- Главная
- ԵՊՀ ԻՄ տնօրենության նիստ
Նիստում քննարկվեցին օրակարգային 6 և ընթացիկ այլ հարցեր։
2025-2026 ուստարվա 1-ին կիսամյակի 1-ին ընթացիկ քննությունների վերաբերյալ զեկույցով հանդես եկան Ուսումնամեթոդական վարչության պետ Ա․ Դավթյանն ու ֆակուլտետների դեկանները։ Մասնավորապես նշվեց, որ ս․թ․ հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 1-ը Մասնաճյուղում ընթացել են 223 ընթացիկ քննություններ։ Ա. Դավթյանը հավելեց, որ հաստատված գրաֆիկի խախտումներ չեն գրանցվել։ Նոյեմբերի 8-ին «Registrar» համակարգում գրանցումներն ավարտվելուց հետո կներկայացվի նաև 1-ին ընթացիկ քննությունների ամփոփումը։
Տարբեր տարակարգերի աշխատողների համար աշխատանքի նկարագրերի պարբերաբար վերանայման հարցի մասին զեկուցեց իրավախորհրդատու Գ․ Բաբլումյանը։ Նա նշեց, որ կազմվել են 10 պաշտոնների անձնագրերի նախագծեր, որոնք հիմնականում կապված են եղել Մասնաճյուղի կառուցվածքային փոփոխությունների հետ։ Պաշտոնների անձնագրերի նախագծերը նախապես ուղարկվել են տնօրենության անդամներին և ստորաբաժանումների ղեկավարներին՝ ծանոթանալու և դիտարկումներ անելու նպատակով։
1 շաբաթվա ընթացքում բաժինների վարիչների կողմից դիտարկումները և առաջարկությունները կատարելուց հետո կներկայացվեն հաստատման։
Մասնաճյուղում 2025-2026 ուտարվա 1-ին կիսամյակում պրակտիկաների կազմակերպման ընթացքի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Լ․ Բեգինյանը։ Նշվեց, որ առկա և հեռակա բակալավրի և մագիստրատուրայի աշխատանքային ուսումնական պլաններով այս կիսամյակ նախատեսված է 10 պրակտիկա (5-ը՝ առկա ուսուցման համակարգում, 5-ը՝ հեռակա)։ Առկա ուսուցման համակարգի 5 պրակտիկաներից 3-ը մանկավարժական է, 1-ը՝ մասնագիտական, 1-ը՝ ուսումնական: Հեռակա ուսուցման համակարգի 5 պրակտիկաներից 3-ը մանկավարժական է, 3-ը՝ մասնագիտական (1-ը բակալավրի, 2 մագիստրատուրայի):
Առկա ուսուցման ավարտական աշխատանքների թեմաների հաստատման ընթացքի մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները։ Մասնավորապես նշվեց, որ Մասնաճյուղում 2025-26 ուստարվա համար 11 մասնագիտությունների 12 կրթական ծրագրերով, «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգի համաձայն՝ ֆակուլտետների գիտական խորհուրդների նիստերով հաստատվել և Ուսումնամեթոդական վարչություն է ներկայացվել ավարտական աշխատանքների թեմանները։ Հաստատվելուց առաջ դրանք քննարկվել են մասնագիտական ամբիոններում, կատարվել են անհրաժեշտ շտկումներ, ստուգվել է թեմաների համապատասխանությունը կրթական ծրագրերի վերջնարդյունքներին։ Այս հարցի կապակցությամբ տնօրեն Մ․ Օթարյանն ընդգծեց ամբիոններում առկա մատյանների պատշաճ լրացման կարևորությունը՝ ղեկավարների և ուսանողների կողմից։ Որոշեցին հանձնարարել ֆակուլտետների դեկաններին և ամբիոնների վարիչներին լինել հետևողական ավարտական աշխատանքների կատարման ընթացքին և պահպանել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգը։
Հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի 2025-2026 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ուսումնական պարապումքների ընթացքի մասին զեկուցեցին Ա․ Դավթյանն ու դեկանները։ Մասնավորապես նշվեց, որ նոյեմբերի 4-ից հաստատված դասացուցակով ընթանում են բակալավրատի և մագիստրատուրայի դասերը, իսկ նոյեմբերի 11-ից սկսվելու են բակալավրիատի 1-ին կուրսի դասերը։
3-րդ կուրսերի՝ 2024-25 ուստարվա 1-ին և 2-րդ կիսամյակների հետազոտական աշխատանքների իրականացումից և գնահատումից ուսանողների բավարարվածության հարցման արդյունքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացրեց Ա․ Մակարյանը։ Ա․ Մակարյանը նշեց, որ ելնելով Մասնաճյուղի ռազմավարական նպատակներից՝ Կրթական բարեփոխումների և որակի ապահովման բաժինն իրականացրել է 2024-2025 ուստարում մասնաճյուղի 4 ֆակուլտետների 124 մասնագիտական դասընթացների շրջանակներում 3-րդ կուրսերի (1-ին և 2-րդ կիսամյակներ) ուսանողների հետազոտական աշխատանքների կազմակերպման վերլուծություն: 163 ուսանողներից հարցմանը մասնակցել է 122-ը (75%): Ամփոփելով հետազոտության արդյունքների վերլուծությունը` համեմատաբար առաջընթաց գրանցվել է նոր գիտելիքների և գործնական կարողությունների ձեռքբերման և ինքնուրույն աշխատելու ցուցանիշների մասով։ Համեմատելով ընթացիկ և նախորդ ուսումնական տարվա արդյունքները՝ կարելի է փաստել, որ ուսանողների կողմից հետազոտական աշխատանքի ինքնագնահատման բոլոր հիմնական բաղադրիչների մասով նկատվել է դրական առաջընթաց։
Ընթացիկ հարցերի վերաբերյալ ՈՒԳԿՎ բաժնի վարիչ Ն․ Առուշանյանը նշեց, որ 2025-26 ուստարվա 1-ին կիսմայակի հեռակա ուսուցման համակարգում վերականգնվելու համար ԵՊՀ ԻՄ է դիմել հեռակա ուսուցման 14 ուսանող։ Ուսումնամեթոդական վարչության կողմից ստուգվել են ուսանողների ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգին (17.12.2018, N 1676 -Ն), և դրանք բավարարում են վերոնշյալ կարգի III մասի կետերին։ Որոշվեց 14 ուսանողների թույլատրել վերականգնվել համապատասխան կուրսերի համապատասխան կիսամյակներում։
Մասնաճյուղից ուսանողի հեռացմանը վերաբերող հարցի կապակցությամբ նշվեց, որ ԵՊՀ ԻՄ ներքին կարգապահական կանոնները խախտելու, մասնավորապես՝ բացակայությունների թույլատրելի սահմանը հատելու պատճառով ԵՊՀ ԻՄ-ից հեռացման ենթակա է Տնտեսագիտության ֆակուլտետի 1-ին կուրսի առկա ուսուցման 1 ուսանող: Որոշվեց ներկայացված ուսանողին հեռացնել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից։
Նիստի վերջում Մ․ Օթարյանն անդրադարձավ Մասնաճյուղի մի քանի կազմակերպչական հարցերի։