- Главная
- Մեր ուսանողը մասնակցեց միջազգային սեմինարի՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտի պատմական հիշողության պահպանմանը
ՀՀ-ից սեմինարին մասնակցեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Ասպրամ Հովհաննիսյանը, ով ներկայացրեց իր դիտարկումները պատմական հիշողության պահպանման, ինչպես նաև երիտասարդների միջմշակութային համագործակցության ամրապնդման վերաբերյալ:
Սեմինարը 2025-2026 թթ. Միջոցառումների պլանի բաղկացուցիչ մասն էր՝ ուղղված 2021-2030 թթ. ԽՍՀՄ երկրների միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության իրականացմանը։
Այն նպատակ ուներ զարգացնելու համագործակցությունը երիտասարդ առաջնորդների միջև, բարձրացնելու տեղեկացվածությունը Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմների վերաբերյալ, ինչպես նաև հակազդելու պատմության կեղծման և խեղաթյուրման մոտեցումների տարածմանը։
Միջոցառման ընթացքում մասնակիցները քննարկեցին պատմական հիշողության պահպանման մարտահրավերները, իրականացրին փորձի փոխանակում, ներկայացրին ազգային նախագծեր և մշակեցին նոր նախաձեռնություններ՝ ուղղված պատմական ճշմարտության պահպանմանը և պաշտպանությանն ԽՍՀՄ ամբողջ տարածքում։
Մասնակիցների համար «Հայրենական մեծ պատերազմի պատմության կեղծարարության հիմնական ուղղությունները հետխորհրդային տարածքում և դրանց հակազդումը» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Յա. Ի. Լիստովը, ով Անկախ պատմական ընկերության նախագահն է և ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի համապատասխան փորձագիտական խորհուրդների անդամ։
Միջազգային սեմինարի շրջանակներում մասնակիցները նաև հանդիպում ունեցան Հաղթանակի թանգարանի ակադեմիայի ղեկավար Եկատերինա Պատրիայի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին թանգարանի կրթական ծրագրերը, գիտական և երիտասարդական նախաձեռնությունները։
Տրվեցին պատմական հիշողության պահպանմանը և հայրենասիրական դաստիարակությանը վերաբերող մի շարք ներկայացումներ («Ռոսպատրիոցենտր»-ի գործունեության և ծրագրերի, «Հաղթանակի կամավորներ» համառուսական շարժման ծրագրերի և աշխատանքների, ՌԴ նախագահի ենթակայությամբ գործող Պատմական հիշողության ազգային կենտրոնի գործունեության մասին)։
Ծրագրի շրջանակներում նաև կազմակերպվեցին էքսկուրսիաներ մոսկովյան մի շարք թանգարաններ և պատմամշակութային հուշարձաններ (այցելություններ Հաղթանակի թանգարան, «Ճանապարհ դեպի հաղթանակ» և «Ժողովրդի սխրանքը» ցուցադրություններ, «Հայրենասեր» կենտրոնական այգի, «Հիշատակի ճանապարհ» թանգարանային համալիր և ՌԴ Զինված ուժերի գլխավոր տաճար):
ԵՊՀ ԻՄ ուսանողուհի Ասպրամ Հովհաննիսյանը, մասնակցելով «Երկրորդ համաշխարհային պատերազմի հիշողությունը և դասերը» խորագրով միջազգային սեմինարին, Հայաստանի երիտասարդության ձայնը լսելի դարձրեց միջազգային հարթակում, նպաստեց երկկողմ համագործակցության ամրապնդմանը և զարգացրեց միջմշակութային հաղորդակցման իր կարողություններն ու հմտությունները: