2021թ. մարտի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ ԱԻՆ փրկարարական ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Վիկտոր Աբազյանի և նույն վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ, փ/ծ փոխգնդապետ Հայկ Ավետիսյանի հանդիպումը ԵՊՀ ԻՄ-ի աշխատակիցների հետ:

 

Հանդիպման նպատակը քաղաքացիական պաշտպանության սկզբունքների, ձևերի և միջոցառումների մասին համալսարանականներին իրազեկելն էր:

 

Պարոն Աբազյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց, որ քաղաքացիական պաշտպանությունը (ՔՊ) միջոցառումների համակարգ է, որն ուղղված է բնակչության և նյութական արժեքների պաշտպանությանը կամ պաշտպանության նախապատրաստմանը ՀՀ-ի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքում:

 

Նշվեց, որ քաղաքացիական պաշտպանության սկզբունքները երեքն են՝

  1. քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը և իրականացումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում,
  2. քաղաքացիական պաշտպանության իրականացումը տարբերակված՝ ըստ ռազմավարական, տարիքային, տարածքային, արտադրական-տարածքային առանձնահատկությունների,
  3. քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը կենտրոնացված կառավարման սկզբունքով:

Քաղաքացիական պաշտպանության ձևերն են՝ տարհանումը, պատսպարումը և անհատական պաշտպանության միջոցներով ապահովումը, իսկ ՔՊ միջոցառումները լինում են նախապատրաստական և հիմնական:

 

Ներկայացվեց, որ քաղաքացիական պաշտպանության ծառայությունները պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իրենց իրավասության սահմաններում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումն ապահովելու համար ստեղծված ծառայություններն են: Նշվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում քաղաքացիական պաշտպանության գործի կազմակերպիչը ԵՊՀ ԻՄ-ի քաղաքացիական պաշտպանության շտաբն է, որը ոլորտում իրականացնում է առանձնահատուկ գործունեություն` ուսուցման կազմակերպում, կազմավորումների ստեղծում, ՔՊ գույքի ձեռքբերման ուղիների մատնանշում, անձնակազմի և ուսանողների պատսպարման և տարհանման հարցերի ներկայացում և լուծում, ուսումնական վարժանքների պլանավորում ու իրականացում և այլն (մանրամասները՝ ԵՊՀ ԻՄ-ի քաղաքացիական պաշտպանության շտաբի կանոնադրությունում:

 

Համալսարանականները ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցներին ուղղեցին քննարկվող թեմայի շուրջ իրենց հուզող հարցերը:

Spread the article
©2024 All rights reserved.