- Главная
- Հարցազրույց ԵՊՀ ԻՄ ուսանողական խորհրդի նախագահ, «Պատմություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող Դավիթ Ալեքսանյանի հետ
Դավիթը կարծում է, որ յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր դերը պետականաշինության գործում, և մասնագիտական երազանքի իրականացմամբ ուսանողը նույնպես դառնում է այդ գործի ուղիղ մասնակիցը։ «Պատմություն» մասնագիտությունը շատ կարևոր դեր է խաղում երկրի զարգացման գործում։ Պատմությունն օգնում է ոչ միայն վերականգնել անցյալի արժեքները, այլև սահմանել, թե ինչպես պետք է ուղղորդվի երկրի զարգացումը ներկայում ու ապագայում։
-Ինչու՞ պետք է ընտրել ԵՊՀ ԻՄ-ը ուսումնառության համար…
-ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ՀՀ-ում գործող լավագույն բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն է։ Պրոֆեսորադասախոսական անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը և ուսանող-դասախոս հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն են տալիս ուսանողներին ձեռք բերել ավելի ամուր ու կայուն մասնագիտական ունակություններ:
-Մասնագիտական երազանքի իրականացման մասին…
-Յուրաքանչյուրի կյանքում մասնագիտության ընտրությունը կարևորագույն քայլերից մեկն է։ Մասնագիտական երազանքի իրականացումը ոչ միայն անձնական հաջողություն է, այլև ներքին բավարարվածություն ու կյանքի նպատակին մոտեցում։ Յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր դերը պետականաշինության գործում, և մասնագիտական երազանքի իրականացմամբ ուսանողը նույնպես դառնում է այդ գործի ուղիղ մասնակիցը։
-Հիմնարար կրթության կամ կարիերայի առաջին քայլերը ԵՊՀ ԻՄ-ում…
-ԵՊՀ ԻՄ-ը հնարավորություն է տալիս ուսանողներին ձեռք բերել գերազանց մասնագիտական գիտելիքներ և դրանք գործնականորեն կիրառել։ Համալսարանում կազմակերպվող ոչ ֆորմալ հանդիպումները տարբեր մասնագիտություններում մեծ հաջողություններ գրանցած գործիչների հետ հնարավորություն են տալիս ուսանողներին փորձի փոխանակման միջոցով ավելի ամրապնդել գիտելիքները և ձեռք բերել նախնական փորձառություն։
-Ուսանողական չկրկնվող տարիները քո համալսարանում…
-Մարդու կյանքում յուրաքանչյուր փուլ իր ուրույն տեղն է ունենում աշխարհընկալման գործում։ Ուսանողական տարիները լավագույն ժամանակահատվածներից են։ Լինելով ԵՊՀ ԻՄ ուսանողական խորհրդի նախագահը՝ կարող եմ ասել, որ մասնաճյուղում ուսանողական կյանքի եռուզեռը թույլ է տալիս ուսանողներին հաստատվել ոչ միայն մասնագիտական, այլև հասարակական ոլորտում։ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող ժամանցային, ուսուցողական, հայրենիասիրական ծրագրերը հնարավորություն են տալիս ուսանողներին լցնել իրենց կյանքի էջերը ավելի դրական հիշողություններով։
-Քո մասնագիտությունը որպես երկրի զարգացման ուղղություններից մեկը…
-Ես մասնագիտությամբ պատմաբան եմ։ «Պատմություն» մասնագիտությունը շատ կարևոր դեր է խաղում երկրի զարգացման գործում։ Այն մեծ նշանակություն ունի կրթական և գիտական ոլորտներում, հանրային և ազգային ինքնության ձևավորման հարցում։ Պատմությունն օգնում է ոչ միայն վերականգնել անցյալի արժեքները, այլև սահմանել, թե ինչպես պետք է ուղղորդվի երկրի զարգացումը ներկայում ու ապագայում։
-ԵՊՀ ԻՄ-ը ուսանողին տալիս է…
-ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն ուսանողին տալիս է շատ ավելին, քան պարզապես գիտելիքն է։ ԵՊՀ ԻՄ-ն ուսանողների համար ապահովում է անձնական և մասնագիտական զարգացման համար անհրաժեշտ բոլոր միջոցները, որոնք կարևոր են կյանքի ընթացքում։