- Главная
- Սմոլենսկի պետական համալսարանի պրոֆեսորները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում
Այցելության նպատակը ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողների համար «Հայկական տեքստը ռուսական գրականության մեջ» թեմայով դասախոսություն իրականացնելն էր:
Նախ տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանի հետ Սմոլենսկի պետական համալսարանի պրոֆեսորների հանդիպումը, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանը, Օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ. Ս. Մինասյանը և նույն ամբիոնի դասախոս Ե. Շուվաևան: Հանդիպման ընթացքում քննարկվեցին պրոֆեսորների այցի նպատակին և խնդիրներին, երկու բուհերի համագործակցությանը վերաբերող հարցեր, ապա պարոն Օթարյանը պրոֆեսորներ Ի. Ռոմանովային և Լ. Պավլովային հանձնեց շնորհակալագրեր՝ արդյունավետ փոխգործակցության և մասնավորապես Սմոլենսկի համալսարանի և ԵՊՀ ԻՄ ներկայացուցիչների ակտիվ մասնակցությամբ իրականացված միջազգային համաժողովի կազմակերպման համար:
Այնուհետև Սմոլենսկի պետական համալսարանի պրոֆեսորները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներին ներկայացրին «Հայկական տեքստը ռուսական պոեզիայում. ուսումնասիրության արդյունքները և հեռանկարները» խորագրով իրենց հետազոտության արդյունքները:
Իրինա Ռոմանովայի խոսքով՝ նախագծի հիմնական նպատակն էր ստեղծել առցանց ռեսուրս, որը հասանելի կլինի ինչպես մասնագետների՝ բանասերների, մշակութաբանների, այնպես էլ լայն լսարանի համար։
«Մենք փորձեցինք մեկ կայքում ներառել հնարավորինս շատ տեղեկատվություն՝ և՛ հանրամատչելի, և՛ նեղ մասնագիտական՝ գիտական։ Այդպես ստեղծվեց մեր կայքը, որն ինքնատիպ է իր էությամբ և նմանը չունի։ Այն էլեկտրոնային ձևով ներկայացնում է Հայաստանին նվիրված բոլոր բանաստեղծությունները՝ հեղինակների, գրության ամսաթվերի, հրապարակման վայրերի և ժամանակի նշումով։ Կայքն ունի որոնողական համակարգ, ինչպես նաև ներառում է բառարաններ և ցուցիչներ, որոնք թույլ են տալիս վերլուծել աշխարհի լեզվական պատկերը, այն, թե ինչպես է Հայաստանն արտացոլվում լեզվի մեջ», - նշեց Ռոմանովան։
Լարիսա Պավլովան առանձնացրեց հետևյալ հարցադրումը. «Ո՞ւմ և ինչի՞ն է ուղղված ռուս մարդու գիտակցությունը, երբ նա գրում է Հայաստանի մասին»։ Հայաստանի կերպարը ռուս գրականության մեջ՝ թե՛ դասական, թե՛ ժամանակակից, ուսումնասիրվել է ընկալման պրիզմայով՝ համի, գույնի և զգայական համաբանությունների միջոցով։ Հատուկ ուշադրություն է դարձվել 1915 թ․ Հայոց ցեղասպանության ողբերգությանն արձագանքող պոեզիային, երբ ռուս գրողները խորապես և զգայականորեն փոխանցել են հայ ժողովրդի ցավը։ Հետազոտությունը պայմանականորեն կոչվում է «Հայկական աշխարհի պոետիկական հանրագիտարան»։
«Քանի որ մեր վերլուծության կենտրոնում բառապաշարն է, մենք հանգեցինք այն մտքին, որ ուշադրության գլխավոր առարկան աշխարհի լեզվական պատկերն է։ Մենք սկսեցինք բառերի վերլուծությունից և դրանք մեկնաբանեցինք գրականագիտության, պատմության, մշակութաբանության և այլ գիտաճյուղերի համատեքստում։ Այդպես կազմվեց բառարանների համակարգ, որն ուղեկցում և մեկնաբանում է մեր եզրահանգումները», - հավելեց Իրինա Ռոմանովան։
Պրոֆեսորները բարձր գնահատեցին ԵՊՀ ԻՄ «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողների գիտական հետաքրքրությունը, ովքեր մասնակցել են ս․թ․ մայիսի 14-16-ը Սմոլենսկի պետական համալսարանի կողմից կազմակերպած միջազգային համաժողովին՝ «Գրականության ուսումնասիրության արդի ուղիները» խորագրով: Երրորդ կուրսի ուսանողները պարգևատրվել են դիպլոմներով, իսկ դասախոս Ե. Շուվաևան՝ շնորհակալագրով՝ ելույթները պատրաստելիս ուսանողներին աջակցելու համար։ Լավագույն աշխատանքները կտպագրվեն Սմոլենսկի համալսարանի գիտական ամսագրում։
Հավելենք, որ միջոցառմանն ակտիվ մասնակցություն ունեցան Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ն. Գրիգորյանը, ԵՊՀ ԻՄ օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ. Ս. Մինասյանը, նույն ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Մ. Զուրաբյանը և դասախոս Ե. Շուվաևան: