2026 թ. մարտի 6-ին ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցավ ս.թ. փետրվարին «Դպրոց-բուհ․ միասին դեպի ապագայի մասնագիտություն» միջազգային գիտագործնական համաժողովին ու մրցույթին մասնակցած և դիպլոմների արժանացած «Ռուսաց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ուսանողների պարգևատրման արարողությունը:

Համաժողովը «Միասին դեպի ապագայի մասնագիտություն» դպրոցականների և ուսանողների կրթական նախագծերի միջազգային մրցույթի եզրափակիչ փուլն էր, որն ամեն տարի անցկացվում է Ռուսաստանում և նպատակ ունի ամրապնդելու միջազգային կապերը, բարձրացնելու նախաբուհական կրթության որակը և նպաստելու դպրոցականների մասնագիտական ինքնորոշմանը:

ԵՊՀ ԻՄ ուսանողները «Ուսանողների և դպրոցականների համատեղ նախագծային ուսուցում» մրցույթում արժանացել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների՝ Տավուշի մարզի դպրոցներում իրականացված մասնագիտական պրակտիկայի մասին տեսաֆիլմերի ներկայացման համար (Իջևանի թիվ 1 դպրոց, Ազատամուտ գյուղի դպրոց և Դիլիջանի թիվ 1 ավագ դպրոց):

Օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր Սվետլանա Միխայիլի Մինասյանի գիտական ղեկավարությամբ 3-րդ կուրսի ուսանողները՝ Սեդա Ամիրջանյանը, Էրիկա Մխիթարյանը, Իզաբելլա Սահակյանը, Հասմիկ  Քոքոբելյանը, Հայկուհի Քոքոբելյանը, Ասպրամ Հովհաննիսյանը և Ռոզա Ադամյանը արժանապատվորեն ներկայացրել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը միջազգային գիտագործնական համաժողովում և իրենց աշխատանքները ներկայացրել մրցույթին:

Մրցույթի արդյունքների համաձայն՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների կրթական նախագծերը բարձր են գնահատվել փորձագիտական ժյուրիի կողմից և արժանացել տարբեր կարգերի դիպլոմների:

«Միասին դեպի ապագայի մասնագիտություն» դպրոցականների և ուսանողների ներկայացրած կրթական նախագծերն էին՝

  • Սեդա Ամիրջանյանի, Էրիկա Մխիթարյանի, Իզաբելլա Սահակյանի «Դպրոցի լույսը Իջևանի սրտում» նախագիծը, որն արժանացել է 1-ին կարգի դիպլոմի:

  • Հայկուհի Քոքոբելյանի և Հասմիկ Քոքոբելյանի «Ազատամուտ» նախագիծը, որը ստացել է 2-րդ կարգի դիպլոմ:

  • Ռոզա Ադամյանի և Ասպրամ Հովհաննիսյանի «Ամեն ինչ սկսվում է դպրոցից» նախագիծը, որն արժանացել է 3-րդ կարգի դիպլոմի:

Դիպլոմով պարգևատրվել է նաև գիտական ղեկավար Սվետլանա Միխայիլի Մինասյանը՝ բարձր պրոֆեսիոնալիզմի, մանկավարժական վարպետության և մրցույթի շրջանակում դպրոցականներին և ուսանողներին գերազանց նախապատրաստելու համար:

Մասնակցությունը թե՛ մրցույթին, թե՛ միջազգային գիտագործնական համաժողովին, որը կազմակերպվել էր Ուրալի դաշնային համալսարանի Ուրալի հումանիտար համալսարանի Օտար լեզուների և թարգմանության ամբիոնի կողմից, նպաստել է ուսանողների գիտական և մասնագիտական կարողությունների ընդլայնմանը, նրանց հետազոտական ակտիվության զարգացմանը, ինչպես նաև միջազգային ակադեմիական համագործակցության ամրապնդմանը:

 

Опубликовать материал
©2026 Все права защищены.