2025 թ. հոկտեմբերի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Հոգեբանական, ուսումնախորհրդատվական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը, ԵՊՀ ակադեմիական / ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, բուհի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, հոգեբանական և սոցիալական ոլորտում գործունեություն իրականացնող կառույցների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մհեր Օթարյանը՝ անդրադառնալով կենտրոնի ստեղծման գաղափարին: Տնօրենը նշեց, որ կենտրոնը կոչված է համալրելու համալսարանի գիտակրթական և համայնքային առաքելությունը՝ միաժամանակ արձագանքելով տարածաշրջանում հոգեբանական աջակցության և խորհրդատվական ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկին. «Այս կենտրոնը մեր մարզի համար ոչ միայն մասնագիտական, այլև մարդկային աջակցության կարևոր հարթակ է, որը կնպաստի հանրային իրազեկության մակարդակի, հոգեբանական ինտելեկտի և կյանքի որակի բարձրացմանը»:
Ողջույնի և բացման խոսք ասաց կենտրոնի ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Լաուրա Պետրոսյանը՝ անդրադառնալով կենտրոնի առաքելությանը, նպատակներին և գործունեության հիմնական ուղղություններին: Նա շեշտեց, որ կառույցի գլխավոր նպատակը մարդու ներուժի բացահայտումն է, հոգեբանական առողջության պահպանումն ու կյանքի որակի բարձրացումը։ Կենտրոնը նախատեսում է իրականացնել ինչպես անհատական և խմբային խորհրդատվություններ, այնպես էլ մասնագիտական վերապատրաստումներ։
Այնուհետև ելույթ ունեցան ԵՊՀ պրոռեկտորներ Է. Ասրիյանը և Մ. Հովհաննիսյանը՝ իրենց խոսքում ընդգծելով կենտրոնի կարևորությունը ԵՊՀ տարածաշրջանային զարգացման ռազմավարության մեջ, ինչպես նաև դրա դերը ուսանողների պրակտիկ կարողությունների ձևավորման և գիտահետազոտական գործունեության խթանման գործում։
Կենտրոնի կարևորության, վերջինիս գործունեությանն աջակցելու իրենց պատրաստակամության մասին խոսեցին ԵՊՀ ԻՄ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր, հ.գ.թ. Ռուբեն Աղուզումցյանը և «Հոգեբանություն» կրթական ծրագրի ուսանողները: Պարոն Աղուզումցյանը համոզմունք հայտնեց, որ այս կառույցը կդառնա համագործակցության կամուրջ համալսարանի, համայնքի և մասնագիտական կազմակերպությունների միջև։
Միջոցառման վերջում հյուրերը շրջեցին կենտրոնի տարածքում, ծանոթացան ծառայությունների կառուցվածքին և նյութատեխնիկական պայմաններին, զրուցեցին կենտրոնի մասնագետների և ուսանողների հետ։
ԵՊՀ ԻՄ հոգեբանական, ուսումնախորհրդատվական կենտրոնը տարածաշրջանում միակ մասնագիտացված կառույցն է, որը տրամադրում է գիտահեն և հասանելի հոգեբանական ծառայություններ՝ ուղղված անձի ներուժի բացահայտմանը, ինքնաճանաչմանն ու հոգեբանական առողջ կյանքի խթանմանը։