2026 թ. սեպտեմբերի 10-11-ը Erasmus+ DIGITECH ծրագրի՝ Հայաստանում անցկացվող աշխատանքային հանդիպումների շրջանակում ծրագրի գործընկեր համալսարանների ներկայացուցիչները հանդիպել են Երևանի պետական համալսարանի միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի, ինչպես նաև ԵՊՀ բիզնես ինկուբատորի ղեկավար Ռուբեն Գևորգյանի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային համագործակցության ընդլայնման, միջհամալսարանական ակադեմիական գործընկերությունների զարգացման և հետագա համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները:

Անդրադարձ է կատարվել նաև նորարարական կրթական և հետազոտական նախաձեռնությունների խթանմանը, գիտելիքի ու փորձի փոխանակմանը և համալսարան–բիզնես կապերի զարգացման հեռանկարներին:
Ծրագրի շրջանակում գործընկեր համալսարանների ներկայացուցիչները շրջայց են կատարել ԵՊՀ-ում՝ այցելելով ԵՊՀ բիզնես ինկուբատոր, ԵՊՀ տվյալների կենտրոն և ԵՊՀ պատմության թանգարան:

Այցերի ընթացքում մասնակիցները ծանոթացել են համալսարանի համապատասխան ենթակառուցվածքներին, դրանց գործունեության հիմնական ուղղություններին և ԵՊՀ-ում ձևավորված կրթական, հետազոտական ու նորարարական միջավայրին:

DIGITECH «Տեխնոլոգիական գործընթացների և արտադրության թվայնացման մեջ նորարարական տեխնոլոգիաների ներդրում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ Erasmus+ ծրագրի Բարձրագույն կրթության կարողությունների զարգացման (Capacity Building in Higher Education – CBHE) ուղղության շրջանակում:

Ծրագրի շրջանակում արտահայտված տեսակետների, մոտեցումների և ներկայացված տեղեկատվության համար պատասխանատու են ծրագիրն իրականացնողները, և պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության պաշտոնական դիրքորոշումը:

#DIGITECH #Automation #AIandML #Barchelor #Robotics 
 

Տարածել նյութը
©2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: