2026 թ. նոյեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Մ. Մ. Օթարյանի նախագահությամբ տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ՝ Բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների դեկանների ընտրությունների օրակարգով:

ԵՊՀ ԻՄ գիտխորհրդի նախագահ, մասնաճյուղի տնօրեն Մ. Օթարյանը ներկայացրեց, որ համաձայն ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի՝ 2026 թ. սեպտեմբերի 25-ի N 92/4 որոշման և իր՝ 2026 թ. հոկտեմբերի 1-ի «Ֆակուլտետների դեկանների պաշտոնների տեղակալման մրցույթ հայտարարելու և ընտրական գործընթացի կազմակերպման մասին» N 148-§1 հրամանի՝ ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքէջում հայտարարվել էր մրցույթ նշված թափուր պաշտոնների տեղակալման համար:

Թեկնածուների առաջադրման գործընթացը սկսվել է հայտարարության հրապարակման պահից և, ըստ սահմանված ժամկետների, ավարտվել է 2026 թ. հոկտեմբերի 23-ին:

Ըստ տնօրենի հրամանի՝ շահերի բախումից խուսափելու նպատակով փաստաթղթերն ընդունել է ԵՊՀ ԻՄ տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը: 

Նշվեց, որ սահմանված ժամկետում դեկանի պաշտոնի համար դիմում են ներկայացրել հետևյալ անձինք.

1. Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Սերգեյի Աթոյանը: 

2. Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնի համար՝ բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահան Արշակի Աղաբաբյանը:

Երկու թեկնածուներն էլ ինքնաառաջադրվել են: Նրանց փաստաթղթերը լիովին համապատասխանում են ԵՊՀ ԻՄ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 3-րդ կետով և մրցույթի հայտարարությամբ սահմանված նվազագույն պահանջներին: Թեկնածուների կողմից ներկայացված փաթեթները ներառում են բոլոր անհրաժեշտ վավերաթղթերը, և առկա են բոլոր իրավական հիմքերը՝ ընտրական գործընթացի հաջորդ փուլին անցնելու համար: Ըստ այդմ՝ ձայնը տրամադրվեց թեկնածուներին՝ իրենց ծրագրային դրույթները ներկայացնելու համար:

Թեկնածուների կողմից ֆակուլտետների՝ 2026-2031 թթ. զարգացման ծրագրերի ներկայացումից հետո Գիտական խորհրդի անդամները նրանց ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը:

Ղեկավարվելով ԵՊՀ ԻՄ կանոնադրության 23-րդ կետի 10-րդ ենթակետով և ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի աշխատակարգի 4-րդ կետի 10-րդ ենթակետով, ինչպես նաև հիմք ընդունելով մասնաճյուղի գիտխորհրդի՝ 2016 թ. մայիսի 27-ի նիստում  հաստատված ԵՊՀ ԻՄ ֆակուլտետի դեկանի ընտրության ընթացակարգի 26-րդ և 27-րդ կետերը ու փակ, գաղտնի քվեարկության արդյունքների վերաբերյալ հաշվիչ հանձնաժողովի թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները՝ ԵՊՀ ԻՄ գիտական խորհուրդը որոշեց հաստատել ԳԽ նիստում ձևավորված հաշվիչ հանձնաժողովի կողմից ներկայացված ֆակուլտետների դեկանների ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները:

Ըստ անցկացված փակ (գաղտնի) քվեարկության արդյունքների՝ 5 տարի ժամկետով Բնական գիտությունների ֆակուլտետի դեկանի պաշտոնում ընտրվեց Մհեր Սերգեյի Աթոյանը, Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկանի պաշտոնում՝ Վահան Արշակի Աղաբաբյանը, որի առթիվ ԵՊՀ ԻՄ ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք նրանց, մաղթում ակտիվ և արդյունավետ աշխատանքային գործունեություն: 

Spread the article
©2026 All rights reserved.