2018թ. փետրվարի 13-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ինչպե՞ս և ինչու՞ մասնակցել գիտաժողովների» խորագրով սեմինարը, որը նախաձեռնել էր մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ):

Ներկա էին տարբեր ֆակուլտետների ուսանողներ: Սեմինարը վարում էր ՈՒԳԸ համակարգող, Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դասախոս Սլավիկ Ալավերդյանը:

Սեմինարավարը նշեց գիտաժողովների մասնակցելու դրական կողմերը․

  1. Սեփական ուժերի ստուգում:
  2. Շփում և մրցակցություն այլ ուսանողների հետ:
  3. Կրթության և կարիերայի աջակցության հնարավորություններ:
  4. Խրախուսվող հասարակական ակտիվություն։

Ներկայացվեց, որ գիտաժողովների մասին կարելի է տեղեկանալ տարբեր ուսումագիտական կազմակերպությունների պաշտոնական կայքերից, հայտարարությունների տախտակներից։

Կայացավ «Ինչպե՞ս և ինչու՞ մասնակցել գիտաժողովների» խորագրով սեմինարը

Ընդգծվեց, որ հարկավոր է ճշտել գիտաժողովի չափանիշները, թեմատիկան, անհրաժեշտ փաստաթղթերը և դիմելու վերջնաժամկետը, որից հետո ընտրել գիտական ղեկավար և թեմա։

Նշվեց, թե ինչ ընթացք ունի գիտաժողովին ներկայացվող զեկուցման համար անհրաժեշտ գիտական հետազոտությունը.

  1. Ընտրված թեմայի այժմեականության հիմնավորում:
  2. Հետազոտության նպատակի և խնդիրների սահմանում:
  3. Հետազոտության օբյեկտի և առարկայի սահմանում:
  4. Հետազոտության իրականացման մեթոդի (մեթոդիկայի) ընտրություն:
  5. Հետազոտության գործընթացի նկարագրություն:
  6. Հետազոտության արդյունքների վերլուծություն:
  7. Ստացված արդյունքների գնահատում և հետևությունների ձևակերպում:

Այնուհետև տրվեցին որոշ հասկացությունների բացատրություններ, թվարկվեցին հետազոտության մեթոդներըը (դիտում, համեմատում, գիտափորձ, չափում, մոդելավորում, վերացարկում, ինդուկցիա, դեդուկցիա, վերլուծություն, համադրություն և այլն), գիտահետազոտական աշխատանքների տեսակները (ռեֆերատ, գիտական հոդված, կուրսային և ավարտական աշխատանքներ և այլն), դրանց կառուցվածքը (անվանաթերթ, բովանդակություն, ներածություն, հիմնական մաս, եզրակացություն, գրականության ցանկ, հավելվածներ):

Կայացավ «Ինչպե՞ս և ինչու՞ մասնակցել գիտաժողովների» խորագրով սեմինարը

Ներկայացվեց աղբյուրներից օգտվելու կարգը և հղումներ կատարելու նշանակությունը.

  1. Գրագողությունից խուսափում:
  2. Ստուգելիության ապահովում:
  3. Հարգանքի դրսևորում այլոց աշխատանքների հանդեպ:
  4. Այլոց աշխատանքներով սեփական տեսակետի հիմնավորում:
  5. Ուսումնասիրվող թեմային քաջածանոթություն:

Բացատրվեցին համացանցում արդյունավետ որոնման նրբությունները (Google փնտրման օպերատորներ), ներկայացվեցին գիտական գրականություն պարունակող հիմնարար կայքերը,  «Գիտահետազատական աշխատանք կատարելու հիմնական սկզբունքները» մեթոդական ցուցումները, Վազգեն Գաբրիելյանի «Գրավոր խոսք» ուսումնական ձեռնարկը:

Ս․Ալավերդյանը հավելեց, որ նմանատիպ սեմինարներ հետագայում ևս կկազմակերպվեն, և մասնաճյուղը միշտ պատրաստ է աջակցելու ուսանողներին գիտաժողովների մասնակցելու հետ կապված հարցերում։

Կայացավ «Ինչպե՞ս և ինչու՞ մասնակցել գիտաժողովների» խորագրով սեմինարը

Spread the article
©2024 All rights reserved.