2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակում, ըստ աշխատանքային ուսումնական պլանների, ընթանում են «Զբոսաշրջություն» և «Պատմություն» կրթական ծրագրերի 2-րդ կուրսերի ուսանողների ուսումնական պրակտիկաները:

  Ուսումնական պրակտիկաների ընթացքում անցկացվել են ակնարկային դասախոսություններ և մինչև մեկ օր տևողությամբ այցեր՝ երթուղիների տեսքով: Տվյալ երթուղին իրականացնելուց առաջ ուսանողներին հանձնարարվել է հավաքագրել տեղեկատվություն երթուղում ընդգրկված օբյեկտների մասին, կատարել դրանց դասակարգում, համադրում, զբոսաշրջային փաթեթներում դրանց ընդգրկվածության գնահատում և ներկայացում:

 «Զբոսաշրջություն» կրթական ծրագրի առկա և հեռակա ուսուցման 2-րդ կուրսում նախատեսված ուսումնական պրակտիկայի շրջանակներում կատարվել  են այցելություններ դեպի ՀՀ  Տավուշի  մարզի և  Հայաստանի   զբոսաշրջային  տարբեր  դեստինացիաներ  (մարզային  և  մայրաքաղաքային  պատմամշակութային օբյեկտներ`  եկեղեցիներվանքեր,  թանգարաններ,  բնական  հուշարձաններ,  զբոսաշրջային  ինդուստրիան  սպասարկող  կազմակերպություններ,  տարածական  օբյեկտներ):

 Իջևանի տարածաշրջանի զբոսաշրջային ռեսուրսների և ենթակառուցվածքների ուսումնասիրման նպատակով իրականացվել է հետևյալ երթուղին՝ Ակնաղբյուր (Վարդան Մամիկոնյանի ծառ-բնական հուշարձան) – «Աստղի բլուր» – «Լաստիվեր ռեզորթ» – «Կանաչ տուն» – «Ապագա տուր» – «Գետահովիտ ռեզորթ: Իջևան քաղաքի զբոսաշրջային ներուժի ուսումնասիրությունը կատարվել է քաղաքային տուրի միջոցով, որն ընդգրկել է Իջևանի Երկրագիտական և Գինու գործարանի թանգարանները, Դենդրոպարկը, Քանդակների այգին և քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքները:

 Հանրապետության զբոսաշրջային կարևոր կենտրոնների ուսումնասիրման նպատակով ուղևորություն է կատարվել դեպի Կոտայքի մարզ և Երևան: Երթուղում ընդգրկվել են Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Գառնի տաճարը, Ազատ գետի կիրճի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանը, Հայաստանի Ազգային պատկերասրահը, Երվանդ Քոչարի տուն-թանգարանը, Կասկադ համալիրի սրահները:

 «Պատմություն»  կրթական ծրագրի առկա ուսուցման 2-րդ  կուրսում  նախատեսված  ուսումնական  պրակտիկայի  շրջանակներում  իրականացվել  է այց ՀՀ Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում գտնվող սուրբ Առաքելոց վանական համալիր:

  ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը Զալցբուրգի համալսարանի քրիստոնյա Արևելքի  հետազոտությունների կենտրոնի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի՝ մասնավորապես «Առաքելոց վանք և բնակավայր» նախագծի հեղինակ և նախաձեռնող Յ. Դում-Թրագուտի նախաձեռնությամբ պեղումներ է իրականացնում համալիրի տարածքում: Ուսանողների այցը Առաքելոց եկեղեցական համալիր համընկավ պեղումների իրականացման ժամանակահատվածի հետ: Այցի ընթացքում ուսանողները ծանոթացան համալիրի տարածքին, եկեղեցու պատմությանը, ճարտարապետական յուրահատկություններին: Ընդգծվեց, որ պեղումների ժամանակ պարզ է դարձել, որ համալիրի տարածքում եղել է բնակավայր: Ուսանողներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին խմբի անդամներին, շրջայց կատարեցին համալիրի տարածքում, իսկ հետդարձին եղան նաև տարածքում գտնվող իջևանատանը:

 Ուսումնական պրակտիկաների շրջանակներում իրականացված այցերն ուսանողներին հնարավորություն տվեցին ընդլայնելու և ամրապնդելու նրանց տեսական գիտելիքները ՀՀ պատմամշակութային վայրերի, զբոսաշրջային կարևոր կենտրոնների վերաբերյալ, նպաստեցին նրանց գործնական հմտությունների զարգացմանը:

Опубликовать материал
©2026 Все права защищены.