- Главная
- ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը հյուրընկալել է Erasmus+ KA171 ծրագրի համակարգողին
Այցի ընթացքում նա ծանոթացավ մասնաճյուղի գործունեությանը, ուսումնական ծրագրերին և գիտական նախագծերին: Կայացավ պաշտոնական հանդիպում ԵՊՀ ԻՄ տնօրենի խորհրդական Ա. Մակարյանի և ծրագրի համակարգող, Օտար լեզուների ամբիոնի պրոֆեսոր, մ.գ.թ. Ս. Մինասյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Erasmus+ KA171 ծրագրի շարունակության հեռանկարները և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ու Պրեշովի համալսարանի միջև միջազգային համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Պարոն Մակարյանն իր խոսքում ընդգծեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի համար չափազանց կարևոր է միջազգային կապերի ամրապնդումը: Erasmus+-ը ուսանողների և դասախոսների համար բացում է նոր հնարավորություններ՝ նրանց թույլ տալով իրականացնելու գիտելիքների և փորձի փոխանակում: Գաբրիելա Տուրիսովան նշեց, որ տպավորված է ուսանողների պատրաստվածության մակարդակով և համալսարանի գիտական գործունեությամբ: Նա համոզմունք հայտնեց, որ երկկողմ համագործակցությունը կնպաստի ակադեմիական շարժունության զարգացմանը և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը: Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց դասախոսների և ուսանողների միջև ակադեմիական փոխանակումների կարևորությանը:
Այցի շրջանակներում կայացան հանդիպումներ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ն. Գրիգորյանի, ԵՊՀ ԻՄ գիտական քարտուղար Մ. Աթոյանի, Կրթական բարեփոխումների և որակի ապահովման բաժնի աշխատակիցների հետ: Կողմերն իրար փոխանցեցին գիտական նյութեր, ամսագրեր և միջազգային ուսանողական համաժողովի ժողովածուներ:
Erasmus+ ծրագրի համակարգող Գ. Տուրիսովան հանդիպեց նաև դասախոսների, ուսանողների և ամբիոնների աշխատակիցների հետ: Նա հանդես եկավ «Լեզվամշակութային մոտեցումներ ռուսերենի՝ որպես օտար լեզվի ուսումնասիրությանը» թեմայով դասախոսությամբ, որին մասնակցեցին «Ռուսերեն և գրականություն» կրթական ծրագրի առաջինից երրորդ կուրսերի ուսանողները և Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ Ս. Մինասյանը, Մ. Զուրաբյանը, Ա. Այդինյանը և Ե. Շուվաևան:
Այցի վերջում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն արտասահմանցի հյուրի համար կազմակերպեց այց-էքսկուրսիա Տավուշի մարզի պատմամշակութային հուշարձաններ և տեսարժան վայրեր՝ Գոշավանք և Հաղարծին վանական համալիրներ, Դիլիջան և Պարզ լիճ:
Տիկին Տուրիսովան հեռացավ Հայաստանի և ԵՊՀ իջևանի մասնաճյուղի վերաբերյալ ամենադրական տպավորություններով, ինչը նոր հորիզոններ կբացի հետագա համագործակցության համար: