Иджеванский филиал Ереванского государственного университета

Աշխատանքի հնարավորություն մեր շրջանավարտների համար

2015թ. ապրիլի 16-ին` ժամը 14:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի օնլայն լսարանում տեղի կունենա հանդիպում «Կրթություն Հայաստան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

«Կրթություն Հայաստան» ՀԿ-ի համանուն ծրագրի շրջանակներում ավելի քան 20 շրջանավարտներ այս տարվա սեպտեմբերին հնարավորություն կստանան բարձր աշխատավարձով աշխատանքի անցնելու Լոռու, Տավուշի և Արմավիրի մարզերի դպրոցներում:

ԱՊՀ երկրներից Հայաստանն առաջինն է, որը միացել է առաջնորդության հմտությունները զարգացնող ծրագրին, իսկ ընդհանուր առմամբ` այս ծրագրից օգտվում է 36 երկիր:

«Կրթություն Հայաստան» ծրագիրը նախատեսում է Հայաստանի և Սփյուռքի համալսարաններից հավաքագրել և ընտրել լավագույն շրջանավարտներին, ովքեր հնգամսյա վերապատրաստման դասընթացներից հետո հնարավորություն կունենան աշխատելու ցածր եկամուտ ունեցող մարզային դպրոցներում:

Ըստ այդմ էլ` ծրագրում ներառված յուրաքանչյուր դպրոցում աշխատանքի կտեղավորվեն երկու մասնագետներ: Բացի բարձր աշխատավարձից՝ նրանց կտրամադրվի նաև կրթաթոշակ, որը բավարար կլինի առօրյա ծախսերը հոգալու համար:

«Կրթություն Հայաստան» ծրագրի նախաձեռնողներն այդ երկու տարիների ընթացքում իրականացնելու են շարունակական վերահսկողության գործառույթ և վերապատրաստման գործընթաց, իսկ մարզիչները կապահովեն մասնակիցների մասնագիտական և առաջնորդության զարգացումը:

Ծրագրին կարող են մասնակցել նաև դպրոցում դասավանդվող համապատասխան առարկաներին մոտ մասնագիտություններ ունեցող շրջանավարտները: Օրինակ` Ժուռնալիստիկայի ֆակուլտետն ավարտած շրջանավարտը դպրոցում կարող է աշխատել որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:

«Կրթություն Հայաստան» ծրագրին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել՝ լրացնելով առցանց հայտադիմումը www.teachforarmenia.org կայքում, որտեղ կարող եք գտնել մանրամասն տեղեկություններ նախաձեռնության և մասնակիցների ընտրման ընթացակարգի, ինչպես նաև կազմակերպվող միջոցառումների վերաբերյալ: