2026 թ. հուլիսի 3-ին տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ 2025-2026 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ԵՊՀ ԻՄ վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, շրջանավարտներ, ծնողներ, մարզի տարբեր ոլորտների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, հյուրեր:

Այս տարի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը դեպի մեծ կյանք էր ճանապարհում 301՝ բակալավրիատի 276 (առկա ուսուցմամբ՝ 165, հեռակա ուսուցմամբ՝ 111) և մագիստրատուրայի (հեռակա ուսուցմամբ) 25 շրջանավարտների, որոնց պատվին կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն և ավարտական երեկույթ:
Տոնական միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգով և Երևանի պետական համալսարանի հիմներգով:
ԵՊՀ ԻՄ 2026 թ. շրջանավարտներին շնորհավորական խոսքեր և բարեմաղթանքներ հղեցին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Ուսանողական գիտական ընկերության նախագահ Սիրանուշ Աբազյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ալեքսանյանը (ընթերցվեց ուղերձը), բուհի՝ 2026 թ. գերազանց առաջադիմությամբ շրջանավարտ Աստղիկ Վերանյանը:
Մայր բուհի ռեկտոր Հ. Հովհաննիսյանը մասնավորապես նշեց. «Սիրելի՛ պրոֆեսորադասախոսական կազմ, սիրելի՛ ուսանողներ, սիրելի՛ շրջանավարտներ, սիրելի՛ ծնողներ, սիրելի՛ իջևանցիներ, հերթական տարին է, մենք, այստեղ նորից կանգնած, կյանքի ճանապարհ ենք դնում մեր շրջանավարտներին: Իջևանի մասնաճյուղը, եթե ասեմ՝ շատ կարևոր դեր ունի Երևանի պետական համալսարանի համակարգում, կարող է՝ բան ասած չլինեմ, որովհետև մեզ համար Իջևանի մասնաճյուղը հպարտության աղբյուր է: Մենք բազմաթիվ տեղերում, երբ խոսում ենք Երևանի պետական համալսարանի մասին, չենք մոռանում Իջևանի մասնաճյուղի և նրա ձեռքբերումների մասին…
Սիրելի՛ շրջանավարտներ, այսօր, ավարտելով Երևանի պետական համալսարանը, բնականաբար դուք չեք ավարտում բուհը, այլ կյանքի նոր մասնաճյուղ եք մտնում, որովհետև մենք կապը մեր շրջանավարտների հետ հատկապես վերջին տարիների ընթացքում փորձում ենք ակտիվ պահել. ամեն տարի մենք անում ենք շրջանավարտների ֆորում, երբ որ տարբեր տարիների մեր շրջանավարտները կարող են գալ, այնտեղ հանդիպել միմյանց: Ես ձեզ ևս խորհուրդ եմ տալիս անպայման անդամագրվել շրջանավարտների ցանցին, ձեր կապը մշտապես ակտիվ պահել Երևանի պետական համալսարանի հետ: …Այնտեղ, որտեղ դուք կաշխատեք, դուք կզգաք, թե որքան կարևոր են այն գիտելիքները, որ դուք ստացել եք այստեղ:
Ես ուզում եմ շնորհավորել նաև ձեր ծնողներին, որովհետև գիտեմ, թե ծնողի համար որքան կարևոր է այն ճանապարհը, որ դուք անցել եք, և այսօր այն հանգրվանը, որում դուք հանդիսանում եք: Ծնողների համար հպարտության աղբյուր է սա: Ես շնորհավորում եմ բոլոր ծնողներին և շնորհակալություն հայտնում. գիտեմ, որ ծնողներից շատերը ինչպիսի զրկանքների միջով են անցել, որ իրենց երեխաները ստանան բարձրագույն կրթություն: Եվ այն բարձրագույն կրթությունը, որ դուք ստացել եք, պետք է արդարացնեք ձեր աշխատանքով, ձեր նվիրվածությամբ, ձեր պատասխանատվությամբ: Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել բոլորիս, Իջևանի մասնաճյուղի բոլոր անդամներին՝ պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ղեկավար, վարչական անձակազմին, որովհետև յուրաքանչյուր ոք իր ներդրումն ու լուման է ունեցել նրանում, որ այստեղ այսօր դուք դիպլոմներ եք ստանում»:
Ելույթի վերջում ռեկտոր Հ. Հովհաննիսյանը Երևանի պետական համալսարանում ծավալած երկարամյա անբասիր գործունեության, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած նշանակալի ավանդի և անմնացորդ նվիրումի համար ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրեց ԵՊՀ ԻՄ ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, քիմիական գիտությունների թեկնածու Գևորգ Սարգսի Սիմոնյանին:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մ. Օթարյանն իր շնորհավորական ուղերձում շրջանավարտներին խորհուրդ տվեց թույլ չտալ, որ մեկ անհաջողությունը դառնա նրանց ամբողջ կյանքի պատմությունը, որ մեկ կորուստը խլի նրանց ապագան. դժվարությունները թո՛ղ ձևավորեն նրանց, բայց երբեք չկոտրեն. «Ձեր կրթությունը ձեզ տվել է մասնագիտություն, բայց կյանքը ձեզանից կպահանջի նաև կամք, բնավորություն, ազնվություն և պատասխանատվություն: Հավատացե՛ք ձեր ուժերին, աշխատե՛ք համառորեն, մի՛ վախեցեք սխալվելուց և երբեք մի՛ դադարեք առաջ շարժվել, որովհետև հաջողությունը միշտ չէ, որ բաժին է հասնում ամենախելացիներին: Շատ հաճախ այն հասնում է նրանց, ովքեր, անկախ ամեն ինչից, չեն դադարում քայլել:
Ես հավատում եմ ձեզ: Հավատում եմ, որ այս մասնաճյուղից դուրս են գալիս մարդիկ, ովքեր ոչ միայն կկառուցեն իրենց հաջողությունը, այլև կփոխեն ուրիշների կյանքը դեպի լավը:
Թո՛ղ ձեր ճանապարհը լինի արժանապատիվ, ձեր ձեռքբերումները՝ մեծ, իսկ ձեր արժեքները՝ անփոփոխ…»:
Պարոն Օթարյանը մասնաճյուղին տրամադրվող մեծ աջակցության համար խորին շնորհակալություն հայտնեց Մայր բուհի ռեկտորին և ամբողջ անձնակազմին, Տավուշի մարզպետարանին՝ պարոն Հ. Ղալումյանի գլխավորությամբ, ԵՊՀ ԻՄ բոլոր աջակիցներին, բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմերի ներկայացուցիչներին, շնորհավորեց և բարի ճանապարհ մաղթեց շրջանավարտներին:
Տավուշի մարզպետ Հ. Ղալումյանն իր խոսքում նշեց. «Սիրելի՛ ուսանողներ, այսօր ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկն է: …Դուք կրթություն ստացաք մի կրթօջախում, որն ունի շատ հարուստ պատմություն և ավանդույթներ: Եվ ես համոզված եմ, որ այն գիտելիքները, որ ձեռք եք բերել այս կրթական օջախում, հետագայում կօգտագործեք ձեր կյանքի բարեկեցությունն ապահովելու և, որ ամենակարևորն է, մեր պետությունը, մեր երկիրը հզորացնելու համար»:
Ապա կայացավ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Բարձր առաջադիմությամբ շրջանավարտներին ԵՊՀ ռեկտորը և ԵՊՀ ԻՄ տնօրենը հանձնեցին գերազանցության դիպլոմները, ֆակուլտետների դեկանները, ըստ մասնագիտությունների, հանձնեցին առկա և հեռակա ուսուցման մյուս շրջանավարտների դիպլոմները: Այս տարի գերազանցության դիպլոմով ավարտեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 44՝ բակալավրիատի 40 և մագիստրատուրայի 4 շրջանավարտներ:
Ավարտական միջոցառումը նախատեսված է շարունակել համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ կունենա «Նեմրա» խումբը՝ ապահովելով մասնակիցների տոնական բարձր տրամադրությունը:

 

Опубликовать материал
©2026 Все права защищены.