2025 թ. մարտի 29-ին Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ մասնաճյուղում բացվեց «Ուսանողների դերը ուշխորհրդային Հայաստանի լիբերալ մշակույթում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, որի նպատակն է ուսանողությանը ներկայացնել 1960-80-ական թվականների Խորհրդային Հայաստանի հասարակական կյանքում տեղի ունեցած խորքային փոփոխություններն ու դրանցում երիտասարդների ունեցած դերն ու ազդեցությունը։
Բացման խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ տնօրենի խորհրդական, ֆ․մ․գ․թ., դոցենտ Անուշավան Մակարյանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պ.գ.թ. Աղասի Թադևոսյանը։ Ողջունելով ներկաներին՝ նրանք ընդգծեցին նման միջոցառումների կարևորությունը, նշեցին, որ ուշխորհրդային Հայաստանում ուսանողները մշակութային նորարարությունների և մտավորական կյանքի կարևոր դերակատարներից էին։ Նրանց մասնակցությունը գրական, երաժշտական, թատերական և ընդհատակյա շարժումներում նպաստել է ազատ մտքի և լիբերալ մշակութային ավանդույթների զարգացմանը, որոնք իրենց ազդեցությունն են ունեցել նաև անկախ Հայաստանի մշակույթի ձևավորման վրա։
Ցուցադրությունն արտահայտում է 1960-1980-ական թվականներին խորհրդային ամբողջատիրական համակարգի պայմաններում Հայաստանում սկիզբ առած ազատականացման գործընթացը, դրա դրսևորումներն ուսանողական միջավայրերում և երիտասարության առօրյա կյանքի տարբեր ոլորտներում։ Ներկայացված են ոճականության, ժամանցի, արվեստի, երաժշտության, գրականության և այլ ոլորտներում նոր մոտեցումների ի հայտ գալը, մտածողության, հանրային խոսույթի փոփոխությունները, ինչպես նաև այդ ամենում արևմտյան ազատական շարժումների ազդեցությունները։ Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում հիպպիզմի, ռոք երաժտության, սրճարանային մշակույթի և այլախոհական շարժումների, ինքնահրատի, արգելված գրականության ընթերցանության և ժամանակաշրջանն արտացոլող այլ հետաքրքիր նյութեր։
«Ուսանողների դերը ուշխորհրդային Հայաստանի լիբերալ մշակույթում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կգործի մինչև ս.թ. ապրիլի 16-ը։ Մուտքն ազատ է։