2026 թ. փետրվարի 19-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ․ Օթարյանը, տնօրենի խորհրդական Ա․ Մակարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Ն. Գրիգորյանը, գրադարանի աշխատակիցները, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմերի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ։

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ գրադարանի վարիչ Վլադիմիր Պողոսյանը՝ մասնավորապես նշելով․ «Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, 2008 թվականից Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և ՀՀ Կառավարության որոշմամբ նշվում է որպես Գիրք նվիրելու օր։  Գիրք մեր կյանքի բովանդակությունն է, մեր մտքերի ու գաղափարների իրացման ամենահասանելի միջոցը։ Մարդկային հասարակության կայացման գործում անուրանալի է գրի և գրքի՝ որպես անցյալի փորձի, գիտելիքի և տեղեկույթի փոխանցման ամենամատչելի միջոցի դերակատարումը։ Ժամանակակից հասարակությունը ևս գրքահեն է, այն, ըստ էության, գրատպության հեղափոխության առանցքային շահառուն է։ Գիրք նվիրելու օրը ևս մեկ միջոց է գրքի և գրատպության դերը վերարժևորելու, գնահատելու համար»։

Խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ տնօրեն Մ․ Օթարյանը՝ նշելով, որ յուրանքաչյուր անհատի կյանքում նշանալի է ընթերցված գրքերի և գրական հերոսների դերակատարումը։ Գիրք կարդալը և գրքի միջոցով մարդկային և հանրային կյանքի տարաժամանակ փորձառության ուսումնասիրությունը նպաստում է անհատական որակների ձևավորմանը։ Անհատն իր կյանքի ընթացքում և հատկապես դժվարությունների շրջանում դիմում է գրքի օգնությանը։ Նա ուսանողներին կոչ արեց սիրել գիրքն ու գրականությունը, աչքի առջև ունենալ և հետևել սիրված գրական հերոսներին, գեղարվեստական իդեալականացված կերպարներին:

Այնուհետև ելույթ ունեցավ Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Ա․ Սարհատյանը՝ ընդգծելով առաջին գրքի և գրական հերոսի դերակատարումը աշակերտի, ուսանողի, առհասարակ մարդու կյանքում։

Քննարկմանն ակտիվորեն մասնակցեցին ԵՊՀ ԻՄ տնօրենի խորհրդական, ֆիզ․մաթ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Ա․ Մակարյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Ն․ Գրիգորյանը, Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Լ․ Թումանյանը, Օտար լեզուների ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Մ․ Զուրաբյանը, Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պ.գ.թ. դոցենտ Ա․ Ազատյանը։

Ուսանողները քննարկման ընթացքում հարցադրումներ կատարեցին՝ բանախոսներից ստանալով իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

Վերջում միջոցառման մասնակիցները գրքեր ստացան ԵՊՀ ԻՄ գրադարանի փոխանակման և նվիրատվության ֆոնդից։

Опубликовать материал
©2026 Все права защищены.