- Главная
- ԵՊՀ ԻՄ տնօրենը Բիշքեկում մասնակցեց DIGITECH նախագծի մեկնարկային հանդիպմանը
Ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մհեր Օթարյանը մասնակցել է DIGITECH նախագծի մեկնարկային (kick-off) հանդիպմանը, որը տեղի է ունեցել 2026 թվականի հունվարի 12-16-ը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում:
Հանդիպմանը մասնակցել են գործընկեր համալսարանների և պետական կառույցների ներկայացուցիչներ Ղրղզստանից, Գերմանիայից, Սլովենիայից, Վրաստանից և Հայաստանից:
Հինգօրյա աշխատանքային քննարկումների ընթացքում գործընկերային ցանցի անդամներն անդրադարձել են հետևյալ հիմնական հարցերին՝
• ծրագրի կառավարման և որակի ապահովման համակարգին,
• ակադեմիական շարժունության և ուսումնական ծրագրերի պլանավորմանը,
• ծրագրի կայունության և երկարաժամկետ ազդեցության ռազմավարությանը,
• Եվրոպական միության պահանջներին համապատասխան սարքավորումների ձեռքբերման սկզբունքներին,
• ծրագրի արդյունքների փոխանակման, տարածման և հանրայնացման գործընթացներին:
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մասնակցությունը DIGITECH ծրագրին կարևոր քայլ է միջազգային կրթական համագործակցության ընդլայնման, կրթական ծրագրերի եվրոպական չափանիշներին համապատասխանեցման և տարածաշրջանում ժամանակակից, գործնական ուղղվածությամբ տեխնիկական կրթության զարգացման տեսանկյունից:
DIGITECH «Տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Erasmus+ ծրագրի Բարձրագույն կրթության կարողությունների զարգացման (Capacity Building in Higher Education – CBHE) ուղղության շրջանակում:
Ծրագրի համատեքստում արտահայտված տեսակետների, մոտեցումների և ներկայացված տեղեկատվության համար պատասխանատու են ծրագիրն իրականացնողները, և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշումը: