2014թ. հունիսի 20-ին ԵՊՀ ԻՄ-ում տեղի ունեցավ Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի աշխատակիցների հետ հանդիպում, որի ընթացքում պարզաբանվեցին քննարկման ներկայացված «Դասընթացի փաթեթ»-ի նախագծին վերաբերող հարցեր:
Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում ՄԿՈԱ բաժնի մասնագետ Մարիետա Ճաղարյանը հիմնավորեց փաթեթների ներմուծման անհրաժեշտությունը որպես ուսումնառության գործընթացի նորովի մոտեցում, դասավանդման արդյունավետ ձևերի և մեթոդների հավաքագրման միջոց՝ մանկավարժական լավագույն փորձի ընդհանրացման և համակարգման համար:
Այն հնարավորություն կտա հաջողությունների ու ձախողումների վերլուծության շնորհիվ կատարելու հետագա գործունեության նորովի պլանավորում:
Անդրադարձ կատարվեց առարկայական փաթեթների (պորտֆոլիոների) բոլոր բաժիններին, մեկնաբանվեցին առաջադրվող պահանջները:
Նշվեց, որ փաթեթում կարևոր տեղ է հատկացված դասընթացի ուսուցման փիլիսոփայությանը, դասընթացի վարման մարտավարությանն ու ռազմավարությանը, դասընթացի թեմատիկ պլանավորմանը, դասընթացի ավարտին և ըստ թեմաների ակնկալվող վերջնարդյունքներին, նրանց գնահատման մեթոդներին, գործիքներին և չափանիշներին:
Կարևորվեց նաև ուսանողների ինքնուրույն և ստեղծագործական աշխատանքների նախնական պլանավորումը, ուսումնառության անհրաժեշտ նյութերով ապահովումը:
Հանդիպումն անցավ բուռն քննարկումների մթնոլորտում:
Ներկաների հարցերին պատասխանեց նաև տնօրենի խորհրդական Անուշավան Մակարյանը, ով համակարգել և ղեկավարել է «Դասընթացի փաթեթ»-ի նախագծին վերաբերող բոլոր աշխատանքները:
Մասնակիցները հանդես եկան տարբեր առաջարկներով, որոնք կուղարկվեն ՄԿՈԱ բաժնի էլեկտրոնային հասցեին` koag.ysuib@gmail.com:
Ներկայացված առաջարկները կքննարկվեն և հաշվի կառնվեն բաժնի կողմից: