Սիրելի՛ համալսարանականներ, ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա ու նոր՝ 2026-2027 ուսումնական տարվա մեկնարկի առթիվ:

Թո՛ղ այս նոր ուսումնական տարին բոլորիս՝ դասախոսների և ուսանողների, ուսուցիչների և աշակերտների, կրթության և գիտության ոլորտի բոլոր աշխատողների համար լինի նորարար գաղափարների ու ստեղծագոծական հետաքրքիր մտահղացումների իրականացման, մասնագիտական աճի, ինքնադրսևորման և նոր հնարավորությունների տարի:

Պրոֆեսորադասախոսական անձնակազմի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, ձեզ է վստահված սերունդների կրթության և դաստիարակության չափազանց պատասխանատու գործը, որը, համոզված եմ, իրականացնելու եք պատվով, սիրով և անմնացորդ նվիրվածությամբ:

Գիտելիքը, հիրավի, մարդու ամենաթանկ կապիտալն է, նրա առջև հնարավորությունների դռներ բացող բանալի, գիտելիքը լույս է, որն ի զորու է ընդլայնելու մեր աշխարհընկալումը և բարեփոխելու մեզ շրջապատող աշխարհը:

Սիրելի՛ ուսանողներ, ցանկանում եմ, որ ճիշտ և արդյունավետ օգտագործեք ձեր ժամանակը, լինեք ուսումնատենչ, նախաձեռնող և նպատակասլաց՝ ԵՊՀ ԻՄ-ում ուսումնառության տարիները դարձնելով գիտելիքների ամբարման, ձեր կյանքում որպես անհատ և մասնագետ ձևավորման ու զարգացման կարևորագույն շրջան:

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ սեպտեմբերմեկյան ջերմ ողջույններս ու շնորհավորանքներս եմ ուղղում ձե՛զ՝ սիրելի՛ առաջին կուրսեցիներ, բարի գալուստ մեր հարազատ կրթօջախ՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, բոլորիս մաղթում եմ ուսումնառության հաջող մեկնարկ և ընթացք, բեղուն և արդյունավետ համատեղ աշխատանք….

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն,

տնտեսագիտության թեկնածու Մհեր Օթարյան

Spread the article
©2026 All rights reserved.