2021թ. մայիսի 17-ին Կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսները, II և III կուրսի ուսանողները ճանաչողական այց կատարեցին Կողբի գեղարվեստի դպրոց:
Այցի նպատակն էր ծանոթանալ դպրոցի ստեղծագործական անձնակազմին, կատարվող աշխատանքներին, քննարկել համատեղ ծրագրեր:
Սահմանամերձ Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցը հիմնադրվել է 1999թ.: Իր գոյության երկու տասնամյակի ընթացքում դպրոցի մեծաթիվ շրջանավարտներ իրենց կրթությունը շարունակել են մասնաճյուղում, դարձել ոլորտի լավագույն մասնագետներ: Ինչպես ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետում, այնպես էլ Կողբի գեղարվեստի դպրոցում առաջնային է համարվում մայրաքաղաքից հեռու գտնվող մարզում մշակութային կյանքն աշխուժացնելը, համապատասխան ստեղծագործական միջավայր ստեղծելը, տարածաշրջանի շնորհալի երիտասարդներին բացահայտելը և կրթելը:
Այցի ընթացքում ուսանողները շրջեցին արվեստանոցներում, ցուցասրահներում, ծանոթացան կատարված աշխատանքներին:
Այնուհետև դպրոցի նկարիչ-մանկավարժ Արա Ղուլիջանյանը դասախոսություն կարդաց համակարգչային ZBrush ծրագրի հիմնական գործիքների, հնարավորությունների և կիրառման առանձնահատկությունների մասին: Դասախոսությունը հագեցած էր և հետաքրքիր: Ժամանակի սղության պատճառով հնարավոր չէր ամբողջական պատկերացում կազմել ծրագրի հնարավորությունների մասին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպումները դարձնել շարունակական՝ հետաքրքրվողների համար կազմակերպելով գործնական ուսուցման դասեր:
Հագեցած օրվա վերջում համալսարանականներն այցելեցին Կողբի հոգևոր և պատմամշակութային վայրեր: Նրանք եղան գյուղի պատմության թանգարանում, որն իր տեսակով եզակի է Տավուշի մարզում: Այնտեղ հնարավորինս ներկայացված է գյուղի անցյալը, կենցաղը, կյանքը: Ցուցասրահում մեծ թիվ են կազմում նաև կիրառական արվեստի նմուշներ՝ սկսած բրոնզեդարյան ժամանակաշրջանից, ինչը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Ուշագրավ էին նաև ցուցադրված մետաղադրամները, Կողբ գյուղի եկեղեցիների մակետները, ձեռագործերը: