Ijevan Branch of Yerevan State University

Մասնաճյուղի` 2015թ. շրջանավարտներին հանձնվեցին դիպլոմներ

2015թ. հուլիսի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ բակալավրիատի (հեռակա ուսուցման 188) և մագիստրատուրայի (առկա ուսուցման` Կիրառական արվեստի ֆակուլտետի 4) շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը:

Մասնաճյուղի` 2015թ. շրջանավարտներին հանձնվեցին դիպլոմներ

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, Հեռակա ուսուցման բաժնի վարիչ Մ.Զուրաբյանը, մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի այլ ներկայացուցիչներ, հյուրեր:

Մասնաճյուղի` 2015թ. շրջանավարտներին հանձնվեցին դիպլոմներ

Դիպլոմ ստանալու կապակցությամբ 2015թ. շրջանավարտներին շնորհավորեց տնօրեն Սամվել Առաքելյանը` նրանց մաղթելով բարի երթ, մեծ հաջողություններ կյանքում և աշխատանքում, շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ հղելով նրանց ընտանիքներին, ծնողներին, հարազատներին: Իր խոսքում տնօրենը նաև ընդգծեց, որ սրանով բուհի և շրջանավարտների միջև կապը չի խզվելու, մասնաճյուղը պատրաստ է համագործակցելու իր շրջանավարտների հետ, անվճար տրամադրելու ցանկացած խորհրդատվություն կամ այլ տիպի օժանդակություն, անցկացնելու վերապատրաստման դասընթացներ և այլն:

Ելույթ ունեցան նաև Հեռակա ուսուցման բաժնի շրջանավարտները` հինգ տարիների տքնաջան աշխատանքի ու հոգատար վերաբերմունքի համար շնորհակալություն հայտնելով մասնաճյուղի և հատկապես Հեռակա ուսուցման բաժնի վարչական անձնակազմի ներկայացուցիչներին, իրենց սիրելի դասախոսներին, ուսումնական խորհրդատուներին, այն բոլոր մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել նրանց մասնագիտական կայացման գործում:

Այնուհետև տեղի ունեցավ դիպլոմների հանձնման արարողությունը:

Մասնաճյուղի` 2015թ. շրջանավարտներին հանձնվեցին դիպլոմներ

ՈՒԳԸ-ի մրցանակաբաշխություն

2015թ. մայիսի 20-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության` 2014-2015 ուստարվա 2-րդ կիսամյակի ամփոփիչ ընդլայնված նիստը:

Նիստին ներկա էին դասախոսներ, ուսանողներ, ՈՒԳԸ-ի անդամներ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներից:

Սկզբում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ Օֆելիա Գրիգորյանը ներկայացրեց ուսումնական տարվա ընթացքում ԵՊՀ-ի 19 ֆակուլտետներում իրականացված սոցհարցման արդյունքները:

ՈՒԳԸ-ի մրցանակաբաշխություն

ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախագահ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ Միքայել Մալխասյանը նախ հանդես եկավ ընթացիկ կիսամյակի գործունեության վերաբերյալ զեկուցումով, ապա շնորհանդեսի ուղեկցությամբ ներկայացրեց կառույցի՝ իր ղեկավարման ամբողջ ժամանակահատվածի (2012-2015 թթ.) գործունեությունը:

ՈՒԳԸ-ի մրցանակաբաշխություն

Նշված ժամանակահատվածում ԵՊՀ ՈՒԳԸ-ն կազմակերպել է ավելի քան 2000
միջոցառում, ստեղծվել են ՈՒԳԸ-ի և ՈՒԳԸ-ի հրատարակումների կայքերը, հրատարակվել են գիտական հոդվածների 21 ժողովածու և 2 մեթոդական ձեռնարկ:

ՈՒԳԸ-ի մրցանակաբաշխություն

ՈՒԳԸ-ի անդամների կողմից Միքայել Մալխասյանին տրվեց շնորհակալագիր:

Ապա պարգևատրվեցին «Գերազանց» և «Գերազանց վերապահումով» գնահատականների արժանացած ստորաբաժանումները և առավել մեծ ակտիվություն ցուցաբերած ուսանողներն ու ասպիրանտները:

Այս անգամ մասնաճյուղի ՈՒԳԸ-ն արժանացել էր «Գերազանց վերապահումով» գնահատականի:
Պարգևը ստացավ մասնաճյուղի ՈՒԳԸ-ի նախագահ Ալբերտ Զուրաբյանը:

ՈՒԳԸ-ի մրցանակաբաշխություն

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական գիտական ընկերության ակտիվ անդամ է ճանաչվել Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ Գոհար Գրիգորյանը:

ՈՒԳԸ-ի մրցանակաբաշխություն

Պարգևատրվեցին նաև ԵՊՀ ՈՒԳԸ-ի զարգացման գործում զգալի ներդրում ունեցած մի շարք անձինք, այդ թվում` մասնաճյուղի ՈՒԳԸ-ի նախկին նախագահ, ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ Սլավիկ Ալավերդյանը:

ՈՒԳԸ-ի մրցանակաբաշխություն

Այս նիստը ԵՊՀ ՈՒԳԸ-ի 10-րդ և վերջին ընդլայնված նիստն էր, որը վարում էր Միքայել Մալխասյանը:

Նրա պարտականությունների կատարման ժամկետը լրանում է ս.թ. հուլիսի 1-ին, և ԵՊՀ գիտական խորհուրդն արդեն ՈՒԳԸ-ի նոր նախագահ է ընտրել ԵՊՀ ՈՒԳԸ-ի փոխնախագահ Մհեր Հակոբյանին:

Հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում Պոլետ Կուտանտի այցը մասնաճյուղ

2015թ. մայիսի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության տնօրեն Պոլետ Կուտանտի (Ուբուլյանի) հետ հանդիպում, որին ներկա էին Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ, ուսանողներ, Ֆրանսիական համալսարանի հաղորդակցման բաժնի աշխատող Ռուզաննա Փայտյանը, մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:

Հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում  Պոլետ Կուտանի այցը մասնաճյուղ

Հանդիպման նպատակը ոչ միայն մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության մի շարք ուսանողների կրթաթոշակներ հանձնելն էր, այլև ցույց տալը, որ Ֆրանկոֆոնիայի շունչն ամենուր է:

Հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում  Պոլետ Կուտանի այցը մասնաճյուղ

Շուրջ մեկ շաբաթվա ընթացքում Պոլետ Կուտանտը, ով ծագումով հայ է և ում ծնողները եղել են Օսմանյան ջարդերից մազապուրծ փրկված հայեր, ունեցավ բավականին հագեցած այցելություն: Նա մասնակցեց ԵՊՀ ԻՄ-ի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների կողմից Իջևանի թիվ 1 և 5, Սարիգյուղ և Աչաջուր գյուղերի դպրոցներում անցկացված դասալսումներին, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 2-րդ և 3-րդ  կուրսերի ուսանողների հետ ունեցավ հանդիպում, որի ընթացքում վերջիններս ֆրանսերեն լեզվով ներկայացրին  Տավուշի մարզի վերաբերյալ տարբեր մշակութային կոթողների և հայկական ավանդույթների վերաբերյալ զեկույցներ:

Հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում  Պոլետ Կուտանի այցը մասնաճյուղ

Մայիսի 9-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Պոլետ Կուտանտը100-ական եվրո կրթաթոշակ հանձնեց մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 9 (3-րդ կուրսի 3 և 2-րդ կուրսի 6) ուսանողների, 100 եվրո «Սերվիս» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողներին՝ որևէ մշակութային կոթող տուրիստական այց կատարելու նպատակով և 300 եվրո Օտար լեզուների ամբիոնին՝ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողների հետ միջոցառումներ կազմակերպելու նպատակով:

Հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում  Պոլետ Կուտանի այցը մասնաճյուղ

Դեռևս 2012թ. սեպտեմբերի 28-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցած հանդիպման ընթացքում «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպության անդամներ Պոլետ Կուտանտը և Բեռնար Կուտանտը ներկայացրել էին կրթության ոլորտին վերաբերող ծրագիր, որը հավանության էր արժանացել տնօրեն Ս.Առաքելյանի կողմից` որպես ֆրանս-հայկական բարեկամությունն ամրապնդող կարևոր ձեռնարկում:

Ծրագիրը ներառում էր մի շարք դրույթներ` ուսանողների վերապատրաստում, վճարների փոխանցում, դպրոց-համալսարան կապի ամրապնդում, դասընթացների ու դասալսումների կազմակերպում, համապատասխան գրականության տրամադրում և այլն:

2012-2013թթ. «Հայ-ֆրանսիական բարեկամություն» կազմակերպությունը կրթաթոշակ է տրամադրել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության 10 ուսանողների, իսկ 2014թ.` 13 ուսանողների:

Ծրագրի շրջանակներում կրթաթոշակ ստացած ուսանողները պարբերաբար այցելում են սահմանամերձ գյուղեր և Անժելա Վանեսյանի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոն, աջակցում ֆրանսերեն լեզվի ուսուցման կազմակերպմանը:

Հայ-ֆրանսիական բարեկամության շրջանակներում  Պոլետ Կուտանի այցը մասնաճյուղ

Մասնաճյուղում ներկայացվեց «Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ձեռնարկը

2015թ. մայիսի 2-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի գրադարանում «Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ձեռնարկը ներկայացրին գրքի 4 համահեղինակներից ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ, ա.գ.թ., դոցենտ Գուրգեն Հովհաննիսյանը և ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախագահ, ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտ Միքայել Մալխասյանը:

Ներկա էին մասնաճյուղի ուսանողական կառույցների ղեկավարները, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

Նախ ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախագահը համառոտ ներկայացրեց իր ղեկավարած կառույցի նպատակները և գործունեությունը, մասնաճյուղի գրադարանի համար բերած գիտական հոդվածների ժողովածուները և ՈՒԳԸ-ի հրատարակած այլ նյութերը:

Այնուհետև Միքայել Մալխասյանը խոսեց գիտահետազոտական աշխատանք կատարելու հմտությունների ուսուցման ծրագրի և դրա արդյունքում ստեղծված «Գիտահետազոտական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ձեռնարկի մասին:

Գրքի համահեղինակ, ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչ, ա.գ.թ., դոցենտ Գուրգեն Հովհաննիսյանն անդրադարձավ ձեռնարկի կառուցվածքին և բովանդակությանը:

Մեթոդական ձեռնարկի և հոդվածների ժողովածուների էլեկտրոնային տարբերակները հասանելի են ԵՊՀ ՈՒԳԸ-ի հրատարակումների կայքում՝ http://ysu.am/ssspub:

Հանդիպման վերջում ներկաներին միացավ մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը: Նա շնորհավորեց Միքայել Մալխասյանին օրեր առաջ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվելու կապակցությամբ՝ նշելով նրա գիտական (40 գիտական հոդված, 4 մենագրություն) և կազմակերպչական ակտիվ գործունեությունը:

Տնօրենը շեշտեց, որ ուսանողական կառույցնեը դարբնոց են կյանքում ինքնահաստատվելու համար: Նշվեց նաև, որ օրերս Դիլիջանում ընթացող ամառային դպրոցի կազմակերպիչների և դասախոսների մեծ մասը ԵՊՀ ՈՒԳԸ-ի բովով անցած անձինք են:

Ս.Առաքելյանը ուսանողներին կոչ արեց լինել ակտիվ, մասնակցել երկրում տեղի ունեցող իրադարձություններին, կատարել գիտական աշխատանքներ, իսկ ուսանողական կառույցների ղեկավարներին հորդորեց խորացնել համագործակցությունը Մայր բուհի ուսանողական կառույցների հետ:

Մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը Միքայել Մալխասյանին նվիրեց Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը:

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կոնֆերանս

2015թ. ապրիլի 23-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կոնֆերանս, որին հրավիրված էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, մարզի ռազմական և հոգևոր գործիչներ, ուսանողներ, հյուրեր:

Կոնֆերանսի պատվավոր հյուրն էր Վարուժան Կարապետյանը` Հերոսը:

Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Սամվել Առաքելյանը` ողջունելով ներկաներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կատարելով պատմական համառոտ ակնարկ, մեկնելով ընտրված չորս` «Հիշողություն», «Երախտագիտություն», «Միջազգային պայքար» և «Վերածնունդ» գաղափարների խորհուրդը, ներկայացնելով քննարկվելիք հարցերը:

Հայոց եղեռնի անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար աղոթեց, ոգեկոչման խոսք ասաց Հայ Առաքելական Եկեղեցու Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոնը` մասնավորապես նշելով. «Ոչ միայն հիշում ենք, այլև ոգեկոչում, լինում պահանջատեր: Աստված օրհնի բոլորիս, Աստծո հովանավորչությունն ու համերաշխությունը մեր ընտանիքներին և երկրին»:

Ազդեցիկ ելույթով հանդես եկավ Հերոսը` Վարուժան Կարապետյանը` խոսելով Հայոց ցեղասպանության դաժան հետևանքների մասին, ընդգծելով, որ թուրք եղեռնագործները փորձեցին հայ ժողովրդին ոչ միայն ֆիզիկական ջարդի ենթարկել, այլև սպանել նրա ոգին, որը նրանց չհաջողվեց:

Ընդհանուր գծերով ներկայացրեց 20-ական թվականներին ծավալված «Նեմեսիս» գործողության մասին, ապա «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ» (անգլ.՝ Armenian Secret Army for the Liberation of Armenia (ASALA) կազմակերպության հիմնադրման և գործունեության մասին` նշելով, որ եղեռնից մազապուրծ, ճղակոտոր, աշխարհասփյուռ հայերի սրտում արյան մեծ կանչն էր, արյան ցավը, նրանց ճակատին` ստրկության, ամոթի, անպատվության սև մուրը, որից ազատվել էին ուզում:

Հերոսը մատաղ սերնդին պատգամեց հոգու և մարմնի բոլոր բջիջներով, անմնացորդ կերպով սիրել ու պաշտպանել հայրենիքը, նրան ծառայելը համարել մեծագույն պատիվ, երբևէ չկորցնել զգոնությունը, պատգամեց, որ առաջին հերթին պահանջենք ինքներս մեզանից, հետո ուրիշներից, որ այլևս երբևէ դատապարտված չլինենք ցեղասպան լինելու…

Այնուհետև «Ցեղասպանության պատճառները և հետևանքները» թեմայով զեկուցում ներկայացրեց պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Ներսիսյանը` իր դիրքորոշումը տալով սեղմ բանաձևված հիմնադրույթների տեսքով, հետո առանձին-առանձին հիմնավորելով դրանք:

Ապա Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ, բան. գիտ. թեկնածու Աիդա Սարհատյանը հակիրճ անդրադարձ կատարեց Մ.Գալշոյանի արձակին, որը անմար արձագանքն է եղեռնից մազապուրծ սասունցիների ցավի ու կարոտի. «Հայաթափուր Արևմտյան Հայաստանի բարձրիկ լեռների, նրա Մարութա սարի լանջերին գինաարբ ծաղիկներ են բուրում, բայց ո՞վ է քաղում այդ նուրբ թերթիկներով ծաղիկները, ու՞մ մնացին նրա սարերն ու ձորերը, արտ ու անտառները, երբ հայի աղոթքի վերջին շշունջները մարեցին վանքերի ավերակ խորաններում, և Էրգիրը դարձավ որբ, դարձավ հուշ ու հիշողություն… Հարյուր տարի է անցել, բայց ո՞վ է ասում հարյուր տարի: Եղեռնը երեկ էր, նախորդ օրը, մի շաբաթ առաջ… Եղեռնի ականատեսը, զոհն ու վիշտը կրողը մեր ժողովրդի միայն մի` արևմտյան հատվածը չի եղել: Մեծ ողբերգության ահազարհուր կսկիծն այս և բոլոր հարյուրամյակներում ապրող հայերի բոլոր սերունդներն են ապրելու միշտ…»:

Կոնֆերանսը եզրափակվեց գրական-երաժշտական միջոցառումով, որը կազմակերպել էին մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի սաները: