- Главная
- ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի միջև կնքվեց համագործակցության հուշագիր
Հուշագրի նպատակը կրթական, գիտահետազոտական ոլորտներում կողմերի միջև գործընկերային հարաբերությունների հաստատումն է, համագործակցության ծրագրերի իրականացումը:
Կնքված հուշագրով նախատեսվում է մի շարք ուղղություններով համագործակցություն (համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացում, հետազոտական արդյունքների հրատարակում, գիտահետազոտական պրակտիկայի կազմակերպում և ղեկավարում, ասպիրանտական թեզերի ղեկավարում և համաղեկավարում, գիտական և մեթոդական գրականության տրամադրում, խմբագրում, համատեղ դրամաշնորհային ծրագրերի իրականացում):
Կողմերը հուշագրի շրջանակներում մասնավորապես կկազմակերպեն և կիրականացնեն մասնագիտական վերապատրաստումներ, ակադեմիական փոխանակում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների ուսումնասիրություն, կանցկացնեն տարածաշրջանային անվտանգային արդի հիմնախնդիրների վերաբերյալ դասախոսություններ, վարպետության դասեր (այդ թվում՝ առցանց ձևաչափով), համատեղ կոնֆերանսներ, սեմինարներ, սիմպոզիումներ, կլոր սեղաններ, համատեղ աշխատանքի արդյունքների հիման վրա կհրապարակեն հետազոտական, ուսումնական, մեթոդական նյութեր և այլն:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մհեր Օթարյանը, անդրադառնալով համագործակցային պարտավորությունների ստանձման կարևորությանը, նշեց, որ գիտության զարգացման և տարածման համար խիստ կարևոր են նման համագործակցությունները: Նա համոզմունք հայտնեց, որ այս համագործակցությունը լավ հարթակ կլինի դասախոսների համար և կտա իր պտուղները:
ՀՀ ԳԱԱ արևելագիտության իսնտիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը նշեց, որ այս քայլով առաջընթաց են ապահովում գիտության համաչափ զարգացման քաղաքականության շրջանակում. «Եթե Արևելագիտության ինստիտուտի ձեռքբերումները սահմանափակվում են միայն ինստիտուտի ներսում, առ ոչինչ են, իսկ եթե դրանք դառնում են այլ ինստիտուտների և մարզային բուհերի համար հասանելի, սրանով նշանակալի քայլ ենք կատարում գիտության համաչափ զարգացման համար»:
Կողմերը, կարևորելով գիտության համաչափ զարգացման և գիտական արդյունքի տարածման ու հասանելության հնարավորությունը, վստահեցրին, որ նմանօրինակ հարթակի միջոցով կարելի է ձևավորել համագործակցության ընդհանուր դաշտ, ներկայացնել ձեռքբերումները և իրականացնել ապագայամետ համատեղ ծրագրեր: