2026 թ. սեպտեմբերի 11-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեց Գյումրիում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի ղեկավար, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսության փոխհյուպատոս Դարյա Բոչարովան:

Նախ տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ տնօրեն Մհեր Օթարյանի հետ նրա հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին հետագա փոխհամագործակցությանը, հումանիտար և կրթական կապերի զարգացմանը, համատեղ մշակութային և կրթական նախաձեռնությունների իրականացմանը, ինչպես նաև մասնաճյուղի ուսանողների և դասախոսների համար կրթական, գիտական և մշակութային նախագծերին մասնակցելու հնարավորությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Հատուկ ուշադրություն դարձվեց երիտասարդների մեջ ռուսաց լեզվի, գրականության և մշակույթի ուսումնասիրության նկատմամբ հետաքրքրության խթանմանը, ինչպես նաև կրթական և մշակութային հաստատությունների միջև փոխգործակցության նոր ձևերի ստեղծմանը:

ԵՊՀ ԻՄ այցելության շրջանակներում նաև անցկացվեց «Ռուսական խոսք. սերունդների թելադրություն» միջոցառումը, որը նվիրված էր Գրագիտության միջազգային օրվան:
Միջոցառմանը մասնակցեցին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Ռուսերեն և գրականություն» կրթական ծրագրի ուսանողները: Թելադրությունը կարդաց Դարյա Բոչարովան: 

Ուսանողների համար սա ոչ միայն ռուսաց լեզվի իրենց գիտելիքները, ուղղագրությունը և կետադրական հմտությունները ստուգելու հնարավորություն էր, այլև գրագետ գրավոր խոսքի մշակույթին յուրօրինակ մոտեցում: Թելադրությունը նաև դարձավ մշակութային և կրթական փոխազդեցության կարևոր մաս՝ միավորելով ուսանողներին, դասախոսներին, ռուսական մշակութային և դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներին: 

Դարյա Բոչարովան թելադրությունից հետո բաց քննարկում անցկացրեց ուսանողների և դասախոսների հետ: Քննարկման ընթացքում մասնակիցները քննարկեցին ռուսաց լեզվի կարևորությունը ժամանակակից կրթական և մշակութային տարածքում, գրագետ խոսքի դերը մասնագիտական և անձնական զարգացման մեջ, ինչպես նաև նման կրթական նախաձեռնությունների կարևորությունը երիտասարդ սերնդի համար:

Նման հանդիպումներն ու միջոցառումներն ամրապնդում են համագործակցային հարաբերությունները, ընդլայնում ուսանողների կրթական հնարավորությունները և ստեղծում են հարթակ լեզվի, մշակույթի և փոխգործակցության ժամանակակից ձևերի շուրջ բաց երկխոսության համար:
 

Spread the article
©2026 All rights reserved.