2025 թ. հուլիսի 2-ին կայացավ ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը, զարգացման և նորարարության գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը, ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արման Մալխասյանը, ռեկտորի աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, ԵՊՀ ֆինանսական վերլուծությունների վարչության պետ Տիգրան Գալստյանը, ռեկտորի խորհրդական Վիգեն Խալատյանը, Տավուշի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ, ԵՊՀ ԻՄ վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ, ուսանողներ, շրջանավարտներ, ծնողներ, մարզի տարբեր ոլորտների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, արտաքին շահակիցներ, հյուրեր:

Այս տարի ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը դեպի մեծ կյանք էր ճանապարհում 249՝ բակալավրիատի 240 (առկա ուսուցմամբ՝ 154, հեռակա ուսուցմամբ՝ 86) և մագիստրատուրայի (հեռակա ուսուցմամբ) 9 շրջանավարտների, որոնց պատվին կազմակերպվել էր տոնական միջոցառում՝ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն և ավարտական երեկույթ: 
Հանդիսավոր միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության օրհներգով և Երևանի պետական համալսարանի հիմներգով:

ԵՊՀ ԻՄ 2025 թ. շրջանավարտներին շնորհավորական ջերմ խոսքեր ուղղեցին և բարի երթ մաղթեցին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը, Ուսանողական խորհրդի անդամ Դիանա Մելքոնյանը, մասնաճյուղի՝ 2025 թ. գերազանց առաջադիմությամբ շրջանավարտ, 2024 թ. «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթող Սահակ Գուլակյանը: 

Մայր բուհի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր շնորհավորական խոսքում մասնավորապես նշեց. «Ես կարծում եմ՝ այսօր ամենամեծ հպարտությունը, որ ապրում են, հենց ծնողներն են, որովհետև նրանց դրած ջանքն այսօր տալիս է իր պտուղները՝ երկարատև տարիների: Երկրորդը պրոֆեսորադասախոսական կազմն է, որն իր աշխատանքի արդյունքները տեսնում է այսօր, երբ ուսանողները, շրջանավարտներն արդեն մտնելու են կյանքի հուն, դառնալու են պրոֆեսիոնալներ, մասնագետներ, նպաստելու են երկրի, մարզի զարգացմանը, ինչու չէ նաև ավելի մեծ, գլոբալ փոփոխությունների համատեքստում օգնելու են կյանքը բարելավելու, ավելի լավը դարձնելու: ….Ես ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել պարոն Մակարյանին, ով բավականին լավ ավանդույթներ է դրել Իջևանի մասնաճյուղում և այսօր շարունակում է օգնել մասնաճյուղին և նաև Երևանի պետական համալսարանին՝ որպես ռեկտորի խորհրդական, պարոն Օթարյանին, ով շարունակում է այդ գեղեցիկ ավանդույթները՝ որպես տնօրեն, և տեսնում ենք, որ Իջևանի մասնաճյուղն օր օրի ավելի է բարգավաճում և ծաղկում: …. Սիրելի՛ շրջանավարտներ, այն գիտելիքը, որը դուք ստացել եք այստեղ՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում, սա միայն նախերգանքն է, սա միայն մեթոդաբանությունն է, մեծ մասը կախված է ձեզանից՝ ինչպես դա դուք կիրագործեք, կյանքի ընթացքում ինչքան կզարգացնենք ձեր գիտելիքները, ինչքան ջանք կներդնեք, որովհետև կյանքի ողջ ընթացքում ուսուցումը չի դադարում: ….Ես ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել նախ Տավուշի մարզպետին, մարզպետարանի ողջ անձնակազմին՝ մեզ հյուրընկալելու համար, Իջևանի մասնաճյուղի ողջ անձնակազմին և ձե՛զ՝ սիրելի՛ շրջանավարտներ՝ մասնաճյուղը բարեհաջող ավարտելու և կյանքի ճանապարհ մտնելու համար, շնորհակալ եմ բոլորիդ և բարի երթ եմ մաղթում ձեզ»:

ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանն իր ելույթում ընդգծեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը շրջանավարտներին տվել է գիտելիքներ, կարողություններ հմտություններ և արժեքներ, որոնք վստահաբար կօգտագործվեն ի բարօրություն հասարակության: Նա նշեց, որ ուսումնառության տարիները շրջանավարտների համար եղել են բարդ և հետաքրքիր փորձաշրջան, որ նրանք պատվով հաղթահարել են: Տնօրենը համոզմունք արտահայտեց, որ մասնագիտական ոլորտում սպասվող որոշակի դժվարությունները և ձախողումները ևս նրանք պատվով կհաղթահարեն և կկարողանան նպաստել երկրի, հասարակության զարգացմանը և առաջընթացին: Պարոն Օթարյանը խորին շնորհակալություն հայտնեց Մայր բուհի ռեկտորին և ամբողջ անձնակազմին՝ մասնաճյուղին տրամադրած անփոխարինելի աջակցության համար, Տավուշի մարզպետարանին (պարոն Ղալումյանի գլխավորությամբ) և բոլոր համայնքապետներին՝ համալսարանի կողքին լինելու համար, ԵՊՀ ԻՄ պրոֆեսորադասախոսական անձնակազմին՝ իրենց նվիրումի և աշխատանքի համար, շնորհավորեց, բազում հաջողություններ և բարի երթ մաղթեց շրջանավարտներին: 

Միջոցառմանը գեղեցիկ կատարումներով հանդես եկավ Իջևանի երաժշտական դպրոցի համույթը:
Այնուհետև տեղի ունեցավ շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Բարձր առաջադիմությամբ շրջանավարտներին ԵՊՀ ռեկտորը, ԵՊՀ ԻՄ տնօրենը և Տավուշի մարզպետի տեղակալը հանձնեցին գերազանցության դիպլոմները, ապա ֆակուլտետների դեկանների կողմից, ըստ մասնագիտությունների, տրվեցին առկա և հեռակա ուսուցման մյուս շրջանավարտների դիպլոմները: Այս տարի գերազանցության դիպլոմով ավարտեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 47՝ բակալավրիատի 44 և մագիստրատուրայի 3 շրջանավարտներ:

Տավշո չքնաղ բնության գրկում՝ Ենոքավանի «Yell Extreme Park»-ում, շարունակվեց միջոցառման երկրորդ մասը՝ շրջանավարտների ավարտական երեկույթը՝ ֆոտոնկարահանումներով, երաժշտությամբ և հյուրասիրությամբ:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:
 

Spread the article
©2025 All rights reserved.