ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ես և շրջակա աշխարհը» ուսումնական առարկան դասավանդող ուսուցիչների համար կազմակերպված անվճար սեմինարը՝ ԵՊՀ ԻՄ-ի «Տավուշ» հետազոտական կենտրոնի, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի և ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության համագործակցությամբ:

Այն վարեց «Աշխարհագրություն», «Ես և շրջակա աշխարհը» դասագրքերի համահեղինակ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ա.գ.թ., պրոֆեսոր Գուրգեն Հովհաննիսյանը, մասնակցեցին Տավուշի մարզի դպրոցների 7 տասնյակ ուսուցիչներ:

Սեմինարը նվիրված էր հանրակրթության բնագավառի օրենսդրությանը, Հանրակրթության պետական չափորոշչին, հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներին և սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքներին:

Հանրակրթության պետական չափորոշչի կառուցվածքի և դրա բաղադրիչների վերաբերյալ սեմինարավարը մասնավորապես նշեց, որ տվյալ չափորոշիչը սահմանում է հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտի ակնկալվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ), տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները՝ ըստ կրթության աստիճանների, և սովորողների գնահատման համակարգի սկզբունքները:

Պարոն Հովհաննիսյանը նաև անձրադարձավ հանրակրթական տարրական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներին և սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքներին:

Սեմինարին մասնակցած ուսուցիչները վերապատրաստողներին և սեմինարավարին հայտնեցին իրենց գոհունակությունը՝ շեշտելով նման սեմինարների կարևորությունը:

Spread the article
©2024 All rights reserved.