Ֆորումի մեկնարկին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հանդես եկավ բանախոսությամբ՝ ներկայացնելով համալսարանի զարգացման նոր տեսլականն ու շրջանավարտների ներգրավվածության կարևորությունը ԵՊՀ ապագայի կառուցման գործում։ Այնուհետև անցկացվեցին պանելային և թեմատիկ քննարկումներ, շրջանավարտների բանախոսություններ, գերազանցության մրցանակաբաշխություն և այլն։
ԵՊՀ շրջանավարտների ֆորումը շարունակվեց ոչ պաշտոնական ձևաչափով՝ ինտերակտիվ միջոցառումներով, շփումներով, նոր ծանոթություններով և ապագա համագործակցությունների շուրջ զրույցներով։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսներ, շրջանավարտներ և ուսանողներ իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան շրջանավարտների ֆորումին՝ ստեղծելով և ձևավորելով ԵՊՀ սիմվոլիկայով տարրեր, ներկաների համար կազմակերպելով ապակենկարչության վարպետաց դաս և օգնելով ներկաներին իրենց հետ տանելու սեփական ձեռքերով ձևավորված՝ ԵՊՀ-ն խորհրդանշող առարկաներ։
ԵՊՀ ԻՄ ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Մայր բուհի հիմնադրման 107-րդ տարեդարձը՝ ցանկանալով նշանակալի հաջողություններ և շարունակական ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր պետության զարգացման և առաջընթացի: