2018թ. մայիսի 12-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «1918թ. Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետության արարման գործընթացը» խորագրով հանրապետական գիտաժողովը՝ նվիրված Առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակին:
Գիտաժողովին մասնակցում էին հանրապետության գիտաուսումնական հաստատությունների ավելի քան 50 ներկայացուցիչներ (ոչ միայն դասախոսներ, ուսումնագիտական ոլորտի աշխատակիցներ, այլև ուսանողներ ու շրջանավարտներ):
«1918թ. Մայիսյան հերոսամարտերը և Հայաստանի առաջին հանրապետության արարման գործընթացը» խորագրով գիտաժողովն անցկացվեց չորս բաժանմունքներում.
Նախ տեղի ունեցավ լիագումար նիստ, և բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն, պատմ. գիտ. թեկն., դոցենտ Սամվել Առաքելյանը: Նա ողջունեց բոլոր ներկաներին, գիտաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին, հրավիրվածներին և հատկապես երիտասարդներին՝ համոզմունք արտահայտելով, որ շատ կարճ ժամանակամիջոցում մեր երիտասարդները կունենան այն Հայաստանը, որ մեր բոլորիս համար եղել է երազանք: Պարոն Առաքելյանը խորհրդանշական համարեց այն հանգամանքը, որ Հայաստանի 1-ին Հանրապետության 100-ամյակին նվիրված գիտաժողովը և մյուս միջոցառումները սկսում ենք այս պայմաններում՝ նոր Հայաստանում, նոր մտածողությամբ, նոր գիտակցությամբ և նոր երիտասարդներով: Նա ընդգծեց գիտաժողովի կարևորությունը և նպատակը, հիմնական գծերով ներկայացրեց 1918թ. Մայիսյան հերոսամարտերը և Առաջին հանրապետության արարման գործընթացը՝ ընդգծելով սեփական պայքարով մեր ազատ-անկախ պետությունը կերտելու պատմական ճշմարտությունը.
«Կարծեք թե այնպես է ստացվում, որ ուրիշներին նվեր է տրվում, մեզ, ընդհակառակը, տրված է պայքարով կերտելու մեր ազատությունը, և այս Երկիր մոլորակի վրա՝ մի փոքր անկյունում, մենք ազատ-անկախ ապրելու իրավունքի համար պիտի պայքարենք. սա է մեր՝ հայի ճակատագիրը, և մենք պիտի ընդունենք, որ դա է մերը, և չպիտի բողոքենք այդ ճակատագրից, որովհետև երևի Աստված մեզ շատ է սիրում, այդ իսկ պատճառով մեզ տալիս է նման ճակատագիր և փորձում է տեսնել՝ մենք կարող ենք այդ իրականության մեջ հաջողությունների հասնել և հաղթանակ տանել ... Անհնար է բացատրել Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Էջմիածնի, Շուշիի հաղթանակները: Կարո՞ղ ենք բացատրել, թե ինչպես հայ շինականը եղանով, գերանդիով, քարով, փայտով կարող էր հաղթել թուրքական բանակին, այն էլ՝ լավ զինված բանակին: Դժվար է բացատրել այն ինչ, ոգեղեն է: Այ սա՛ է մեր ժողովրդի ուժը. ես հպարտ եմ, որ մի ժողովրդի զավակ եմ, որը զրոյից պետականություն է ստեղծել, որը նման հաղթանակներ է տարել, մենք պիտի պարծենանք դրանով, և էլ երբեք չասենք, որ այս երկիրը երկիր չէ. այս երկիրը երկիր է (այս վերջերս, փառք Աստծո, ասվում է), հզոր երկիր է, այս երկրում ապրող մարդիկ հրաշք մարդիկ են, հրաշք ժողովուրդ, որը հաղթել է Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Շուշի է ազատագրել: Շնորհավորում ենք բոլորիս՝ նման ժողովրդի զավակ լինելու համար, և յուրաքանչյուրս պարտավոր ենք դողալ այս պետության արժեքների համար, պետք է պայքարենք պահել ամեն մի կաթիլը, որ ձեռք ենք բերել մեր պետականության կերտման ընթացքում, սիրենք մեր պետությունը (հայրենիքը այլ գաղափար է, պետությունը՝ այլ)...»:
Ապա ելույթ ունեցավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը և ներկայացրեց գիտաժողովի կազմկոմիտեի մոտեցման հայեցակետը, այն է՝ գիտաժողովի բուն թեման պետք է առիթ ծառայի, որպեսզի մասնակիցներն արծարծեն այնպիսի խնդիրներ, որոնց միջոցով տվյալ ժողովրդի, նրա ունեցած պետականության, դրա զարգացման գործընթացների, ժողովրդի ապրած ու ապրելիք տարիների, գիտության տարբեր ոլորտների վերաբերյալ ներկայացնեն իրենց տեսակետները, որոնցից լավագույնները կհրատարակվեն: Լիագումար նիստում պարոն Ներսիսյանը նաև հանդես եկավ զեկուցումով՝ նոր լույսի տակ ներկայացնելով Առաջին հանրապետության ձևավորման, զարգացման և անկման պատմությունը, որոշ զուգահեռներ անցկացնելով ՀՀ ներկայիս քաղաքական զարգացումների հետ:
Այնուհետև գիտաժողովի աշխատանքներն ընթացան բաժանմունքներում:
Զեկուցումների թեմատիկան ազատ էր:
«Հայոց պատմություն, տնտեսագիտություն, հասարակագիտություն և արվեստ» բաժանմունքում զեկուցումներով հանդես եկան Արա Ազատյանը, Արփինե Եգանյանը, Ալիխան Բալդրյանը, Շիրակ Գասպարյանը, Լարիդա Ղազումյանը, Ծովինար Կարապետյանը, Տիգրան Ղուշչյանը, Հրանտ Ղարագյոզյանը, Նոննա Բեգնազարյանը, Սոսե Խաչատրյանը, Ասյա Սարգսյանը, Նարա Թադևոսյանը:
«Հայոց լեզու և գրականություն» բաժանմունքում զեկուցումներ կարդացին Վաչագան Ավագյանը, Աիդա Սարհատյանը, Վահան Աղաբաբյանը, Հասմիկ Վանյանը, Զարուհի Յայլայանը:
«Մանկավարժություն և հոգեբանություն» բաժանմունքում զեկուցումներով հանդես եկան Քնարիկ Ասմարյանը և Արևիկ Խուգեյանը, Մարիաննա Ավագյանը, Աննա Սիմոնյանը և Թամարա Նալբանդյանը, Աննա Քամալյանը, Թագուհի Բարսամյանը, Իրինա Պոնոմարենկոն և Գայանե Խաչատրյանը, Վիկտորյա Մելիքսեթյանը, Նելլի Այվազյանը, Սիրանուշ Ղուշչյանը, Գոհար Գասպարյանը, Տաթևիկ Կիրակոսյանը, Իրինա Պոնոմարենկոն, Քնարիկ Ասմարյանը և Մանե Ղազարյանը, Մարիաննա Ամիրաղյանը, Վանուհի Հարությունյանը:
«Անգլերեն լեզու և գրականություն» բաժանմունքում զեկուցումներ ներկայացրին Աստղիկ Չուբարյանը և Աստղիկ Սիմոնյանը, Գայանե Մուրադյանը, Քրիստինե Հարությոինյանը, Նարինե Գասպարյանը, Գոհար Մադոյանը, Զարուհի Անտոնյանը, Անահիտ Գալստյանը, Աննա Կարապետյանը, Մարիամ Խաժակյանը, Աննա Խաչատրյանը, Նուարդա Երնջակյանը, Սոնա Գուլյանը, Նաիրա Գասպարյանը և Արտավազդ Դարբինյանը, Շուշանիկ Գրիգորյանը, Էմմա Թեմրազյանը, Հասմիկ Մխիթարյանը, Հասմիկ Մկրտչյանը, Մարկուհի Ոսկանյանը, Նարինե Եթիմյանը, Նաիրա Մարտիրոսյանը, Զարուհի Վարտանյանը:
Վերջում գիտաժողովի մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:
Գիտաժողովի խմբագրական խորհրդի փորձաքննությունն անցած աշխատանքները կտպագրվեն առանձին ժողովածուով: