2015թ. մայիսի 20-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետում զեկուցումներ կարդացին «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներից կազմված 2 խումբ և «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության 1-ին կուրսի երկու ուսանողներ:
Ներկա էին ֆակուլտետի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:
Զեկուցումները պատրաստելիս ուսանողներին կազմակերպչական հարցերում օժանդակել է ֆակուլտետի ՈՒԳԸ-ն, բովանդակային խնդիրներում նրանց աջակցել են Բնական գիտությունների ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դասախոսներ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Ա.Հովակիմյանը, Ք.Օթարյանը, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Ս.Թովմասյանը, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Պ.Ասիլբեկյանը:
«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները զեկուցումը կազմակերպել էին բանավեճի սկզբունքով` այն ներկայացնելով 2 փուլով:
Առաջին խումբը (Արմեն Շամամյան, Անահիտ Հովսեփյան և Էրինե Ղարայան), զեկուցում կարդաց “Android” թեմայով:
Երկրորդ խումբը (Սուրեն Չոբանյան, Մարիանա Օհանյան և Նազելի Խաչատրյան) զեկուցում կարդաց “Apple” թեմայով:
Խմբերից յուրաքանչյուրը ներկայացրեց իր ընտրած թեմայի զարգացման պատմությունը, առանձնահատկությունները և ծրագրային իրականացումը:
«Քարտեզներ: Քարտեզների կիրառությունը» թեմայով զեկուցում կարդաց Հակոբ Դավթյանը` հետաքրքիր կերպով ներկայացնելով Հայաստանի և աշխարհի 6 մայրցամաքների քարտեզները:
«Ժամանակակից գեոինֆորմացիոն սարքավորումներ» թեմայով զեկուցում կարդաց Նառա Մնացականյանը` ներկայացնելով ու ցուցադրելով քարտեզագրության ոլորտում հեղաշրջում իրականացրած մի քանի գործիքների՝ էլեկտրոնային տախոմետրերի, էլեկտրոնային նիվելիրների, GPS-ների անօդաչու թռչող սարքերի աշխատանքի բնույթն ու կառուցվածքը:
Զեկուցման վերջում եզրափակիչ ելույթով հանդես եկավ Ս.Թովմասյանը՝ ներկաներին նկարագրելով GPS սարքավորումների և անօդաչու թռչող սարքերի աշխատանքի ընդհանուր կարգը: