- Главная
- Սեմինար-հանդիպում «Ես և շրջակա աշխարհը 4» դասագրքի համահեղինակ, ա.գ.թ., պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանի հետ
Հանդիպման ընթացքում պարոն Հովհաննիսյանը, ներկայացնելով դասագիրքը, նշեց, որ այն ստեղծվել է պետական չափորոշիչների և առարկայական ծրագրի պահանջներին համապատասխան: Այնուհետև նա անդրադարձավ 4-րդ դասարանի դասագրքի կառուցվածքին: Մասնավորապես նշվեց, որ դասագրքով աշխատելը ուսուցիչները պետք է սկսեն հենց տարեսկզբից՝ աշակերտներին ծանոթացնելով դասագրքին: Ըստ այդմ՝ կմեծանա հետաքրքրությունը դասընթացի նկատմամբ, միաժամանակ ավելի արդյունավետ կկազմակերպվի դասագրքից օգտվելու գործը:
Ընդգծվեց, որ ուսուցիչը պետք է ներկայացնի դասագրքում տեղ գտած պայմանական նշանները, բացատրի դրանց նշանակությունը, որպեսզի աշակերտն արագ և հեշտ կոմնորոշվի դասագրքի էջերում: Նշվեց, որ չորրորդ դասարանի աշակերտներին ուղղված խոսքում հեղինակներն աշակերտներին խորհուրդ են տալիս իրենց ուսումնառության մեջ առավել մեծ տեղ հատկացնել դիտումներին, հետազոտություններին, փորձերին և գիտելիքի այլ աղբյուրներին:
Պարոն Հովհաննիսյանը, այդպիսով, սեմինար-հանդիպման մասնակիցներին ներկայացրեց դասագրքի կառուցվածքային բաղադրատարրերը և դրանց մանկավարժամեթոդական յուրահատկությունները:
Հաջորդիվ հեղինակը ներկայացրեց 4-րդ դասարանի «Ուսուցչի ձեռնարկ»-ը, դրա կառուցվածքային բաղադրիչները: Նա նշեց, որ այս տարի ևս դրանք կտպագրվեն և անվճար կտրամադրվեն ուսուցիչներին: Ապա պարոն Հովհաննիսյանը պատասխանեց դասվարներին հետաքրքրող հարցերին:
Հանդիպման վերջում ուսուցիչներին սպասվում էր հաճելի անակնկալ. հեղինակը և դասագիրքը լույս ընծայած «Աստղիկ գրատուն» հրատարակչությունը բոլոր ուսուցիչներին նվիրեցին 2-րդ և 3-րդ դասարանների «Ուսուցչի ձեռնարկ»-ներ, նույն դասարանների աշխատանքային և թեմատիկ ու կիսամյակային տետրեր:
Ուսուցիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին պարոն Հովհաննիսյանին ու հանդիպման կազմակերպիչներին և ցանկություն հայտնեցին, որ ապագայում էլ կազմակերպվեն նման սեմինար-հանդիպումներ: