Иджеванский филиал Ереванского государственного университета

«Ուղեցույց երիտասարդ դեսպանին. Փաստարկներ Հայոց ցեղասպանության մասին» նոր գիրքն առցանց

Լույս է տեսել թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Շաքարյանի հեղինակած «Ուղեցույց երիտասարդ դեսպանին. Փաստարկներ Հայոց ցեղասպանության մասին» գիրքը: 

Ինչպես գրքի նախաբանում է նշվում, թվում է, թե հայ հասարակությունը լիովին տեղեկացված է Հայոց ցեղասպանության մանրամասներին:

Սակայն իրականում Հայոց ցեղասպանության մեր հասարակության անդամների զգալի մասի գիտելիքները ո′չ հիմնավոր են ու ո′չ էլ, առավել ևս, փաստարկված:

Մինչդեռ նշված հիմնախնդիրների վերաբերյալ թերի տեղեկացված հայ երիտասարդները, արտասահմանում զանազան առիթներով հանդիպելով թուրք և ադրբեջանցի՝ համապատասխան կառույցների կողմից նախօրոք պատրաստված անձանց, հաճախ դժվար իրավիճակներում են հայտնվում:

«Ուղեցույց երիտասարդ դեսպանին» աշխատանքը ուղղված է լրացնելու այս բացը:

Առաջնային թիրախ խմբի մեջ մտնում են այս կամ այն ծրագրով արտասահման մեկնող երիտասարդները:

Երկրորդական թիրախ խմբի մեջ են մտնում պատմությամբ հետաքրքրվող լայն շերտերը, ինչպես նաև՝ թեմայի վերաբերյալ հետաքրքրություն ցուցաբերող արտասահմանցիները, քանի որ նյութերը թարգմանվելու են անգլերեն:

Գրքի շրջանակներում ուսումնասիրվել է Հայոց ցեղասպանության մասին թուրքական գրականությունն ու հակահայկական կայքերի քարոզչական բնույթը:

Այս բնագավառի ճանաչված հայ մասնագետների հետ քննարկվել են թուրքական ժխտողական հիմնական թեզերը, համատեղ փորձ է արվել վերջիններից տալ հնարավորինս հիմնավոր, սեղմ և ընդգրկուն պատասխաններ:

Գրքում մասնավորապես քննարկվում են Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, Ցեղասպանությանը զոհ գնացած հայերի թիվը, հայերի ինքնապաշտպանությունները, բռնագաղթի՝ որպես բնաջինջ գործիքի օգտագործումը, ինչպես նաև օսմանյան դատարանի կողմից հայերի կոտորածների դատապարտումը:

Գիրքը նախատեսված է արտասահման մեկնող երիտասարդների համար, ովքեր այս կամ այն ձևաչափով քննարկելու են Հայոց ցեղասպանությունը կամ հանդիպումներ են ունենալու թուրք գործընկերների հետ:

Գիրքն անշուշտ շատ հետաքրքիր և ուսանելի կլինի Հայոց ցեղասպանության պատմությամբ հետաքրքրված ընթերցողների լայն շրջանակի համար:

Աշխատանքը բաժանված է մի շարք մասերի, որոնք թույլ են տալիս անհրաժեշտ խորությամբ և ամբողջական ըմբռնել և հասկանալ գրքում ներկայացվող հիմնախնդիրները:

  • Նախաբան
  • Ժխտումից ժխտում
  • Կանխամտածվածության փաստումը Հայոց ցեղասպանությունում
  • Հայոց ցեղասպանության զոհերի թիվը
  • Բռնագաղթը որպես ցեղասպանություն իրականացնելու միջոց
  • Հայերի ինքնապաշտպանական մարտերը 1915 թվականին և Հայոց ցեղասպանությունը
  • Հայոց ցեղասպանության դատապարտումը օսմանյան դատարանում 1919-1920 թթ.
  • Բաց և փակ հայկական ու թուրքական արխիվները Հայոց ցեղասպանության մասին
  • «Արդար հիշողությունը» և «համատեղ ցավը»
ԳԻՐՔՆ ԱՌՑԱՆՑ

Աղբյուրը` armscoop.com