«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղը ներգրավված է Եվրոպական միության ERASMUS+ Բարձրագույն կրթության կարողությունների զարգացման DIGITECH միջազգային ծրագրում, որի նպատակն է բարձրագույն կրթության համակարգում խթանել կրթական ծրագրերի արդիականացումը՝ համահունչ ժամանակակից տեխնոլոգիական զարգացումներին:

Ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Մհեր Օթարյանը մասնակցել է DIGITECH նախագծի մեկնարկային (kick-off) հանդիպմանը, որը տեղի է ունեցել 2026 թվականի հունվարի 12-16-ը Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում: 

Հանդիպմանը մասնակցել են գործընկեր համալսարանների և պետական կառույցների ներկայացուցիչներ Ղրղզստանից, Գերմանիայից, Սլովենիայից, Վրաստանից և Հայաստանից: 

Հինգօրյա աշխատանքային քննարկումների ընթացքում գործընկերային ցանցի անդամներն անդրադարձել են հետևյալ հիմնական հարցերին՝

• ծրագրի կառավարման և որակի ապահովման համակարգին, 

• ակադեմիական շարժունության և ուսումնական ծրագրերի պլանավորմանը, 

• ծրագրի կայունության և երկարաժամկետ ազդեցության ռազմավարությանը, 

• Եվրոպական միության պահանջներին համապատասխան սարքավորումների ձեռքբերման սկզբունքներին, 

• ծրագրի արդյունքների փոխանակման, տարածման և հանրայնացման գործընթացներին: 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մասնակցությունը DIGITECH ծրագրին կարևոր քայլ է միջազգային կրթական համագործակցության ընդլայնման, կրթական ծրագրերի եվրոպական չափանիշներին համապատասխանեցման և տարածաշրջանում ժամանակակից, գործնական ուղղվածությամբ տեխնիկական կրթության զարգացման տեսանկյունից: 

DIGITECH «Տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Erasmus+ ծրագրի Բարձրագույն կրթության կարողությունների զարգացման (Capacity Building in Higher Education – CBHE) ուղղության շրջանակում: 

Ծրագրի համատեքստում արտահայտված տեսակետների, մոտեցումների և ներկայացված տեղեկատվության համար պատասխանատու են ծրագիրն իրականացնողները, և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշումը:

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: