Մայիսի 16-ը Երևանի պետական համալսարանի հիմնադրման օրն է։ Այս տարի ԵՊՀ-ն նշում էր իր հիմնադրման 107-րդ տարեդարձը։ Հոբելյանական օրը հարազատ հարկի տակ էին հավաքվել համալսարանականները։ ԵՊՀ շրջանավարտների ֆորումը՝ «մեկ տանիքի տակ» էր միավորել համալսարանականներին՝գաղափարների, փորձի, հիշողությունների ու նոր համագործակցությունների հարթակ ստեղծելով։
Ֆորումի մեկնարկին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հանդես եկավ բանախոսությամբ՝ ներկայացնելով համալսարանի զարգացման նոր տեսլականն ու շրջանավարտների ներգրավվածության կարևորությունը ԵՊՀ ապագայի կառուցման գործում։ Այնուհետև անցկացվեցին պանելային և թեմատիկ քննարկումներ, շրջանավարտների բանախոսություններ, գերազանցության մրցանակաբաշխություն և այլն։
ԵՊՀ շրջանավարտների ֆորումը շարունակվեց ոչ պաշտոնական ձևաչափով՝ ինտերակտիվ միջոցառումներով, շփումներով, նոր ծանոթություններով և ապագա համագործակցությունների շուրջ զրույցներով։
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի դասախոսներ, շրջանավարտներ և ուսանողներ իրենց ակտիվ մասնակցությունն ունեցան շրջանավարտների ֆորումին՝ ստեղծելով և ձևավորելով ԵՊՀ սիմվոլիկայով տարրեր, ներկաների համար կազմակերպելով ապակենկարչության վարպետաց դաս և օգնելով ներկաներին իրենց հետ տանելու սեփական ձեռքերով ձևավորված՝ ԵՊՀ-ն խորհրդանշող առարկաներ։
ԵՊՀ ԻՄ ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք Մայր բուհի հիմնադրման 107-րդ տարեդարձը՝ ցանկանալով նշանակալի հաջողություններ և շարունակական ձեռքբերումներ՝ ի նպաստ մեր պետության զարգացման և առաջընթացի: