ԵՊՀ ԻՄ ուսումնամեթոդական վարչության ու Կրթական բարեփոխումների և որակի ապահովման բաժնի կողմից 2026 թ. ևս հավաքագրվել և վերլուծվում են ԵՊՀ ԻՄ առկա ուսուցման շրջանավարտների վերաբերյալ ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների կարծիք-հաշվետվությունները, որոնց արդյունքները կիրառվում են որակավորման շնորհման գործընթացի կազմակերպման և իրականացման հետագա բարելավման նպատակով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մայիսին իրականացվել է 2025-26 ուստարվա առկա ուսուցման շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումը 11 մասնագիտության 12 կրթական ծրագրով՝ մայիսի 16-ին՝ «Զբոսաշրջություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ռուսերեն և գրականություն», մայիսի 23-ին՝ «Հայոց լեզու և գրականություն», «Հոգեբանություն», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Դիզայն», «Դեկորատիվ-կիրառական արվեստ», մայիսի 30-ին՝ «Պատմություն», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Անգլերեն և գրականություն», «Ֆրանսերեն և գրականություն»:

Ըստ հանձնաժողովների նախագահների՝ 2026 թ. ամփոփիչ ատեստավորման գործընթացը ԵՊՀ ԻՄ ղեկավարության, վարչական ստորաբաժանումների և մասնագիտական ամբիոնների կողմից կազմակերպվել և իրականացվել է բարձր մակարդակով, ըստ ժամանակացույցների, գործող կարգով ավարտական աշխատանքների համար նախատեսված չափանիշներին համապատասխան:
«Օտար լեզու և գրականություն» մասնագիտության («Ֆրանսերեն և գրականություն», «Անգլերեն և գրականություն» կրթական ծրագրերի) ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահել է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի անգլերենի հաղորդակցության ամբիոնի վարիչ, բ․գ․թ․, դոցենտ Լիլիթ Բադալյանը:
«Ֆրանսերեն և գրականություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 5 շրջանավարտ և ստացել «գերազանց»: 

Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ ուսանողները դրսևորել են ֆրանսերենի բարձր իմացություն և հետազոտական կարողություններ: Նրանք հիմնականում պատշաճ կերպով ներկայացնում էին հետազոտության արդյունքները, նրանց խոսքը գրագետ էր, և ներկայացումը՝ հստակ: 
Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ նախագահն առաջարկել է դասընթացների և ավարտական աշխատանքների շրջանակներում ներկայացնել ավելի արդիական թեմաներ՝ ընդգրկելով միջգիտակարգային հետազոտություններ, գործաբանական, ճանաչողական լեզվաբանության ոլորտներ:
«Անգլերեն և գրականություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 30 շրջանավարտ. 10-ը ստացել է «գերազանց», 15-ը՝ «լավ», 5-ը՝ «բավարար»:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ավարտական աշխատանքների պաշտպանությունն իրականացվել է պատշաճ մակարդակով: Շրջանավարտները ներկայացրել են արդիական և հետաքրքիր թեմաներ: Ակնհայտ է, որ ուսանողների հետ տարվել է պատշաճ աշխատանք ամբիոնի վարիչի և դասախոսների կողմից: Նախագահը ցանկալի է համարել, որ ամբիոնն ավելի մեծ ուշադրություն դարձնի ուսանողների տեսական գիտելիքների և վերլուծական մտածողության զարգացման վրա՝ հաշվի առնելով արհեստական բանականության գործիքների լայնատարած կիրառման մարտահրավերները: 
Նա առաջարկել է ավարտական աշխատանքների թեմաներն ընտրելիս հաշվի առնել նաև ուսանողների կարողությունները և լեզվի իմացության մակարդակը: Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է ուսանողներին ավելի խորությամբ ներկայացնել լեզվաբանական միջգիտակարգերը:

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի կառավարման համակարգերի ամբիոնի պրոֆեսոր,  տեխ․ գիտ․ դոկտոր Օլեգ Գասպարյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 23 շրջանավարտ. 10-ը ստացել է «գերազանց», 11-ը՝ «լավ», 2-ը՝ «բավարար»:
Հանձնաժողովի նախագահը նշել է, որ ավարտական աշխատանքները հիմնականում թողել են լավ տպավորություն: Ուսանողների մակարդակը բավականին բարձր էր: Աշխատանքները ներկայացվել են գրագետ մասնագիտական լեզվով: Նրա կարծիքով՝ ընդհանուր առմամբ ավարտական աշխատանքների թեմաները հետաքրքիր էին և արդիական, իրականացված էին ամբողջությամբ: Այնուամենայնիվ, որոշ աշխատանքների վերնագրերը ոչ լիովին էին արտացոլում կատարած աշխատանքը, որը շատ ավելի բովանդակալից և ծավալուն էր:

Բոլոր աշխատանքներում առկա էր խնդիրների լուծումների ծրագրային իրականացում տեղեկատվական արդի տեխնոլոգիաներով: Սակայն որոշ դեպքերում աշխատանքները կշահեին, եթե խնդիրների իրականացումները կատարվեին ժամանակակից և համապատասխան ծրագրային փաթեթների կիրառմամբ: Նախագահի կարծիքով՝ շրջանավարտների մասնագիտական և ընդհանրական մակարդակը բավականին բարձր է, և նրանք պատրաստ են աշխատանքային գործունեություն ծավալելու մասնագիտական ոլորտում: 

«Պատմություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահել է ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակա¬տարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ,  պ․գ․թ․, դոցենտ Հովհաննես Ալեքսանյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 15 շրջանավարտ. 7-ը ստացել է «գերազանց», 8-ը՝ «լավ»:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ավարտական աշխատանքների պաշտպանությունը կազմակերպված էր պատշաճ, պահանջներին համապատասխան: Դրանք ունեին որոշակի գիտական նորույթ, առաջադրված խնդիրներն ուսումնասիրված և վերլուծված էին: Ավարտական աշխատանքները կազմված էին մասնագիտական գրականությունից օգտվելու, դրանք վերլուծելու հիման վրա, որն ի ցույց է դնում ուսանողների կարողությունների զարգացվածությունը: Աշխատանքները ներկայացվեցին պատշաճ, սահիկաշարով, գրագետ խոսքով, սակայն ինքնավստահության համար բանավոր խոսքի բարելավման շարունակական աշխատանքները ցանկալի են: 

Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ նախագահն առաջարկել է հետևյալը.
•    պարբերաբար ուշադրություն հատկացնել բանավոր խոսքին,
•    խրախուսել ուսանողների հարցուպատասխանի պատրաստակամությունը,
•    ակտիվ օգտագործել դիդակտիկ նյութեր,
•    ներկայացումների ժամանակ հանդես բերել առաջարկություններ, չսահմանափակվել բացառապես եզրակացություններով:
«Դեկորատիվ-կիրառական արվեստ» և «Դիզայն» կրթական ծրագրերի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորել է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի դիզայնի ամբիոնի դոցենտ Տիգրան Սոսոյանը:

«Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 7 շրջանավարտ և ստացել է «գերազանց»:
Հանձնաժողովի նախագահը շեշտել է իր զարմանքը և ուրախությունը, որ դեկորատիվ-կիրառական արվեստը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ունի այդպիսի մեծ հաջողություններ: Նրա խոսքով՝ ուսանողների աշխատանքներն իրենց բարձր ճաշակով և մասնագիտական հմտությամբ գտնվում էին գերազանց կատարողական մակարդակում, և դա, իհարկե, դասախոսական կազմի բարձր որակի մասին է խոսում: Թեմաներն արդիական էին, գրագետ էին շարադրված: 
Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման համար նախագահն առաջարկել է ավելի խորացնել և ավելացնել դեկորատիվ-կիրառական արվեստի խեցեգործության աշխատանքները, որոնք և՛ պահանջված են, և՛ ունեն կիրառման մեծ շրջանակներ:

Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ առաջարկվել է շարունակել ընտրված ճանապարհը, և ավարտական աշխատանքները ևս լինեն կիրառական ոլորտի նմուշներ:
«Դիզայն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 6 շրջանավարտ. 5-ը ստացել է «գերազանց», 1-ը՝ «լավ»:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ ընդհանուր առմամբ ներկայացված էին հետաքրքիր աշխատանքներ, ընտրված էին ծավալով մեծ շինություններ, որոնք դժվար էին ուսանողների համար: Նա նպատակահարմար է համարել ընտրել ավելի փոքր տարածքներ, չվախենալ գունային լուծումների ժամանակ կոնտրաստային գույներից: Նա ընդգծել է կահույքի և ինտերիերում օգտագործվող այլ տարրերի սեփական լուծումների ներկայացման հնարավորությունը:  
Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ նախագահն առաջարկել է ընտրել ավելի փոքր ծավալների աշխատանքներ, փորձել գտնել այնպիսի օբյեկտի նախագիծ, որը պահանջարկ ունի տվյալ տարածաշրջանի համար:

«Ֆինանսներ (ըստ ոլորտի)» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի պրոֆեսոր, տ.գ.դ. Արմեն Ճուղուրյանը:  

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 25 շրջանավարտ. 9-ը ստացել է «գերազանց», 10-ը՝ «լավ», 6-ը՝ «բավարար»:
Հանձնաժողովի նախագահը մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ հիմնականում առաջարկել է՝
•    առավել ուշադրություն դարձնել ստեղծարար մտածելակերպի զարգացմանը,
•    շրջանավարտներին մատուցել քննադատական մտածողության հմտություններ,
•    կենտրոնանալ գործնական կարողությունների զարգացման վրա,
•    ավելացնել կանաչ կրթության չափաբաժինը ուսումնական ծրագրերում:
Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության կապակցությամբ նշվել է, որ թեմաները հնարավորինս ունենան տարածաշրջանային ուղղվածություն:

Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման ուղղությամբ նախագահն առաջարկել է դրանք ուղղորդել հնարավորինս կիրառական ոլորտ:
«Հոգեբանություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտահետազոտական աշխատանքների գծով փոխտնօրեն, հ․գ․դ․, պրոֆեսոր Նաիրա Հակոբյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 9 շրջանավարտ. 8-ը ստացել է «գերազանց», 1-ը՝ «բավարար»:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ ավարտական աշխատանքների պաշտպանությունը կազմակերպված էր հավուր պատշաճի: Աշխատանքների թեմաները բնորոշվում էին արդիականությամբ ու հրատապություն ունեցող հետազոտություններով: Դրանք ամբողջությամբ համապատասխանում էին ներկայացվող պահանջներին:
Ուսանողները տիրապետում էին հետազոտությունների իրականացման հմտություններին ու կարողություններին, բանավոր խոսքին, որոնք տպավորություն էին գործում և հիմնավոր արդյունքներ էին ներկայացնում: 

Ակնառու էին պրոֆեսորադասախոսական անձնակազմի գործադրած ջանքերը ավարտական աշխատանքների պատրաստման և վերջնարդյունքների ներկայացման առումով: Նախագահն առաջարկել է ավարտական աշխատանքերի իրականացման ընթացքում առավել մանրակրկիտ հետևել տեխնիկական պահանջներին:
«Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորել է Համահայկական գրողների միության նախագահ, բ․գ․թ․, դոցենտ Աբգար Ափինյանը:   

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 7 շրջանավարտ և ստացել «գերազանց»:
Հանձնաժողովի նախագահը բուհում կատարվող աշխատանքը համարել է հիացմունքի արժանի և կարևորել է երիտասարդ կադրերի խրախուսման տարբեր մեխանիզմների կիրառումը, որպեսզի բուհի լավ շրջանավարտները (բոլորն անխտիր) ունենան իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնելու հնարավորություն:

Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության, շրջանավարտների կողմից դրանց իրականացման հետագա բարելավման ուղղությամբ նախագահը կարևոր է համարել համադրել լեզվաբանական և գրականագիտական գիտելիքները:
Շրջանավարտների ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման համար առաջարկվել է համապատասխան մասնագիտությամբ ձեռք բերված գիտելիքները զարգացնել և կիրառել հաջորդ աստիճանում՝ մագիստրատուրայում:

«Ռուսերեն և գրականություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսաց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, մ․գ․դ․, դոցենտ Նաիրա Դալյանը:

Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 12 շրջանավարտ. 7-ը ստացել է «գերազանց», 4-ը՝ «լավ», 1-ը՝ «բավարար»:
Ավարտական աշխատանքների թեմաների ընտրության կապակցությամբ առաջարկվել է ընտրել մեթոդական և մանկավարժական ուղղվածությամբ արդիական թեմաներ: Մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է շարունակել հետազոտական աշխատանքները՝ առաջնորդվելով ժամանակակից մեթոդիկայի և պրակտիկայի հիմունքներով, օգտագործել նորագույն գիտական գրականություն, ավելի շատ ուշադրություն դարձնել տեխնիկական թերություններին: Շրջանավարտների ձեռք բերած ուսումնառության ընդհանրական արդյունքների հետագա բարելավման համար նա առաջարկել է օգտագործել ստացած գիտելիքները ապագա աշխատանքի շրջանակներում՝ որպես մանկավարժ: 

«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը գլխավորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության ամբիոնի դոցենտ, մ․գ․թ․ Գրետա Հակոբյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 14 շրջանավարտ. 11-ը ստացել է «գերազանց», 3-ը՝ «լավ»:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ ավարտական աշխատանքներում պահպանված է տրամաբանական կառուցվածքը, նկատելի են ստեղծագործական լուծումներ և հետազոտական մոտեցումներ թեմայի հիմնախնդրի բացահայտման և լուծման ուղղությամբ, հետազոտության տվյալները հիմնականում արժանահավատ են: Հետագա բարելավման ուղղությամբ նպատակահարմար է համարվել, որ պահպանվեր հետազոտության նպատակ-խնդիրներ-եզրակացություններ տրամաբանական կապը, եզրակացությունները լինեին կառուցողական և արտացոլեին հետազոտության հիմնական արդյունքները, որոշ աշխատանքներում օգտագործվեին վերջին տարիների հրապարակումներ: Նախագահի կարծիքով՝ թեև ընտրված թեմաները հիմնականում արդիական էին, այդուհանդերձ ցանկալի կլիներ ավելի մեծ ուշադրություն դարձնել տեխնոլոգիական զարգացումների արդի միտումներին: Նաև առաջարկվել է առավել շեշտադրել չափորոշչահեն մոտեցումները, խորապես ուսումնասիրել առարկայական ծրագրերը և գործնական նյութերը մշակել ըստ հանրակրթական ռեսուրսների:

«Զբոսաշրջություն» կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահել է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի զբոսաշրջության և սերվիսի ամբիոնի ավագ դասախոս, տեխ. գիտ. թեկնածու Սմբատ Դավթյանը:
Ամփոփիչ ատեստավորմանը մասնակցել է 12 շրջանավարտ. 3-ը ստացել է «գերազանց», 9-ը՝ «լավ»:
Հանձնաժողովի նախագահի կարծիքով՝ առանձին աշխատանքներում առկա են յուրօրինակ լուծումներ, նորարարական և հետազոտական տարրեր, վերհանված խնդիրների համակողմանի ուսումնասիրություն և վերլուծություն: Ավարտական աշխատանքների իրականացման հետագա բարելավման ուղղությամբ նա առաջարկել է դուրս գալ Տավուշի մարզի սահմաններից և ուսումնասիրել համապետական խնդիրներ, իսկ մասնագետների պատրաստման որակի հետագա բարելավման համար առաջարկել է ուսումնական ծրագրում ներառել նոր առարկա՝ «Տուրիստական քարտեզագրություն և աշխարհագրական տեղեկատվական համակարգեր»:

Մյուս լուսանկարները տե՛ս Պատկերասրահում:
 

Spread the article
©2026 All rights reserved.