- Main
- Տնօրենության նիստ
Նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ 2026-2027 ուստարվա ուսման վճարների չափերին, 2025-2026 ուստարվա 2-րդ կիսամյակի հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի ուսումնական պարապմունքների կազմակերպմանը, 2025-26 ուստարվա 1-ին կիսամյակում իրականացված ինքնուրույն աշխատանքներին, 2024-2025 ուստարվա ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների կարծիքների վերլուծությանը, ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից հեռակա ուսուցման շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ հարցման արդյունքների (2024 - 25 ուստարի) վերլուծությանը վերաբերող հարցեր:
Հաղորդումներ ներկայացվեցին 2025-26 ուստարվա առաջին կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանի ամփոփման, նույն ուստարվա 1-ին կիսամյակում իրականացված և 2-րդ կիսամյակում իրականացվող պրակտիկաների ընթացքի վերաբերյալ, 2025-26 ուստարվա ավարտական աշխատանքների կատարման ընթացքի, 2026 թ. բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածուների մասին:
ԵՊՀ ԻՄ 2026-2027 ուստարվա ուսման վճարների չափերի մասին հարցին անդրադարձավ մասնաճյուղի տնօրեն Մ. Օթարյանը: Մասնավորապես նշվեց, որ ԵՊՀ ԻՄ կրթական ծրագրերի համար իրականացվող ծախսերը հիմնականում գերազանցում են ուսման վարձավճարների չափերին, սակայն դրանցում փոփոխություներ իրականացնելիս անհրաժեշտ է անպայմանորեն հաշվի առնել Տավուշի բնակչության սոցիալական վիճակը և սահմանամերձ մարզին բնորոշ այլ հանգամանքներ: Ըստ այդմ՝ որոշվեց ԵՊՀ ԻՄ գիտական խորհրդին առաջարկել ոչ մեծ չափով փոփոխություններ կատարել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2026-2027 ուստարվա ուսման վճարների չափերում:
Հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի՝ 2025-26 ուստարվա 2-րդ կիսամյակի ուսումնական պարապմունքների կազմակերպման ընթացքի մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները և Ա. Դավթյանը: Մասնավորապես նշվեց, որ 2026 թ. մարտի 10-ից կմեկնարկի այս կիսամյակի հեռակա ուսուցման ուսումնական գործընթացը, որի համար իրականացվել են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ՝ կապված դասացուցակների, դասամատյանների, ըստ կուրսերի և խմբերի՝ լսարանային ֆոնդի բաշխման և այլնի հետ: Այդ ամենից ելնելով՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը պատրաստ է սկսելու 2025-26 ուստարվա 2-րդ կիսամյակի հեռակա ուսուցման բակալավրի և մագիստրատուրայի դասերը:
2025-26 ուստարվա 1-ին կիսամյակում իրականացված ինքնուրույն աշխատանքների վերաբերյալ հաղորդում ներկայացրեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա. Դավթյանը: Նշվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2025-2026 ուստարվա 1-ին կիսամյակի առկա ուսուցման բակալավրի կրթական ծրագրերի առաջինից չորրորդ կուրսերում ինքնուրույն աշխատանքներ ներառող դասընթացների թիվը կազմում է 176, հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրերի առաջինից չորրորդ կուրսերում՝ 46, մագիստրոսական երկու կրթական ծրագրերում՝ 14:
Ուսումնամեթոդական վարչության կողմից մասնագիտական ամբիոններում իրականացվել է 2025-2026 ուստարվա առաջին կիսամյակի առկա և հեռակա ուսուցման առաջինից չորրորդ կուրսերում նախատեսված դասընթացների ինքնուրույն աշխատանքների ստուգում։ Նախապես վարչության կողմից շրջաբերական է իջեցվել մասնագիտական ամբիոններին՝ ինքնուրույն աշխատանքների ձևաչափի հավելվածով: Նկատվել են որոշ թերացումներ, որոնք ներկայացվել են համապատասխան ստորաբաժանումներ՝ ինքնուրույն աշխատանքների կազմակերպման գործընթացի հետագա բարելավման նպատակով:
Տնօրենը ֆակուլտետների դեկաններին հանձնարարեց հետևողական լինել ինքնուրույն աշխատանքների արդյունավետ կազմակերպման գործում:
2024-2025 ուստարվա ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների կարծիքների վերլուծությանն անդրադարձավ ԵՊՀ ԻՄ տնօրենի խորհրդական Ա. Մակարյանը: Ներկայացվեց, որ 2025 թ. մայիսի 13-31-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում իրականացվել է 2024-2025 ուստարվա առկա ուսուցմամբ ամփոփիչ ատեստավորումը 11 մասնագիտության 12 կրթական ծրագրով՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Դիզայն», «Դեկորատիվ-կիրառական արվեստ», «Պատմություն», «Հոգեբանություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Զբոսաշրջություն», «Ֆինանսներ», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա»:
Նույն ուստարվա հեռակա ուսուցմամբ բակալավրի ամփոփիչ ատեստավորումն իրականացվել է 2025 թ. հունիսի 7-21-ը 11 մասնագիտության 7 կրթական ծրագրով՝ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Պատմություն», «Հոգեբանություն», «Զբոսաշրջություն», «Ֆինանսներ», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Հայոց լեզու և գրականություն»:
«Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսի կրթական ծրագրի հեռակա ուսուցման մագիստրոսական թեզերի պաշտպանությունն իրականացվել է 2025 թ. փետրվարի 6-ին, «Գործարար վարչարարություն (կառավարում)» մագիստրոսի կրթական ծրագրի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը՝ հունիսի 20-ին:
Նշվեց, որ Կրթական բարեփոխումների և որակի ապահովման (ԿԲՈԱ) բաժնի կողմից հավաքագրվել և վերլուծվել են ԵՊՀ ԻՄ 2024-2025 ուստարվա առկա և հեռակա ուսուցման շրջանավարտների վերաբերյալ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կարծիք-հաշվետվությունները: Դրանք կարևոր դեր են խաղում կրթական գործընթացի որակի վերահսկման և վերլուծության գործում՝ ծառայելով որպես հիմք կրթական ծրագրերի բարելավման, ուսանողական առաջընթացի գնահատման և մասնագիտական պատրաստվածության բարձրացման համար: Ըստ կրթական ծրագրերի՝ դրանք մանրամասն ներկայացվեցին տնօրենության նիստում:
ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից հեռակա ուսուցման շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ հարցման արդյունքների (2024-25 ուստարի) վերլուծությունը ևս ներկայացրեց Ա. Մակարյանը: Մասնավորապես նշվեց, որ ամփոփիչ ատեստավորման քննություններից հետո ԿԲՈԱ բաժնի կողմից իրականացված հարցման նպատակն էր պարզել շրջանավարտների բավարարվածությունը մասնաճյուղում ուսումնական գործընթացի կազմակերպումից և իրականացումից, պրակտիկաների կազմակերպումից, մատուցվող ծառայություններից և ռեսուրսներից, համալսարանական միջավայրից, գնահատման գործող համակարգից, գնահատման օբյեկտիվությունից և այլն:
Հարցումներն իրականացվել են անանուն և առցանց, ամփոփիչ ատեստավորման քննություններից հետո՝ դրանով ապահովելով հարցման օբյեկտիվությունը և առավելագույն անկեղծությունը:
2024-25 ուստարում մասնաճյուղը հեռակա ուսուցման բակալավրի 7 կրթական ծրագրերով տվել է 87 շրջանավարտ, որոնցից հարցմանը մասնակցել է 57-ը, այսինքն՝ շրջանավարտների 66%-ը, որն առցանց հարցումների տեսանկյունից մասնակցության վատ ցուցանիշ չէ: Նույն ուստարում հեռակա ուսուցման «Գործարար վարչարարություն» մագիստրոսական ծրագրով 9 շրջանավարտներից հարցմանը մասնակցել է 8-ը, որը կազմում է հարցվողների 89%-ը (մասնակցության բարձր ցուցանիշ է):
Շրջանավարտների կողմից որպես մասնաճյուղի ուժեղ կողմեր հիմնականում նշվել են գերազանց ընտրված պրոֆեսորադասախոսական կազմը, անաչառ և բուհի համար սրտացավ ղեկավարությունը, որակյալ կրթությունը և բարձր հեղինակությունը:
Հարցման մասնակից հեռակա ուսուցման բակալավրի շրջանավարտների 96%-ը, իսկ մագիստրատուրայի շրջանավարտների 100%-ը նշել է, որ խորհուրդ կտա իր մերձավորներին կրթություն ստանալ ԵՊՀ ԻՄ-ում: Այս գնահատակը խոսում է կրթական գործընթացի որակի, դասավանդման արդյունավետության, մասնագիտական կարողությունների ձևավորման և կրթական միջավայրի նկատմամբ բարձր վստահության մասին: Սա կարևոր ցուցիչ է նաև բուհի հեղինակության և հանրային ընկալման տեսանկյունից:
Նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունից հեռակա ուսուցման շրջանավարտների բավարարվածության վերաբերյալ հարցման արդյունքների (2024-25 ուստարի) վերլուծությունը կուղարկվի ֆակուլտետներ՝ ուսումնական գործընթացում դրանք հաշվի առնելու նպատակով:
2025-26 ուստարվա առաջին կիսամյակի առկա ուսուցման քննաշրջանի ամփոփման հարցի մասին զեկուցեց ՈՒՄՎ ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի վարիչ Ն. Առուշանյանը:
Նշվեց, որ ըստ հաստատված ժամանակացույցի՝ քննաշրջանն իրականացվել է 2026 թ. հունվարի 7-ից փետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում (1-ին և 2-րդ լուծարքային շրջանները ներառյալ): Այն անցկացվել է սահմանված կարգով, բողոքարկումներ չեն եղել: Քննաշրջանին մասնակցել է 639 ուսանող:
Քննաշրջանի արդյունքում ունենք հեռացման ենթակա 3 ուսանող (Հումանիտար գիտությունների ֆակուլտետից), դասընթացը կրկնող 8 ուսանող (5-ը՝ Տնտեսագիտության, 3-ը՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետից): Մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր ունի 9 ուսանող (4-ը՝ Տնտեսագիտության, 4-ը՝ Հումանիտար գիտությունների, 1-ը՝ Կիրառական արվեստի ֆակուլտետից):
2025-26 ուստարվա 1-ին կիսամյակում իրականացված պրակտիկաների և 2-րդ կիսամյակում իրականացվող պրակտիկաների ընթացքի վերաբերյալ զեկուցեց Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժնի վարիչ Լ. Բեգինյանը: Նշվեց, որ 2025-2026 ուստարվա ընթացքում, ըստ բակալավրի և մագիստրատուրայի աշխատանքային ուսումնական պլանների, նախատեսված է եղել 38 պրակտիկա՝ 7 ուսումնական (1 առկա, 6 հեռակա), 11 մանկավարժական (5 առկա, 6 հեռակա), 20 մասնագիտական (11 առկա, 9 հեռակա) և 1 գիտամանկավարժական (հեռակա):
Պրակտիկաները կազմակերպվել են ըստ ժամանակացույցի և մասնագիտական ամբիոնների կողմից Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժին ներկայացված ծրագրերի:
Երկրորդ կիսամյակում, ըստ բակալավրի և մագիստրատուրայի աշխատանքային ուսումնական պլանների, նախատեսված է 28 պրակտիկա (19-ը՝ առկա ուսուցման համակարգում, 9-ը՝ հեռակա): 2-րդ կիսամյակում կազմակերպվել են առկա ուսուցման 19 պրակտիկաներից 17-ը, մյուս 2 պրակտիկաները կկազմակերպվեն ապրիլ-մայիս ամիսներին: Հեռակա ուսուցման պրակտիկաների համար առայժմ իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ: Բոլոր ծրագրերը ներկայացվել են Պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության բաժին, կատարվել է պրակտիկաների իրականացման վայրերի քննարկում:
2025-26 ուստարվա ավարտական աշխատանքների կատարման ընթացքի մասին զեկուցեցին ֆակուլտետների դեկանները: Նրանք ըստ կուրսերի ներկայացրին աշխատանքների կատարման ընթացքը՝ նշելով, որ թե՛ առկա և թե՛ հեռակա ուսուցման համակարգերում աշխատանքները պատշաճ կերպով իրականացվում են, ուսանողները համապատասխան ցուցումների, խորհրդատվության և շտկումների համար հանդիպում են ղեկավարների հետ: Աշխատանքների իրականացման ընթացքը զեկուցողները բավարար համարեցին:
Մյուս հարցի հետ կապված՝ քննարկվեցին դեկանների կողմից ըստ մասնագիտությունների ներկայացված 2026 թ. բակալավրի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների թեկնածությունները: Տնօրենը դեկաններին հանձնարարեց առաջադրված թեկնածուների հետ ձեռք բերել վերջնական պայմանավորվածություն՝ սեղմ ժամկետներում նրանց թեկնածությունները հաստատման ներկայացնելու նպատակով:
Տնօրենության նիստում քննարկվեց նաև ԵՊՀ ԻՄ նախկին ուսանողների վերականգնման ընթացիկ հարցը, որի մասին զեկուցեց ՈՒՄՎ ուսումնական գործընթացի կազմակերպման և վերահսկման բաժնի վարիչ Ն. Առուշանյանը: Նշվեց, որ իրենց ուսանողական իրավունքները հեռակա ուսուցմամբ վերականգնելու համար դիմել են ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 14 նախկին ուսանողներ: Որոշվեց նրանցից 9-ին այս կիսամյակում թույլատրել վերականգնելու իրենց ուսանողական իրավունքները, իսկ մյուս 5 նախկին ուսանողներն առարկայական տարբերությունների թույլատրելի սահմանը գերազանցելու պատճառով կարող են դիմել 2026-2027 ուստարվա 1-ին կիսամյակում վերականգնվելու համար: