Սիրելի՛ համալսարանականներ՝ ուսանողներ, դասախոսներ, աշխատակիցներ, սահմանամերձ Տավուշում երեք տասնամյակ գործող ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը բարձրորակ կրթության, գիտության և նորարարության, հանրային ներգրավման ռազմավարական նպատակներով առաջնորդվող կրթական և գիտամշակութային հաստատություն է, որն օժտված է ազգային և տարածաշրջանային կարևոր դերակատարությամբ:
ԵՊՀ ԻՄ հիմնական առաքելությունը բուհում իրականացվող կրթական ծրագրերի, ստեղծված ուսանողակենտրոն միջավայրի, մարդկային, մտավոր և նյութատեխնիկական ռեսուրսների միջոցով տարածաշրջանը բարձր մրցունակությամբ և աշխատաշուկայում պահանջված մասնագետներով ապահովմանը, վերջինիս մշակութային կյանքի զարգացմանը նպաստելն է:
Գաղտնիք չէ, որ այդ առաքելությունն իրականացնելու նպատակով մեր հարազատ կրթօջախում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, գործում են որակյալ կրթություն ստանալու համար բարենպաստ պայմաններ և միջավայր, առաջին հերթին՝ բարձրակարգ պրոֆեսորադասախոսական, պատասխանատու վարչական և ուսումնաօժանդակ աշխատակազմ, որի շնորհիվ մասնաճյուղը կարողանում է պատրաստել ոչ միայն մրցունակ, համակողմանի գիտելիքներով, կարողություններով և հմտություններով մասնագետներ, այլև հայրենասեր, ազգային, բարոյական և համամարդկային արժեքներով օժտված քաղաքացիներ և անձինք:
Սիրելի՛ ուսանողներ, համոզված եմ, որ համալսարանականներիս համատեղ ջանքերով և բուհի շարունակական բարելավմանն ուղղված գործունեությամբ կհասնենք բաղձալի արդյունքի, և ուսումնառելով ԵՊՀ ԻՄ-ում՝ կդառնաք պահանջված մասնագետ և հասարակությանը պիտանի մարդ…
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն,
տնտեսագիտության թեկնածու Մհեր Օթարյան