Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսում է 2026-2027 ուսումնական տարվա շրջանավարտների պետական ավարտական և 2027 թվականի բուհերի ընդունելության համար սահմանված միասնական քննությունների (I փուլ, հունվար, փետրվար) հայտագրման գործընթացը:

Միասնական քննությանը մասնակցելու համար դիմորդը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի dimord.am կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ:

Դիմորդը առարկայական դիմում-հայտում լրացնում է առավելագույնը երկու միասնական քննություն։ Դիմում-հայտը լրացնելու համար դիմորդը դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2026-2027 ուսումնական տարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները, օտարերկրացիները, օտարերկրյա ուսումնական հաստատությունների՝ տվյալ ուսումնական տարվա շրջանավարտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին:

Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը կարող եք տեսնել atc.am կամ dimord.am կայքերում:

Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև`
•    3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
•    անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը,
•  ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 4500 (չորս հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագիրը։

Միասնական քննությունների վճարից ազատվում են`
•    պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
•    1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամություն ունեցող անձինք,
•    ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
•    առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Բուհերի ընդունելության առաջին փուլի քննությունների դիմում-հայտերն ընդունվում են դեկտեմբերի 15-25-ը` ժամը 18:00-ն: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ներբուհական` «Գծանկար» և «Կոմպոզիցիա» քննական առարկաների հայտագրումը, ըստ կարգի, նախատեսված չէ:
 

Spread the article
©2026 All rights reserved.