Աստանայի Լ. Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանի դոկտորանտ (գիտական ղեկավար՝ Սվտետլանա Մինասյան) Մարիամ Նուրսապինովան 1 ամիս տևողությամբ՝ ս.թ. մայիսի 11-ից հունիսի 15-ը, գիտամանկավարժական պրակտիկա է անցնում Հայաստանում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետում:

Այս ուղևորությունը երիտասարդ հետազոտողի համար դարձել է ոչ միայն կարևոր քայլ ակադեմիական կարիերայում, այլև յուրահատուկ հարթակ գործնական աշխատանքի և միջմշակութային երկխոսության համար:

Պրակտիկայի ընթացքում Մարիամը դասախոսությունների և գործնական պարապմունքների շարք է անցկացրել ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողների համար: Ունկնդիրների շրջանում առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացրել «Հետաքրքիր փաստեր անշաղկապ բարդ նախադասությունների զարգացման պատմությունից. ինչպե՞ս հայտնվեցին վերջակետը, ստորակետն ու գիծը» թեմայով դասախոսությունը, որը Սվետլանա Մինասյանի հետ համատեղ կազմակերպվել էր «Ռուսերեն և գրականություն» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողների համար:

Պրակտիկայի ծրագրում ընդգրկված էին «Ռուսերեն և գրականություն» կրթական ծրագրի 1-ին և 3-րդ կուրսերի, «Անգլերեն և գրականություն», «Ֆրանսերեն և գրականություն» կրթական ծրագրերի 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները:

Մարիամը պրակտիկայի գլխավոր ձեռքբերումներից մեկը համարում է այն ուսանողների լեզվական և հոգեբանական արգելքների հաղթահարումը, որոնց համար ռուսերենը օտար լեզու է: Առաջին կուրսեցիների հետ պարապմունքների ժամանակ Մարիամը կիրառել է ներգրավման յուրահատուկ մեթոդներ, որոնք թույլ են տվել ուսանողներին անկաշկանդ ինքնադրսևորվել. դասերի վերջում մասնակիցները ոչ միայն ակտիվորեն քննարկել են թեման, այլև միասին երգել ֆրանսերեն, անգլերեն և հայերեն երգեր:

Բացի դասավանդումից, Մարիամը ծավալել է ակտիվ հետազոտական աշխատանք՝ ուղղված Հայաստանում ռուսերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման առանձնահատկությունների ուսումնասիրմանը: Իր հետազոտության շրջանակներում նա ծավալուն հարցում և էմպիրիկ փորձարկում է անցկացրել ԵՊՀ ԻՄ ուսանողների շրջանում: Հավաքագրված տվյալները հիմք են ծառայելգիտական հոդվածի համար, իսկ հետազոտության արդյունքները կներկայացվեն միջազգային գիտական կոնֆերանսում: Մարիամի խոսքով՝ ապագա բանասերների և օտար լեզուների ֆակուլտետի ուսանողների լեզվական մակարդակների համեմատությունն օգնել է իրեն ավելի խորությամբ դիտարկել ռուսերենը՝ որպես միջազգային միջավայրում ուսումնասիրության համար ամենահետաքրքիր ու բարդ լեզուներից մեկը:

Պրակտիկան Մարիամի հիշողության մեջ տպավորվել է հյուրընկալության ջերմությամբ և հյուրընկալող երկրի խորը «ազգային կոդով»: Հաճելի բացահայտում էր այն, որ հայ ուսանողները քաջածանոթ էին Ղազախստանի ժամանակակից մշակույթին. նրանք գիտեին երաժիշտներին, մարզիկներին և սթենդափ կատակերգուներին, ինչը տեղի դասախոսների համար նույնպես զարմանալի էր:

«Ցանկացած երկրում գլխավորը մարդիկ են, նրանց անկեղծությունն ու պարզասրտությունը: Ես շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց աշխատել Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողների հետ, ձեռք բերել այս արժեքավոր պրոֆեսիոնալ փորձը և զգալ աննկարագրելի աջակցություն ինչպես դասախոսական կազմի, այնպես էլ յուրաքանչյուր մարդու կողմից, ում հանդիպեցի իմ ճանապարհին», - իր տպավորություններնայսպես է արտահայտել Մարիամը:

ԵՊՀ ԻՄ ղեկավարության և ողջ անձնակազմի անունից շնորհավորում ենք Մարիամ Նուրսապինովային պրակտիկան հաջողությամբ անցնելու, գիտական աշխատանքի համար արժեքավոր էմպիրիկ արդյունքներ ստանալու և միջազգային մակարդակում մեր բուհը արժանապատվորեն ներկայացնելու կապակցությամբ:

Опубликовать материал
©2026 Все права защищены.