Иджеванский филиал Ереванского государственного университета

МИССИЯ, ЦЕЛИ

 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գործունեության ռազմավարական պլանավորումը գործընթաց է` նախանշելու, թե ինչ է ցանկանում անել բուհը իր առաքելությունը և հիմնական նպատակները հեռանկարում արդյունավետ կերպով իրականացնելու համար: Ապագա միջավայրը առավել նպաստավոր և կանխատեսելի դարձնելու նպատակով մասնաճյուղը մշակել է իր ռազմավարությունը` նպատակների, խնդիրների և առանձին գործողությունների ամբողջությունը, որը պետք է ապահովի նրա առաջընթացը նախանշված ուղղություններով:

2011-15թթ. ԵՊՀ ԻՄ ռազմավարական զարգացման ծրագիրն ընդունվել է Գիտական խորհրդի 26.12.2010թ. նիստում և հավանության արժանացել ԵՊՀ Գիտական խորհրդի կողմից: Ռազմավարական ծրագրի անբաժանելի մասն է կազմում նրա իրականացման ժամանակացույց-պլանը` գործողությունների, պատասխանատուների և համապատասխան ռեսուրսների կազմով: Ծրագիրը ենթակա է մշտադիտարկման ու առաջընթացի պարբերական գնահատման և կարող է վերանայվել նոր իրողություններին համապատասխան: Ռազմավարական ծրագիրը գնահատվում է ամեն տարվա վերջում` հենվելով ԵՊՀ ԻՄ տարեկան հաշվետվության, գնահատման առանցքային ցուցանիշների (ԳԱՑ) և այլ վերլուծությունների վրա` ձեռքբերումները ամրագրելու, թերացումները վեր հանելու և բարեփոխումները պլանավորելու նպատակով: Ռազմավարական ծրագրում փոփոխությունները կատարվում են մասնաճյուղի Գիտական խորհրդի որոշմամբ: Մասնաճյուղի զարգացման ռազմավարական ծրագրի ելակետը, որպես գլխավոր փաստաթուղթ, Երևանի պետական համալսարանի` 2010-2014 թվականների զարգացման ռազմավարական ծրագիրն է, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի զարգացման 2011 թվականի ծրագիրը:

ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը կրթական և գիտամշակութային հաստատություն է, որի հիմնական առաքելությունը գիտելիքի ստեղծումը, փոխանցումը և տարածումն է կրթության զարգացման պետական ռազմավարության շրջանակներում: Մասնաճյուղը խթանում է իր ուսանողների և դասախոսների մտավոր և անձնային որակների զարգացումը և նպաստում հանրապետության հյուսիս-արևելյան տարածաշրջանի տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի զարգացմանը: Մասնաճյուղի գործունեության գերակա նպատակներից է հայագիտության, հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և բնական գիտությունների ու մշակույթի զարգացումը տարածաշրջանում: Որպես իր առաքելության կարևորագույն մաս` մասնաճյուղը միտված է դառնալու ուսանողակենտրոն միջավայր, ստեղծել պայմաններ այնպիսի որակյալ կրթական ծառայությունների մատուցման համար, որ բավարարվեն շահակիցների ներկա և հեռանկարային պահանջմունքները.

  • անձի` դառնալ մրցունակ մասնագետ հարափոփոխ աշխատուժի շուկայում,
  • գործատուի` ստանալ բարձր որակավորում ունեցող և համալիր կոմպետենցիաների տիրապետող մասնագետ, ով կարող է լուծել մասնագիտական խնդիրներ ինչպես առօրյա, այնպես էլ ոչ սովորական իրավիճակներում,
  • պետության` ստանալ մասնագիտական և մանկավարժական կադրեր` ուղղորդված մասնագիտական ոլորտում գործունեության և հարատև կրթության ռազմավարությանը,
  • հասարակության` ունենալ սոցիալապես և մասնագիտորեն պատասխանատու անհատականություններ` միտված քաղաքակրթության ներկա պայմաններում քաղաքացիական հասարակության արժեքների պահպանմանը և հարստացմանը,
  • մասնաճյուղի աշխատակազմի` ստանալ բարոյական եւ նյութական բավարարվածություն սեփական աշխատանքի արդյունքներից:

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐ

I . Բարձրորակ կրթություն

Պահպանել կրթական բարձր չափանիշներ և հնարավորություն տալ սովորողներին` լիարժեք կերպով իրացնելու իրենց ներուժը` տրամադրելով ժամանակակից պահանջները բավարարող ճկուն ուսումնական ծրագրեր:

Խնդիր Iա/ Իրականացնել կրթական ծրարերի կառուցվածքային և բովանդակային վերափոխում` արդի ծրագրային չափանիշներին և աշխատաշուկայի պահանջարկին համահունչ: Խնդիր Iբ/ Ներդնել որակի ներքին հավաստման համակարգ` հավատարմագրման պետական չափորոշիչներին համապատասխան: Խնդիր Iգ/ Ապահովել կրեդիտային համակարգի ընդլայնված կիրառությունը մասնաճյուղի բոլոր կրթական ծրագրերում և ուսուցման ձևերում: Խնդիր Iդ/ Ստեղծել նպաստավոր պայմաններ և խթանող մեխանիզմներ` ուսումնառության, դասավանդման և գնահատման գործընթացների էական բարելավման համար: Խնդիր Iե/ Ապահովել տեղեկատվական տեխնոլոգիաների ընդլայնված և արդյունավետ օգտագործումը մասնաճյուղի ուսումնական գործընթացներում:

II. Գիտական հետազոտություններ և նորարարություն

Մեծացնել մասնաճյուղի գիտական ներուժի ներդրումը տարածաշրջանի տնտեսական զարգացման և հասարակության բարեկեցության բարձրացման գործում, խրախուսել դասախոսական կազմի ակտիվ ներգրավումը հետազոտական աշխատանքներում: Խնդիր II ա/ Ստեղծել նախադրյալներ և նպաստող մեխանիզմներ` հետազոտությունների ծավալի աճի և հետազոտական նախագծերում դասախոսական կազմի և ուսանողների ներգրավվածության ընդլայնման համար:

III. Հանրային ներգրավում և ծառայություններ

Աջակցել տարածաշրջանի հասարակության մտավոր, կրթական, տնտեսական, գիտական և մշակութային առաջընթացին` նպաստելով մասնաճյուղի ու նրա գործունեության ճանաչմանն ու արտաքին օժանդակությանը: Խնդիր III ա/ Ապահովել հասարակության հետ կապերի հետագա զարգացումը և հանրային ծրագրերում մասնաճյուղի առավելագույնս ներգրավումը: Խնդիր III բ/ Զարգացնել հարատև ուսումնառության համակարգը մասնաճյուղում` սոցիալական պատվերին համահունչ:

ԱՋԱԿՑՈՂ ՆՊԱՏԱԿՆԵՐ

IV. Որակյալ կադրային ներուժ

Ներգրավել բարձրորակ դասախոսական կազմ` նրանց տրամադրելով շարունակական կատարելագործման հնարավորություններ և ժամանակակից ու բարենպաստ աշխատանքային միջավայր: Խնդիր IV ա/ Համալրել և բարելավել դասախոսական կազմը` որակի հավաստման համալսարանական և միջազգային չափանիշներին համապատասխան: Խնդիր IV բ/ Բարձրացնել մասնաճյուղի աշխատակիցների սոցիալական բավարարվածության մակարդակը` ուղղորդելով գործընթացը դեպի կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը:

V. Որակյալ ենթակառուցվածքներ

Ստեղծել տեխնոլոգիապես հագեցած ժամանակակից ուսումնական և աշխատանքային միջավայր` բոլոր ուսանողների և աշխատողների արդյունավետ գործունեությունը խթանելու համար: Խնդիր V ա/ Բարելավել ուսումնական գործընթացի իրականացման նյութատեխնիկական պայմանները, զարգացնել և արդիականացնել մասնաճյուղի ուսումնական և գիտական լաբորատոր բազան` կրթական և հետազոտական ծրագրերի կարիքներին համապատասխան: Խնդիր V բ/ Ստեղծել մասնաճյուղի միասնական կենտրոնական տեղեկատվական համակարգ և ապահովել վերջինիս մատչելիությունը ուսանողների և աշխատողների համար:

VI . Որակյալ ծառայություններ

Տրամադրել բարձրորակ և արդյունավետ օժանդակ ծառայություններ, որոնք միտված են ուսանողների կրթական, մասնագիտական և սոցիալական կարիքների լիարժեք բավարարմանը` առավելագույնի հասցնելով ուսումնառությունը հաջողությամբ ավարտելու նրանց հնարավորությունները: Խնդիր VI ա/ Բարձրացնել ուսանողների բավարարվածության մակարդակը մասնաճյուղում ուսումնառությունից և օժանդակ ուսանողական ծառայություններից: Խնդիր VI բ/ Զարգացնել մասնաճյուղի տեղեկատվական ռեսուրսները ժամանակակից չափանիշներին համապատասխան, ապահովել դրանց արդյունավետ օգտագործումն ու մատչելիությունը:

 ԸՆԹԱՑԻԿ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

VII . Բազմազանեցված մուտք և համապատասխանություն

Ընդլայնել մասնաճյուղի ընդունելության պրոֆիլը և այն համապատասխանեցնել տարածաշրջանի տնտեսական զարգացման կարիքներին և աշխատաշուկայի պահանջներին: Խնդիր VII ա/ Ակտիվացնել ընդունելության մարքեթինգային գործընթացները` ժողովրդագրական բացասական միտումների պայմաններում դիմորդների հոսքի պահպամնամ համար: Խնդիր VII բ/ Ընդունելության կառուցվածքը և չափաքանակները համապատասխանեցնել մասնաճյուղի աշխատաշուկայի և դիմորդների համադրված կարիքներին:

VIII. Ֆինանսական կայունություն, արդյունավետ կառավարում

Նախաձեռնել մասնաճյուղի ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրների որոնում և դրանց բազմազանեցում: Բարձրացնել կառավարման արդյունավետությունն ու վարչական ծառայությունների որակը: Խնդիր VIII ա/ Մեծացնել մասնաճյուղի ֆինանսական միջոցների ներհոսքը և բազմազանեցնել դրանց աղբյուրները: Խնդիր VIII բ/ Մեծացնել շրջանավարտների, նվիրատու կազմակերպությունների և անհատների ներդրումների ծավալը մասնաճյուղի զարգացման ծրագրերում: Խնդիր VIII գ/ Բարձրացնել ֆինանսական ռեսուրսների կառավարման և օգտագործման արդյունավետությունը: Խնդիր VIII դ/ Բարձրացնել մասնաճյուղի կառավարման արդյունավետությունը` զարգացնելով կառավարման ապակենտրոնացումը և հաշվետվողականությունը, ապահովել կառավարման տեղեկատվական համակարգերի ընդլայնված կիրառությունը: