2014թ. մայիսի 22-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հրավիրվեց նիստ` «WRITE ON! COMPETITION 2014» մրցույթում մեր ուսանողների հաղթելու կապակցությամբ: Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը հանդիպեց ՈՒԽ և ՈՒԳԸ անդամների, վարչական և պոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում տնօրենը ողջունեց ստեղծագործական կարողություններով օժտված մեր շնորհալի ուսանողներին, խրախուսեց նրանց հաջողությունները և մյուս ուսանողներին էլ կոչ արեց օրինակ վերցնել նրանցից, մասնակցել տարբեր մրցույթների, կրթաթոշակային ծրագրերի և նման միջոցառումների, հասնել հաղթանակի:
Արդեն տասը տարի է, ինչ ԱՄՆ Խաղաղության կորպուստի կամավորների ջանքերով գործում է «WRITE ON! COMPETITION 2014 մրցույթը, որը նախատեսված է տարբեր երկրների 6-12-րդ դասարանների աշակերտների և բուհերի I-IV կուրսերի ուսանողների համար: Այս տարի մրցույթում ընդգրկված են եղել 12 պետություն` Ալբանիան, Հայաստանը, Կամբոջիան, Եթովպիան, Վրաստանը, Լեսոտոն, Մոլդովան, Մոնղոլիան, Մարոկկոն, Ֆիլիպինները, Ուկրաինան, Ադրբեջանը: Հայաստանը մրցույթին մասնակցում է 6-րդ անգամ: 2014թ. մրցույթին մասնակցել են նաև ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները: Հայաստանից հայտ են ներկայացրել ավելի քան 100 հոգի, որոնցից հաղթել են երեքը` երկուսը դպրոցական, մեկը` ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության II կուրսի ուսանողուհի Վարսեր Զաքարյանը: Մրցույթը անց է կացվել մի քանի փուլով: Նախ հաղթողներ են ընտրվել մասնակից երկրներից:
Հայաստանի ազգային մրցույթում I կուրսեցիների մեջ 1-ին և 2-րդ տեղերը գրավել են մասնաճյուղի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողուհիներ Աննա Սարգսյանը (շարադրության թեման` «Եթե երաժշտությունը համ ունենար…») և Վանուհի Վանեսյանը (թեման` «Ի՞նչ կփոխեիք երկրի կառավարման համակարգում, եթե հնարավորություն ունենայիք»):
II կուրսեցիների մեջ Հայաստանի ազգային մրցույթում 1-ին տեղ է գրավել Վարսեր Զաքարյանը (թեման` «Ինչպե՞ս էին ապրում, հաղորդակցվում, ի՞նչ հոգսեր ունեին քարանձավաբնակ մարդիկ»), ով միջազգային մրցույթում ևս գրավել է առաջին տեղը:
Մրցանակային տեղեր գրաված մասնակիցներին տրվել են հավաստագրեր և հուշանվերներ: Մեր մասնակից ուսանողներին մեծ աջակցություն են ցուցաբերել մասնաճյուղի օտար լեզուների ամբիոնի դասախոս, ԱՄՆ ԽԿ կամավոր Պամելա Ուոթքինսը և նույն ամբիոնի դասախոս Էմմա Թեմրազյանը:
Նշենք նաև, որ 2012թ. մրցույթում մասնաճյուղից 2-րդ տեղ էր գրավել «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության IV կուրսի ուսանողուհի Մերի Մայիլյանը, որի շարադրության թեման էր «Ի՞նչ կանեիր, եթե իմանայիր, որ երկրի վրա ապրում ես քո վերջին օրը»:
Իրադարձություններ
Մայր բուհ-մասնաճյուղ կապն ամրապնդվում է
ԵՊՀ-ի հիմնադրման 95-ամյա հոբելյանի առթիվ Մայր բուհը նախաձեռնել էր ՀՀ մարզային բուհերի, Արցախի պետական համալսարանի, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ուսումնական հաստատությունների և Երևանի քաղաքային գրադարաններին նվիրելու ԵՊՀ հրատարակչության լույսընծայած գրքերից:
2014թ. մայիսի 17-ին այդ նախաձեռնության շրջանակներում մասնաճյուղ այցելեց ԵՊՀ պատվիրակությունը, որի կազմում էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչության պետ Արշակ Հովհաննիսյանը, ԵՊՀ ուսանողական կառույցների և առանձին ստորաբաժանումների ներկայացուցիչներ, համալսարանականներ:
Նախ ԵՊՀ ԻՄ-ի գրադարանում կազմակերպվեց Մայր բուհի կողմից նվիրաբերված գրքերի ցուցադրություն:
Ապա մասնաճյուղի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի և ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանի հանդիպումը, որին մասնակցում էին նաև ԵՊՀ պատվիրակության անդամները, մասնաճյուղի վարչական անձնակազմի և ուսանողական կառույցների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսանողներին հուզող մի շարք հարցեր,մասնավորապես` ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների կողմից առաջարկվեց կազմակերպել համատեղ գիտաժողովներ, ինտելեկտուալ խաղեր, արշավներ և այլ միջոցառումներ: Մայր բուհի և Իջևանի մասնաճյուղի ուսանողների միջև կապի ամրապնդման և փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ ձեռք բերվեց պայմանավորվածություն: