- Главная
- Մեր ուսանողուհին միջազգային ուսումնագիտական մրցույթում արժանացել է 1-ին կարգի դիպլոմի
Մրցույթին ԵՊՀ ԻՄ ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ, ք.գ.թ. Գևորգ Սիմոնյանի գիտական ղեկավարությամբ մասնակցել է Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Գեղամի Գուլակյանը:
Մեր ուսանողուհու ներկայացրած «Երկու հավանական այլընտրանքներից մեկի պատահական ընտրության մասին» աշխատանքը «Ֆիզիկա-մաթեմատիկական գիտություններ» անվանակարգում արժանացել է առաջին կարգի դիպլոմի:
Գիտական աշխատանքի ներկայացմանն աջակցելու համար «Նոր գիտություն» «Գիտական գործընկերության միջազգային կենտրոնի ղեկավարության կողմից շնորհակալագրի է արժանացել նաև ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը:
Ս.թ. հունվարի 10-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ. Օթարյանը, Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Ռ. Յոլչյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Գ. Սիմոնյանը և 3-րդ կուրսի ուսանողուհի Ա. Գուլակյանը:
Պարոն Օթարյանը, շնորհավորելով Ա. Գուլակյանին մրցանակակիր դառնալու առթիվ, նշեց, որ մրցանակն արժևորվում է նաև նրանով, որ տրվել է «Ֆիզիկա-մաթեմատիկական գիտություններ» անվանակարգում, և այս հաջողությունը լավագույն օրինակ է ուսանողական գիտական աշխատանքների կազմակերպման շրջանակում գիտական ղեկավարի և ուսանողի տևական ու արդյունավետ համագործակցության:
Հավելենք, որ 2025 թվականին Ռուսաստանի Դաշնության «Ուսանողական տեղեկագիր» գիտական հանդեսում Գ. Սիմոնյանի ղեկավարությամբ լույս է տեսել նաև Ա. Գուլակյանի «Զարմանալի իրավիճակ ոչ անցումային զույգերով» հոդվածը:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մեր ուսանողուհուն՝ մաղթելով նրան մասնագիտական և անձնական նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ: