Էրազմուս+ միջազգային կրեդիտային փոխանակման ծրագրի շրջանակներում ԵՊՀ ԻՄ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողուհի Անուշ Ղալթախչյանը 2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակում սովորել է Ֆրանսիայի Պոլ Վալերի Մոնպելիե 3 համալսարանում։

«Ֆրանսիայում ուսանելու փորձառությունը, - մեզ հետ զրույցում նշեց Ա. Ղալթախչյանը, - նպաստել է ոչ միայն իմ մասնագիտական առաջընթացին, այլև անհատական և սոցիալական հմտությունների զարգացմանը։ Նոր միջավայրում ինքնաբացահայտման, ինքնավստահության ամրապնդման և աշխարհայացքի լայնացման այս ընթացքը ձևավորել է բազմակողմանի և ճկուն մտածողություն, ինչը կարևոր նախապայման է ժամանակակից գիտակրթական դաշտում արդյունավետ գործունեություն ծավալելու համար»։

Դասապրոցեսի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել լսողական վարժություններին՝ նպաստելով խոսքային հմտությունների զարգացմանը։ Կատարվել են ունկնդրման տարբեր վարժություններ՝ թեմատիկ վերլուծությունների և քննարկումների իրականացմամբ։ Այդ մեթոդը ոչ միայն զարգացրել է լսողության ունակությունները, այլև խթանել է խոսքի՝ միտքը ճիշտ արտահայտելու հմտությունները։ Բացի դրանից, դասերի ընթացքում իրականացվել են խաղային տարրերով հագեցած վարժություններ, թիմային աշխատանքներ, որոնք նպաստել են սովորողների մոտիվացիայի բարձրացմանը և ուսուցման գործընթացի ակտիվ մասնակցությանը:

Ուսումնական գործընթացին զուգահեռ քիչ չեն եղել նորանոր ծանոթությունները այլազգի երիտասարդների հետ, որոնք էլ նպաստել են տարաբնույթ մշակույթների բացահայտմանը և նոր կապերի ստեղծմանը։  Այդ փոխշփումներն առավել հարուստ ու բազմաշերտ են դարձրել Անուշ Ղալթախչյանի ուսումնառության փորձը՝ ստեղծելով միջմշակութային երկխոսության և համերաշխության եզակի հարթակ։

Նորանոր կապերը ոչ միայն սահմանափակվել են օտարազգի ծանությունների շրջանակներում, այլև տեղի հայ համայնքի կապերի պահպանմամբ: Անուշը նաև կարողացել է հանդիպել հայ համայնքի անդամների հետ՝ մասնակցելով տեղի միջոցառումներին։ Այդպես ուսանողուհուն հնարավորություն է ընձեռվել հանդիպելու հայ անվանի բանասեր և պատմաբան Ժերար Տետեյանի հետ։

Ֆրանսիայում ուսումնառության ընթացքում Անուշ Ղալթախչյանը նաև մասնակցել է “AgurArménie” ասոցացիայի նախաձեռնությամբ կազմակերպված կոնֆերանսին, որը տեղի է ունեցել հանրահայտ “Le Figaro” ամսագրի տնօրենի գլխավորությամբ։ Միջոցառման շրջանակներում ուսանողուհին ելույթ է ունեցել՝ անդրադառնալով հայ ժողովրդի բազմադարյա պատմությանը, անցած բարդ ուղուն և մշակութային հարուստ ժառանգությանը: Միջազգային լսարանի առջև Անուշի տպավորիչ ելույթն արժանացել է միջոցառման մասնակիցների ուշադրությանը՝ նրանց մեջ հետաքրքրություն առաջացնելով հայոց պատմության նկատմամբ:

Այս բացառիկ կրթական փորձառությունն ուսանողուհուն հնարավորություն է տվել ոչ միայն հարստացնելու մասնագիտական (տեսական և գործնական) գիտելիքները, այլև մասնագիտական զարգացման նկատմամբ ձևավորելու կայուն, խորքային մոտեցում: 
 

Տարածել նյութը
©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: