Առաքելությունը

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղն ազգային և տարածաշրջանային դերակատարությամբ կրթական և գիտամշակութային հաստատություն է, որի հիմնական առաքելությունը գիտելիքի ստեղծումը, առավելապես փոխանցումը և տարածումն է հայագիտության, մշակույթի, հումանիտար, սոցիալ-տնտեսական և բնական գիտությունների ուղղություններով։

Իրականացնելով աշխատաշուկայում պահանջված բակալավրական ու մագիստրոսական մասնագիտությունների կրթական ծրագրեր, ստեղծելով ուսանողակենտրոն միջավայր, կիրառելով ուսուցման ժամանակակից եղանակներ և որակի ապահովման կառուցակարգեր՝ մասնաճյուղը նպաստում է տարածաշրջանը անհրաժեշտ մասնագետներով համալրելուն և մշակութային կյանքի զարգացմանը:

ԵՊՀ ԻՄ-ը, հանդիսանալով ԵՊՀ միակ մասնաճյուղը, կարևոր դեր է խաղում տարածաշրջանը մտավոր և մարդկային ռեսուրսների ապահովման հարցում:

Մասնաճյուղը ձգտում է տրամադրել որակյալ կրթական ծրագրեր, իրականացնելու նորարարական ուսանողամետ ուսուցում, խրախուսում է կատարելության սկզբունքները սովորողների և աշխատողների շրջանում։

ԵՊՀ ԻՄ-ը ձգտում է դառնալու այնպիսի հաստատություն, որը՝

> ուսանողներին առաջարկում է համակողմանի գիտելիք, կարողություններ և հմտություններ ապահովող կրթական ծրագրեր՝ խարսխված հետազոտության, ստեղծագործ աշխատանքի և նորարարության վրա և համահունչ Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի հիմնարար սկզբունքներին,
> ապահովում է ուսանողների՝ բարոյական, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակումը,
> մատչելի է և ընտրության լայն հնարավորություններ է ընձեռում հասարակության ամենատարբեր շերտերին,
> ուսանողներին տրամադրում է բարձրորակ կրթություն ստանալու ժամանակակից ենթակառուցվածքներ և բարենպաստ միջավայր:

ԵՊՀ ԻՄ տեսլականի կենտրոնական սուբյեկտը մարդն է, ուստի Մասնաճյուղում ուսանողները, դասախոսները, աշխատակիցները պետք է ունենան պատրաստակամություն՝ տեսլականի իրականացման պատասխանատվությունը ստանձնելու համար:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը իր գործունեության մեջ հետևում է հետևյալ հիմնարար արժեքներին:

Մարդակենտրոնություն և իրավունքահենություն: ԵՊՀ ԻՄ համար առաջնահերթ է մարդկային ռեսուրսի շարունակական զարգացումն ու համալրումը: Սահմանելով ուսանողակենտրոնությունը որպես կրթական գործընթացի առաջնահերթություն՝ մասնաճյուղը պետք է ներդնի և մշտապես զարգացնի ուսանողակենտրոն ուսուցման համար անհրաժեշտ բոլոր գործիքները: Իրավունքահենությունը՝ որպես կառավարման անկյունաքարային սկզբունք, պետք է ապահովի աշխատակիցների իրավունքների պաշտպանությունն աշխատավայրում և ստեղծի զարգացման ու ինքնաիրացման հնարավորություն ընձեռող միջավայր: Այսպիսով՝ ԵՊՀ ԻՄ զարգացման կարևորագույն սկզբունքը մարդակենտրոնությունն է՝ յուրաքանչյուր ներգրավված անհատի արդյունավետ աշխատելու և ուսանելու իրավունքի և միջավայրի ապահովումը:

Պատասխանատվություն: Գիտակցելով տարածաշրջանում իր դերը՝ Մասնաճյուղը պատասխանատվություն է ստանձնում իր առաքելությունը հնարավորինս արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:

Ակադեմիական ազատություն և բարեվարքություն: Մասնաճյուղը կարևորում է յուրաքանչյուր ուսանողի և աշխատողի ակադեմիական ազատությունը և բարեվարքությունը:

Գերազանցություն և առաջադիմություն: Մասնաճյուղի ուշադրության կենտրոնում առաջին հերթին ուսանողի կրթական ձեռքբերումներն են, առաջադիմությունն ու հաջողությունները: Այդ նպատակով Մասնաճյուղը ուսանողի կարիքները դնում է իր ակադեմիական գործունեության և օժանդակ ծառայությունների կազմակերպման, կրթական քաղաքականության և կրթական ծրագրերի մշակման հիմքում:

Ներառականություն: Մասնաճյուղը կարևորում է յուրաքանչյուր կարողունակ անհատի` բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը և ուսանողներին ապահովում է բարձրորակ և մատչելի կրթական փորձառությամբ, հնարավորինս տրամադրում ֆինանսական աջակցություն:

Նորարարություն և ստեղծագործականություն: Իբրև կրթական հաստատություն Մասնաճյուղի մոդելը՝ գիտության, մշակույթի և նորարարությունների սերտ համադրությամբ՝ տարածաշրջանային նորարարական հետազոտական կենտրոն-համալսարանի մոդելն է:

ԵՊՀ ԻՄ-ը, լինելով մարզում մարդկային կապիտալի զարգացման և մտավոր աշխատանքի կազմակերպման կարևոր հանգույց, պետք է նախևառաջ կենտրոնանա մի շարք գործընթացների վրա, որոնց համադրությամբ հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել Մասնաճյուղի առաքելությունը և ձգտել սահմանված տեսլականին:

Այդ գործընթացներից կարևորվում է մարդկային ռեսուրսի զարգացումը, մասնաճյուղի կառավարման համակարգի բարեփոխումը, ինչպես նաև որոշումների կայացման և իրագործման ամբողջ շղթայի զարգացումը: Կարևոր բաղադրիչ է նաև ֆինանսական և բովանդակային պլանավորման, իրագործման, մշտադիտարկման և գնահատման ներդաշնակեցումը, ինչը թույլ կտա սահմանել երկարաժամկետ որակական և ֆինանսական թիրախներ:

Կարևոր գործընթաց և առաջնահերթություն է նաև ներհամալսարանական միջավայրի շարունակական զարգացումը, ինչը ներառում է ոչ միայն ֆիզիկական միջավայրի բարելավումը, այլև ներքին հաղորդակցության արդյունավետ կազմակերպումը, համագործակցային միջավայրի և օպտիմալ աշխատանքային պայմանների ապահովումը։

Ներքին միջավայրի զարգացմանը զուգահեռ անհրաժեշտ է նաև բարելավել Մասնաճյուղի արտաքին հաղորդակցության և համագործակցության որակը: Այս գործընթացը ներառում է՝
> հանրային իրազեկումը,
> պետական կառույցների հետ համագործակցությունը՝ կրթական և միջավայրի պայմանների բարելավման ուղղությամբ,
> մասնավոր ոլորտի հետ կապը՝ աշխատաշուկան որակյալ կադրերով համալրելու և Մասնաճյուղի մտավոր արդյունքը շուկայացնելու նպատակով,
> միջազգային համագործակցությունը՝ լավագույն փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման և գիտակրթական համայնքին ինտեգրվելու համար:

Ռազմավարական նպատակները

Հիմնական դրույթներ և մոտեցումներ

Կրթության բովանդակության և դասավանդման մեթոդաբանության առաջնային խնդիրներից են՝ կրթական ծրագրերի արդյունավետ կազմակերպումն ու դրանց ադապտացումը կրթության կազմակերպման փոփոխվող պահանջներին: Հիմք ընդունելով մարդակենտրոնությունը որպես կրթության կազմակերպման հիմնական սկզբունք՝ անհրաժեշտ է կենտրոնանալ ուսանողներին անհատական կրթական ուղի առաջարկելու վրա՝ ապահովելով նրանց զարգացման համար համապատասխան պայմաններ: Այս համատեքստում հատկապես կարևոր է դասընթացների շրջանակում բազմաբաղադրիչ գնահատման համակարգի արդյունավետ ներդրումը, լսարանային և ինքնուրույն աշխատանքի օպտիմալ համամասնության սահմանումը, ինչպես նաև կրթական ծրագրերի բաղադրիչների միջև փոխկապակցվածության և փոխազդեցության շարունակական զարգացումը:
Բացի այդ, այս գործընթացների հաջող իրականացումը պահանջում է կրթական ծրագրերում ներգրավված աշխատակիցների գործունեության համակարգված մոտեցում: Սա ենթադրում է ծրագրերի ղեկավարների համար հստակ աշխատանքային շրջանակի ձևավորում, նրանց կարողությունների շարունակական զարգացում ու ռեսուրսների արդյունավետ բաշխման ու կառավարման բարելավում:
Մրցակցային պայմաններում դիմորդների հետ աշխատանքը ևս դառնում է առաջնահերթ: Այս ուղղությամբ առանձնահատուկ կարևորություն ունի կրթական հնարավորությունների, մասնագիտական զարգացման և կարիերայի հեռանկարների վերաբերյալ իրազեկումը և մասնագիտական կողմնորոշմանը աջակցող ծրագրերի իրականացումը:

Խնդիր 1.1 Դիմորդների շրջանում մասնագիտական կողմնորոշման աշխատանքների կազմակերպում և բարձր ներուժ ունեցող/տաղանդավոր դիմորդների ներգրավում:

1.1.1 Ստեղծել դիմորդների մասնագիտական կողմնորոշմանը միտված մասնագիտական փաթեթ։
1.1.2 Կազմակերպել Մասնաճյուղը և գործող կրթական ծառայությունները/ծրագրերը ներկայացնող պարբերական միջոցառումներ:
1.1.3 Կազմակերպել բարձր ներուժ ունեցող դիմորդների ներգրավման նպատակով առարկայական մրցույթներ և օլիմպիադաներ։
1.1.4 Ստեղծել դիմորդների բազա և ապահովել նրանց հետ հետադարձ կապի արդյունավետ մեխանիզմներ։

Խնդիր 1․2 Կրթական ծրագրերի բովանդակության և կրթական գործընթացի կազմակերպման սկզբունքների արդիականացում։

1.2.1 Գործարկել ուսանողների գործնական գիտելիքների և կարողությունների ձևավորման նոր մեխանիզմներ:
1.2.2 Մշակել և ներդնել կրթական վերջնարդյունքների (ԿՎ) ձեռքբերումը գնահատող չափանիշներ և ընթացակարգեր, իրականացնել ԿՎ ձեռքբերման պարբերաբար գնահատում և այն ապահովող աշխատանքների իրականացում:
1.2.3 Զարգացնել ուսանողների հաղորդակցական, պրեզենտացիոն, թվային և կանաչ կարողությունները։
1.2.4 Իրականացնել ուսանողների օտար լեզուների իմացության բարձրացմանը միտված քայլեր։
1.2.5 Մշակել և փորձարկել ուսանողի լրիվ և մասնակի բեռնվածությամբ անհատականացված ճկուն ուսումնառության գործընթացներ։ 

1.2.6 Ստեղծել ԿԾ ղեկավարների խորհուրդ, վերասահմանել ԿԾ ղեկավարի իրավասությունները և պարտականությունները։
1.2.7 Սահմանել ԿԾ-ի վերանայման, բարելավման և մրցակցային դիրքի ամրապնդման համար դրամաշնորհի ՝ մշակված ԳԱՑ-ի գնահատման հիման վրա և հրավիրյալ միջազգային փորձագետի մասնակցությամբ։
1.2.8 Ընդլայնել ակադեմիական ազնվության ապահովման մեխանիզմները:
1․2․9 Մշակել և ներդնել ուսանողների ինքնուրույն աշխատանքի ժամերի/ բեռնվածության արդյունավետ օգտագործման և արդյունքների հաշվառման/չափման մեխանիզմներ:

Խնդիր 1․3 Ուսումնառության և դասավանդման բարելավմանն ու ներառականությանն ուղղված միջոցառումների իրականացում։

1.3.1 Ներդնել դասավանդման, ուսումնառության և գնահատման ժամանակակից, ինտերակտիվ և տեխնոլոգիապես հագեցած մեթոդներ:
1.3.2. Մշակել և ներդնել մեխանիզմներ միտված ուսանողի ակադեմիական ներգրավվածության և բարեկեցության բարձրացմանը:
1.3.3. Ապահովել արտալսարանային խորհրդատվությունների իրականացման պայմաններ (office hours):
1․3.4 Զարգացնել որակյալ ուսումնառությանը նպաստող օժանդակ ուսանողական ծառայություններ:

Խնդիր 1․4 Կրթական ծառայությունների միջազգայնացման հնարավորությունների զարգացում։

1.4.1 Մշակել և ներդնել կրթական վերջնարդյունքների և կրեդիտների ճանաչման համապատասխան կարգ ու չափանիշներ։

Խնդիր 1․5 Կրթական արդյունքը սպառող արտաքին գործընկերների հետ շարունակական համագործակցության խթանում։

1.5.1 Մշակել և իրագործել գործատուների հետ համագործակցությամբ փորձնակության ինստիտուտ:
1․5․2 Իրականացնել ԿԾ-ից և շրջանավարտներից գործատուների բավարարվածության վերաբերյալ համալիր ուսումնասիրություն՝ ԿԾ արդիականացման և շրջանավարտների գործունակության բարձրացման նպատակով։

Հիմնական դրույթներ և մոտեցումներ

Իրականացնել և զարգացնել նորարարական հետազոտություններ` հասարակագիտական, սոցիալ-տնտեսագիտական, հումանիտար և բնագիտական մասնագիտությունների լայն սպեկտրով։

Խնդիր 2․1 Գիտական գործունեության համակարգման հնարավորությունների բարելավում կառուցվածքային, ընթացակարգային և գործիքակազմի բարեփոխման միջոցով։

2.1.1 Իրականացնել ներքին ուսումնասիրություն գիտական գործունեության համակարգման ընթացիկ գործընթացներում բացերը հայտնաբերելու նպատակով: 

2.1.2 Մշակել գիտական գործունեության համակարգման բարելավման համապարփակ ծրագիր:

Խնդիր 2․2 Մասնաճյուղի գիտական գործառույթի և այլ գործառույթների միջև կապի ամրապնդում՝ ներքին պատվերների և համագործակցային հնարավորությունների խթանման միջոցով։

2.2.1 Ստեղծել գիտական հետազոտությունների և Մասնաճյուղի այլ գործառույթների միջև հաղորդակցությունը ապահովող հանձնաժողով:
2.2.2 Զարգացնել ներքին դրամաշնորհների և պատվերների համակարգ՝ միջգիտակարգային համագործակցությունը խթանելու նպատակով։

Խնդիր 2․3 Արձագանքում հասարակության և մարզի առաջնահերթություններին կիրառական գիտահետազոտական ծրագրերի իրականացման միջոցով։

2.3.1 Ուսումնասիրել ԵՊՀ-ում իրականացված համապատասխան աուդիտը մարզային մակարդակում կիրառելու համար:
2.3.2 Կազմակերպել պարբերական խորհրդակցություններ մարզային և արդյունաբերության ներկայացուցիչների հետ՝ գիտահետազոտական կարիքները հստակեցնելու համար։
2.3.3 Իրականացնել կիրառական հետազոտական ծրագրեր, որոնք կարձագանքեն հասարակության և պետության առաջնահերթություններին:
2.3.4 Մասնաճյուղում ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք կկենտրոնանան կիրառական հետազոտական ոլորտների վրա։

Խնդիր 2․4 ԵՊՀ ԻՄ գիտահետազոտական արդյունքի հաղորդակցում միջազգային գիտական համայնքի հետ։

2.4.1 Բարձրացնել ԵՊՀ ԻՄ հետազոտությունների տեսանելիությունը՝ հոդվածներ հրապարակելով միջազգային ամսագրերում և մասնակցելով միջազգային գիտաժողովների:
2.4.2 Հաստատել համագործակցություններ միջազգային գիտական հաստատությունների հետ՝ համատեղ ծրագրեր և հրապարակումներ կատարելու նպատակով։
2.4.3 ԵՊՀ ԻՄ առցանց հարթակների արդիականացում, որտեղ կհրապարակվեն մասնաճյուղի հետազոտական արդյունքները՝ դրանք հասանելի դարձնելով միջազգային գիտական հանրությանը։

Հիմնական դրույթներ և մոտեցումներ

Ենթակառուցվածքների և տարածքի բարեկարգման առաջնային սկզբունքներն են՝ անվտանգությունը, ներառականությունն և հարմարավետությունը: Մասնաճյուղը պետք է ձգտի ունանալ այնպիսի միջավայր, որտեղ ուսանելն ու աշխատելը կլինեն արդյունավետ, իսկ ուսանողներն ու դասախոսները Մասնաճյուղը կդիտարկեն որպես իրենց հիմնական գործունեության կենտրոն:
Մասնաճյուղում պարբերաբար կատարվում են բարեկարգման աշխատանքներ, թարմացվում է լսարանների տեխնիկական հագեցվածությունը: Նախատեսվում է Մասնաճյուղի բնագիտական և կիրառական արվեստի ֆակուլտետների տանիքի և կենտրոնական մասնաշենքի բակի բարեկարգման աշխատանքները: Բարեկարգումը պետք է նպաստի նաև սոցիալական միջավայրի ձևավորմանը և լինի տնտեսապես նպատակահարմար: Էներգախնայողությունը և «Կանաչ համալսարանի» հայեցակարգի զարգացումը՝ ներառյալ թափոնների տեսակավորումը և թղթի սպառման նվազեցումը թվայնացման միջոցով, պետք է Մասնաճյուղի արդիականացման առանցքային ուղղություններից լինեն:

Խնդիր 3.1 Ենթակառուցվածքների զարգացման համակարգային մոտեցման մշակում և օբյեկտիվորեն հնարավոր չափանիշների սահմանում։

3.1․1 Հաշվարկել էլեկտրական ենթակառուցվածքների ծանրաբեռնվածությունը և մշակել ընդհանուր ծանրաբեռնվածության տեղեկատու՝ նոր սարքերի տեղադրման, վերանորոգման աշխատանքների իրականացման ընթացքում համակարգի խաթարումը բացառելու և ենթակառուցվածքների արդիականացումը արդյունավետ կազմակերպելու նպատակով։                                                                                                                                                                                                                                       3.1.2 ԵՊՀ ԻՄ պայմաններին ադապտացնել ԵՊՀ կողմից սահմանված լսարանների նորոգման և կահավորման չափանիշները:
3.1.3 ԵՊՀ ԻՄ պայմաններին ադապտացնել ԵՊՀ կողմից սահմանված ուսումնական լաբորատորիաների նորոգման և կահավորման չափանիշները:

Խնդիր 3․2 Գիտական և կրթական տարածքների (լսարաններ, լաբորատորիաններ, դահլիճներ) արդիականացում, բազմագործառույթ տարածքների նախատեսում և կահավորում։

3.2.1 Մշակել ուսումնական լաբորատորիաների վերանորոգման, կահավորման և սարքավորումներով հագեցման պլան-ժամանակացույց և դրա հիման վրա պլանավորել և իրականացնել աշխատանքներ։ 

3.2.2 Մշակել լսարանների վերանորոգման, կահավորման և սարքավորումներով հագեցման պլան-ժամանակացույց և դրա հիման վրա պլանավորել և իրականացնել աշխատանքներ։

3.2.3 Մշակել ԵՊՀ ԻՄ դահլիճների վերանորոգման, կահավորման և սարքավորումներով հագեցման պլան-ժամանակացույց և դրա հիման վրա պլանավորել և իրականացնել աշխատանքներ։
3.2.4 Վերանայել և ադապտացնել պլան-ժամանակացույցները՝ տարեկան կտրվածքով Մասնաճյուղում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխություններին և կարիքներին համապատասխան։

Խնդիր 3․3 Ընդհանուր տարածքի (գրադարան, սրճարան, սանհանգույցներ, կամպուսային տարածք), ինչպես նաև անհատական և կոլեկտիվ աշխատանքային տարածքների բարեկարգում և կահավորում։

3.3.1 Մշակել մասնաշենքերի միջանցքների, ընդհանուր տարածքների և կամպուսային տարածքի վերանորոգման և կահավորման հայեցակարգ և պլան-ժամանակացույց և դրա հիման վրա պլանավորել և իրականացնել աշխատանքներ։
3.3.2 Բարեկարգել և արդիականացնել ԵՊՀ ԻՄ սպորտդահլիճը:
3.3.3 Մշակել պրոֆեսորադասախոսական անձնակազմի համար նախատեսված աշխատանքային տարածքներն աշխատակիցների պահանջներին համապատասխանեցման հայեցակարգ, մշակել պիլոտային ծրագրի պլան- ժամանակացույց և կազմակերպել համապատասխան աշխատանքներ։
3.3.4 Մշակել վարչական մասնաշենքի վերանորոգման և կահավորման պլան-ժամանակացույց և կազմակերպել համապատասխան աշխատանքներ։

Խնդիր 3․4 Աշխատակիցների և ուսանողների համար սոցիալականացման լրացուցիչ հնարավորությունների ստեղծում ենթակառուցվածքների զարգացման և նպաստող միջավայրի ապահովման միջոցով։

3.4.1 Վերանորոգել և արդիականացնել կամպուսային տարածքում ուսանողների և աշխատակիցների համար սոցիալականացման տարածքները։
3.4.2 Արդիականացնել Մանսաճյուղի տարածքում թվային և ֆիզիկական տեղեկատվական վահանակները։
3.4.3 Լրամշակել Մանսաճյուղի արարողակարգը` ուսանողների և աշխատակիցների շրջանում ընդհանուր սոցիալական մշակույթի ձևավորման նպատակով:

Խնդիր 3․5 Տարածքի բաշխման և օգտագործման քաղաքականության լրամշակում և անհրաժեշտ գործիքակազմի ներդրում։

3․5․1 Վերանայել ուսումնական լսարանների և լաբորատորիաների բաշխման և օգտագործման սկզբունքը՝ հաշվի առնելով մասնակի բեռնվածությամբ ճկուն անհատական ծրագրերի իրականացման իրողությունը։
3.5.2 Հարմարեցնել ուսումնական տարածքները ուսանողի կրթական կարիքներին՝ ԿԾ-ի իրականացման արդյունավետությունն ապահովելու նպատակով` ԿԾ իրականացման պատասխանատուների կողմից համապատասխան չափանիշների ներկայացման հիման վրա։

Խնդիր 3․6 Ենթակառուցվածքների համապատասխանեցում ներառականության սկզբունքներին և «կանաչ համալսարանի» հայեցակարգին։

3.6.1 Տեղադրել թեքահարթակներ՝ Մասնաճյուղի ուսումնական մասնաշենքերին հասանելիություն ապահովելու համար։
3.6.3 Ներառականության և ԿԶՆ ստանդարտների ապահովման նպատակով լրամշակել և արդիականացնել ԵՊՀ ԻՄ ընթացակարգերը։

3.6.4 Մշակել «Կանաչ համալսարան»-ի հայեցակարգ և իրականացնել պիլոտային ծրագրեր։

Խնդիր 3․7 Մասնաճյուղում բնականոն գործունեության ապահովման և անվտանգության համակարգերի շարունակական և համակարգային զարգացում և բարելավում։

3.7.1 Արդիականացնել տեսաձայնագրման համակարգերը։
3.7.2 Տեղադրել հակահրդեհային համակարգեր։
3.7.3 Մշակել լսարանային գույքի օգտագործման և անվտանգության ապահովման համակարգ և իրականացնել պիլոտային ծրագիր։

 

Հիմնական դրույթներ և մոտեցումներ

Մարդկային ռեսուրսի շարունակական զարգացումը ԵՊՀ ԻՄ ռազմավարության կարևոր դրույթներից է: Մարդկային ռեսուրսի զարգացումը ներառում է հավելյալ գիտելիքների, կարողությունների և հմտությունների տրամադրում,որն ապահովվում է հիմնականում ԵՊՀ ԻՄ ինչպես պրոֆեսորադասախոսական, այնպես էլ վարչական անձնակազմի վերապատրաստումների միջոցով: Մասնաճյուղը մասնավորապես կարևորում է մարդկային ռեսուրսների մասնագիտական, մեթոդաբանական, կազմակերպչական և հաղորդակցման հմտությունների զարգացումը:
Մասնաճյուղում առկա մարդկային ռեսուրսի զարգացմանը զուգահեռ անհրաժեշտ է նաև Մասնաճյուղը համալրել որակյալ կադրերով:
Մարդկային ռեսուրսի ներգրավվման համար կարևոր է աշխատավարձերի բարձրացումը, ինչը մի կողմից նախ պետք է համապատասխանեցվի երկրի տնտեսական վիճակին, մյուս կողմից արտացոլի աշխատակցի ձեռքբերումներն ու առաջխաղացումը: Այս նպատակով անհրաժեշտ է ներդնել արդյունավետ գնահատման համակարգ, վերանայել աշխատավարձերի սահմանման սկզբունքները և արդիականացնել աշխատանքի ընդունման ընթացակարգերը:
Աշխատակիցների և ստորաբաժանումների գործունեության պլանավորումն ու հաշվետվողականությունը պետք է դառնան գնահատման համակարգի կարևոր մասը: Այս մեխանիզմը կօգնի ստուգել աշխատակիցների արդյունավետությունը, խթանել կարգապահությունը: Աշխատավարձերի բարձրացման հետ մեկտեղ խրախուսման այլ միջոցներ նույնպես կարող են կիրառվել: Այս պահին Մասնաճյուղը տրամադրում է առողջապահական ապահովագրություն և ենթակառուցվածքներից օգտվելու որոշ արտոնություններ, սակայն հավելյալ նախաձեռնությունները կարող են նպաստել կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակի ձևավորմանը և Մասնաճյուղում աշխատելու գրավչության բարձրացմանը:
Աշխատակիցների կարողությունների զարգացմանն է ուղղված վերապատարստման ծրագրերի իրականացումը: Այս համատեքստում անհրաժեշտ է կազմակերպել դասընթացներ, սեմինարներ, աշխատարաններ և այլ միջոցառումներ, որոնցից ստացած գիտելիքները աշխատանքային գործունեության մեջ կիրառման հնարավորություն կընձեռնեն:

Խնդիր 4․1 Վարչական, կրթական և գիտահետազոտական անձնակազմի կարիքներին արձագանքող և գործունեության արդյունավետության շարունակական բարձրացմանն ուղղված վերապատրաստումների համակարգի բարելավում՝ մասնագիտական, մեթոդաբանական, կազմակերպչական և հաղորդակցական կարողությունների զարգացում։

4․1․1 Մշակել և իրականացնել վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի կարիքների գնահատման վրա հիմնված վերապատրաստումներ։

4.1.2 Մշակել, ձեռք բերել և օգտագործել հեռաուսուցման ծրագրեր ԵՊՀ և այլ թվային հարթակներում։

Խնդիր 4․2 Վարչական, կրթական և գիտահետազոտական անձնակազմի մասնագիտական առաջխաղացման հետագծի և հնարավորությունների հստակեցմանն ու սահուն սերնդափոխությանը նպաստող համակարգերի ձևավորում, նրանց գործունեության պարբերական գնահատման արդյունավետ համակարգի գործարկում։

4.2.1 Մշակել և գործարկել աշխատակազմի գործունեության և կարիքների ինքնագնահատման և գնահատման համակարգ։
4.2.2 Վերանայել վարչական աշխատակազմի աշխատանքային պարտականությունների նկարագրությունները և դրանց հիման վրա մշակել և ներդնել ԳԱՑ-ի համակարգ։
4.2.3 Ներդնել խորհրդատվական ծառայություն աշխատակիցների պարբերական գնահատման ընթացքում և ըստ անհրաժեշտության՝ կարիերայի զարգացման և առաջխաղացման հնարավորությունների վերաբերյալ:
4.2.4 Գործարկել փորձարկված և լրամշակված գնահատման/ինքնագնահատման համակարգ ամբողջ աշխատակազմի համար, կազմակերպել ԳԱՑ-ի համակարգի հիման վրա աշխատակիցների պարբերական գնահատում:

Խնդիր 4․4 Ցկյանս ուսուցման հայեցակարգի մշակում և համակարգի զարգացում։

4.4.1 Մասնավոր ոլորտի գործընկերների համար մշակել և առևտրայնացնել կորպորատիվ փաթեթներ:
4.4.5 Ուսանողների համար մշակել և իրականացնել կարիքների գնահատման հիման վրա ձևակերպված լրացուցիչ կրթության ծրագրեր:

Հիմնական դրույթներ և մոտեցումներ

Մասնաճյուղի բնականոն աշխատանքի կազմակերպման համար առաջնային է կառավարման արդյունավետության բարձրացումը: Այս գործընթացի առանցքային բաղադրիչներն են պլանավորումը, գործառույթների հստակեցումը, պատվիրակումը, անհրաժեշտ ռեսուրսների (մարդկային, ֆինանսական,տեխնիկական) ճիշտ բաշխումը, ինչպես նաև որոշումների կայացման ու իրականացման գործընթացի մշտադիտարկումն ու գնահատումը:
Կառավարման համակարգի բարելավման համար կարևոր է նաև ֆինանսական և բովանդակային գործընթացների սերտ փոխկապակցումը, ֆինանսական ռեսուրսների բաշխման և օգտագործման արդյունավետության բարձրացումը, ֆինանսական աղբյուրների բազմազանեցումը:

Խնդիր 5․1 Վարչական, կրթական և գիտահետազոտական անձնակազմի տեղակալման և վարձատրման արդյունավետ համակարգի մշակում և ներդրում։

5.1.1 Իրականացնել վարչական, կրթական և գիտահետազոտական անձնակազմի տեղակալման, իրականացված գործառույթների, ծանրաբեռնվածության և վարձատրության համապարփակ վերլուծություն։ 

5.1.2 Վերանայել և գործարկել վարչական, կրթական և գիտահետազոտական անձնակազմի տիպաբանության, տեղակալման սկզբունքների, վարձատրության ձևավորման համակարգը։

Խնդիր 5․2 Տվյալների համակարգված, հասանելի և փոխկապակցված համակարգի ստեղծում։

5.2.1 Մշակել տվյալների հասանելիության, պահպանման և չտարածման անվտանգային ընթացակարգեր։
5.2.2 Կիրարկել ֆինանսական և գործունեության մշտադիտարկման և գնահատման գործիքակազմ և ներդնել արդյունքների օգտագործման կանոնակարգ:
5.2.3 Ստեղծել տվյալների հավաքագրման, պահպանման և մշակման ամբողջական համակարգ:

Խնդիր 5․3 Մասնաճյուղի տարեկան գործունեության համապարփակ պլանավորման, մշտադիտարկման և գնահատման արդյունավետ համակարգերի ներդրում, ֆինանսական ու բովանդակային հաշվետվողականության և թափանցիկության համակարգերի արդիականացում։

5.3.1 Վերջնականացնել և հաստատել տարեկան համապարփակ պլանավորման հայեցակարգը՝ ընթացակարգերը, գործիքները, ձևաչափերը և ժամանակացույցը:
5.3.2 Լավարկել ԳԱՑ-ի համակարգի վրա հիմնված պարբերական ֆինանսական և գործունեության հաշվետվությունների կազմման ձևաչափերը և գործիքակազմը։
5.3.3 Լրամշակել ֆինանսական և գործունեության մշտադիտարկման և գնահատման գործիքակազմը, կանոնակարգել արդյունքների օգտագործումը։

Խնդիր 5.4 ԵՊՀ ԻՄ կառուցվածքային բարեփոխումների միջոցով Մասնաճյուղի գործունեության արդյունավետության բարձրացում:

5.4.1 ԵՊՀ ԻՄ վարչական և կրթական ստորաբաժանումների վերակազմակերպման համար իրականացնել համապարփակ ուսումնասիրություն և մշակել կառուցվածքային վերափոխման ճանապարհային քարտեզ։
5.4.2 Իրականացված հետազոտության և մշակված ճանապարհային քարտեզի հիման վրա իրականացնել ստորբաժանումների վերակազմակերպմանն ուղղված ընթացակարգային, ֆինանսական, ՄՌ վերակազմակերպման գործողություններ։

Հիմնական դրույթներ և մոտեցումներ

Արտաքին միջավայրի հետ ամուր և արդունավետ կապը Մասնաճյուղի արդիականացման և զարգացման կարևոր պայմաններից մեկն է: Շահառուների և գործընկերների հետ արդյունավետ հաղորդակցության միջոցով հնարավոր է ապահովել դիմորդների հոսքը, բարեփոխումների և ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ ռեսուրսները, ինչպես նաև կրթական ու գիտահետազոտական բովանդակության համապատասխանությունը հասարակության, պետության պահանջներին: Այս համատեքստում ԵՊՀ ԻՄ շարունակական ինտեգրումը արտաքին միջավայրին կարելի է դիտարկել՝ ըստ թիրախային խմբերի և հաղորդակցման ու համագործակցության նպատակների՝
> կրթության սպառողներ՝ դիմորդներ, ուսանողներ, շրջանավարտներ, շարունակական կրթություն ցանկացող անհատներ, կորպորատիվ կրթական ծառայություններ պահանջող կազմակերպություններ,                                                                                                                                                                                                                             > մտավոր արդյունքի սպառողներ՝ պետական կառավարման մարմիններ, տնտեսվարողներ,տեղական ինքնակառավարման մարմիններ
> կրթական արդյունքի սպառողներ՝ գործատուներ,պետական կառավարման մարմիններ, գիտակրթական հաստատություններ:
Մասնաճյուղի ծառայությունների զարգացման տեսանկյունից այն պետք է շարունակաբար հավաքագրի գործընկերներից և շահառուներից կրթական և գիտահետազոտական արդյունքի վերաբերյալ արձագանքներ և կարողանա դրանք օգտագործել նպատակային:
Մասնաճյուղի հանրային հանձնառության տեսանկյունից կարևոր է կրթության և գիտության հանրահռչակումը: Սահմանափակ բնական ռեսուրսներ ունեցող մեր երկրի նման երկրում պետք է ձևավորվի մոտեցում, ըստ որի, երկրի հիմնական ռեսուրսը ոչ թե բնական ռեսուրսներն են, այլ կոմպետենտ, կայացած և առաջադեմ քաղաքացին, որի զարգացման կարևոր մաս է կազմում կրթությունը:

Անհրաժեշտ է զարգացնել Մասնաճյուղի հաղորդակցման գործիքները և ընդլայնել համագործակցությունը զանգվածային լրատվամիջոցների հետ, որպեսզի ԵՊՀ ԻՄ-ն հանդես գա որպես թե՛ տեղեկատվություն տարածող, թե՛ այդ տեղեկատվություն մատակարարող միավոր:
Մասնաճյուղի արդյունավետության կարևոր ցուցիչներից է նաև իր արտադրած մտավոր արդյունքի կիրառելիության ապահովումը: Այս նպատակին հասնելու համար սկզբունքային է պետական, մասնավոր և հասարակական ոլորտների գործընկերների հետ ակտիվ համագործակցությունը:
Առանձնահատուկ կարևորություն ունի Մասնաճյուղի աշխատանքը շրջանավարտների համայնքի հետ: Այս ուղղությամբ առաջնային են հաղորդակցման հնարավորությունների ընդլայնումը: Մասնաճյուղը պետք է մշտական և արդյունավետ կապ պահի իր շրջանավարտների հետ՝ ապահովելով փոխշահավետ համագործակցություն: ԵՊՀ ԻՄ շրջանավարտները պետք է տեղեկացված լինեն բոլոր հնարավորությունների մասին: 

Այս տեսանկյունից Մասնաճյուղի գործունեությունը հստակ է՝ շարունակաբար համալրել շրջանավարտների տվյալների բազան, ստեղծել նոր հաղորդակցման և համագործակցության հնարավորություններ, տրամադրել մասնակցություն Մասնաճյուղի գործունեությանը և ներդնել ցանցային համագործակցության գործիքներ համայնքի համար:

Խնդիր 6․1 Համագործակցություն աշխատաշուկայի համապատասխան ոլորտների հետ կրթական արդյունքի և աշխատաշուկայի ակնկալիքների ներդաշնակեցման նպատակով:

6.1.1 Ընդլայնել և համակարգել աշխատաշուկայի գործընկերների ցանցը, բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդման նպատակով պարբերաբար միջոցառումներ կազմակերպել:
6.1.2 Իրականացնել աշխատաշուկայի զարգացման միտումների և պահանջարկի պարբերական ուսումնասիրություն:

Խնդիր 6․2 ԵՊՀ ԻՄ շրջանավարտների և բարեկամների համայնքի համախմբում Մասնաճյուղի շուրջ՝ համայնքում առկա մասնագիտական և ֆինանսական ռեսուրսների կոնսոլիդացման և Մասնաճյուղը՝ որպես համագործակցության և հաղորդակցության կենտրոնական հանգույց դիրքավորելու նպատակով։

6.2.1 Բարելավել շրջանավարտների կոնտակտային տվյալների հավաքագրման գործընթացը։ 

6.2.2 Լրամշակել և գործարկել շրջանավարտների համայնքի իրազեկման և ներգրավման ձևաչափերը և մեխանիզմները։
6.2.3 Մշակել և իրականացնել շրջանավարտների ներգրավմամբ համամասնաճյուղային նախաձեռնություններ և ծրագրեր։

Խնդիր 6․3 Հանրային հաղորդակցության արդյունավետության բարձրացում թիրախային խմբերի հստակեցմամբ և Մասնաճյուղի բրենդի զարգացման և առաջխաղացման միջոցով։

6.3․1 Գործընկեր լրատվամիջոցների հետ համագործակցությամբ իրականացնել տեղեկատվական նախագծեր:
6.3.2 Ավելացնել ԵՊՀ ԻՄ կայքի և սոցիալական հարթակներում պաշտոնական էջերի տեսանելիությունը:

Խնդիր 6․4 Թիրախային ծրագրերի միջոցով Մասնաճյուղի սոցիալական պատասխանատվության իրացում։

6.4.1 Իրականացնել թիրախային ծրագրեր՝ Արցախից բռնի տեղահանվածների համար:
6.4.2 Իրականացնել թիրախային ծրագրեր՝ սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչների համար:
6.4.3 Ընդլայնել ԵՊՀ ԻՄ համայնքի համար ներքին սոցիալականացման, ժամանցի և ինքնազարգացման հնարավորությունները։

©2025 Բոլոր իրավունքները պաշտպանված են: