է որակյալ կրթության հասնելու բանաձևեր ու գործիքներ, մասնագիտական հմտությունները զարգացնելու լայն հնարավորություններ, որակյալ մասնագետների աջակցություն, որոնք ամեն պահի ուսանողի կողքին են և իրենց աշխատանքում ցուցաբերում են բարձր պատրաստակամություն։ Համալսարանը նաև հնարավորություն է ընձեռում հանդիպելու այնպիսի մարդկանց, որոնք դառնում են քո մշտական աջակիցներն ու ընկերները։

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: