2026 թ. սեպտեմբերի 25-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Գիտական խորհրդի նիստ՝ Մ. Մ. Օթարյանի նախագահությամբ:

Գիտխորհրդի նիստում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի` 2026-2027 ուստարվա 1-ին կիսամյակի նիստերի ժամանակացույցը, 2026-27 ուստարվա 1-ին կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը, ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի՝ 2022 թ. հունվարի 27-ի նիստի թիվ 57/1 որոշմամբ հաստատված «ԵՊՀ ԻՄ կրթական ծրագրերի ղեկավարների գործունեության կարգը (նոր խմբագրությամբ), ներկայացվեց Բնական գիտությունների և Կիրառական արվեստի ֆակուլտետների դեկանների մրցութային ընտրություն կազմակերպելու մասին հարցը:

Ընթացիկ հարցերի շրջանակներում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ «Կանաչ համալսարանի» հայեցակարգի, ԵՊՀ ԻՄ-ում 2026-2027 ուսումնական տարում իրականացվող լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի վարձավճարների չափերի հաստատմանը, Բնական գիտությունների ֆակուլտետի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիանուշ Սերգոյի Բլբուլյանին ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ նախագահի պաշտոնում հաստատելուն վերաբերող հարցերը:

Նիստի ընթացքում պարոն Օթարյանը Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հ. Հովհաննիսյանի կողմից շնորհակալագիր հանձնեց ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետի ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, տեխ. գիտ. թեկնածու Ռոբերտ Մառլենի Յոլչյանին՝ ԵՊՀ ԻՄ-ում ծավալած երկարամյա անբասիր գործունեության, մեծ վաստակի, նշանակալի ավանդի ու անմնացորդ նվիրումի համար: 

Հաստատման ներկայացված ԵՊՀ ԻՄ «Կանաչ համալսարանի» հայեցակարգի վերաբերյալ նշվեց, որ այն մշակվել է ԵՊՀ ԻՄ կողմից՝ որպես շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատվության, կայուն զարգացման սկզբունքների ներդրման և համալսարանական համայնքի էկոլոգիական գիտակցության բարձրացման մոտեցումների համակարգ: «Կանաչ համալսարան»գաղափարի հիմնական նպատակն է նվազեցնել բուհի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և ձևավորել էկոլոգիապես գրագետ սերունդ: Սույն հայեցակարգով ներկայացված էին ԵՊՀ ԻՄ տեսլականը, հիմնական սկզբունքները, նպատակները, նախանշված էր գործողությունների ծրագիրը, ամրագրված էին այլ անհրաժեշտ դրույթներ:

Ղեկավարվելով ԵՊՀ ԻՄ կանոնադրության 23-րդ կետի 4-րդ ենթակետով և ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդի աշխատակարգի 4-րդ կետի 4-րդ ենթակետով՝ գիտական խորհուրդը հաստատեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Կանաչ համալսարանի» հայեցակարգը՝ որոշ փոփոխություններով հանդերձ:

Առաջարկված փոփոխություններով նաև հաստատվեցին 2026-27 ուսումնական տարում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվող լրացուցիչ կրթության մոդուլային ծրագրերի ցանկը և վարձավճարների չափերը:

Գիտխորհրդի անդամները Լիանուշ Բլբուլյանին հաստատեցին ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերության նախագահի պաշտոնում՝ շնորհավորելով և մաղթելով, որ նրա նախագահությամբ ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ-ն ծավալի կառույցի գործառույթներից բխող ակտիվ և արդյունավետ գործունեություն՝ հաճախակի կազմակերպելով ուսանողական գիտական միջոցառումներ և նախաձեռնություններ: 

Опубликовать материал
©2026 Все права защищены.