2025 թ. հունիսի 19-ին «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը՝ ի դեմս տնօրեն Մհեր Օթարյանի, և «ԱՄԻՕ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությունը՝ ի դեմս գլխավոր տեղակալ, գլխավոր գործառնական տնօրեն, վարչության անդամ Ազամատ Խակույի, կնքեցին փոխըմբռնման հուշագիր, որին մասնակցում էին նաև ԵՊՀ ԻՄ տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը և բանկի ներկայացուցիչներ:

Հուշագրի նպատակն էր ԵՊՀ ԻՄ 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսի բարձր առաջադիմություն ունեցող և ֆինանսապես անապահով ընտանիքների ուսանողների 1 տարվա ուսման վարձավճարի աջակցումը, ինչպես նաև հետագայում նրանց պրակտիկայի կազմակերպումը և լավագույն շրջանավարտներին աշխատանքի ընդունումը:

Նախքան հուշագրի ստորագրումը տեղի ունեցավ փոխհամագործակցության ծրագրերին ու հեռանկարներին վերաբերող քննարկում:

Կնքված հուշագրով կողմերը պայմանավորվեցին՝
•    համատեղ մշակել և կազմել լավագույն առաջադիմություն ունեցող և ֆինանսապես անապահով ընտանիքների ուսանողների տվյալները,
•    ԵՊՀ ԻՄ ուսանողներին լիարժեք ներկայացնել «Ամիօ Ժամանակաշրջան» բարեգործական կրթական ծրագիրը և ծրագրին մասնակցելու պայմանները,
•    համալսարանի բոլոր տեղեկատվական հարթակներում ապահովել ծրագրի մասին տեղեկատվական նյութերի տարածումը,
•    ապահովել բանկի կողմից ծրագրի բոլոր մրցութային փուլերն անցած ուսանողների հաջորդ տարվա կրթավճարի վճարումը, 
•    ապահովել համալսարանի կողմից բանկին ուսանողների վերաբերյալ տեղեկատվության (որակավորման միջին գնահատականը, կենսագրական որոշ տվյալներ և այլն) տրամադրումը,
•    անհրաժեշտության դեպքում համատեղ կազմակերպել քննարկումներ, հանդիպումներ,
•    համատեղ իրականացնել գիտաժողովներ, կոնֆերանսներ և սեմինարներ:

•    «ԱՄԻՕ ԲԱՆԿ»-ի կողմից համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի համար կազմակերպել բաց դռների օր՝ բանկի կողմից իրականացվող գործառույթները, խնդիրները և կատարվող աշխատանքները ներկայացնելու համար:
•    պարբերաբար վերլուծել և գտնել համագործակցությունն ավելի գործարար և ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու ուղիներ:
 

Опубликовать материал
©2025 Все права защищены.