Այսօր նոյեմբերի 17-ն է՝ Ուսանողների միջազգային օրը, որի կապակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք բոլոր ուսանողներին:

ԵՊՀ ԻՄ սիրելի՛ ուսանողներ, բուհում ձեր ուսումնառության տարիները ոչ միայն հիմնավոր գիտելիքներ կուտակելու, այլև ձեր աշխարհայացքի ձևավորման, ստեղծարար և համարձակ մտահղացումների ու գաղափարների իրականացման, ինքնադրսևորման լավագույն ժամանակաշրջանն են:

Ցանկանում ենք ձեզ ուսումնատենչ ոգի, անսպառ եռանդ, նախաձեռնողականություն և նպատակասլացություն, թո՛ղ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում ստացած գիտելիքները դառնան ձեր մեծ ձեռքբերումների ու հաջողությունների ամուր հիմքը և նպաստեն մեր երկրի առաջընթացին ու զարգացմանը:
 

Տոնի նախապատմությունը

1939 թ. նոյեմբերի 17-ին ֆաշիստները, շրջափակելով Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը, շուրջ 1200 ուսանողների գերեվարեցին համակենտրոնացման ճամբար: Այդ նույն օրը, ըստ տեղեկությունների, ինն ուսանող մահապատժի ենթարկվեց: Պրահայի համալսարանը փակվեց, և շենքն օգտագործվեց Գերմանիայի զավթիչ ուժերի կողմից: Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բուհերը փակվեցին մինչև պատերազմի ավարտը:

Այդ բռնություններին ուսանողները փորձեցին հակազդել: Նույն օրը Պրահայի փողոցներում կազմակերպված ցույցով հակաֆաշիստական ուսանողական կոալիցիա ձևավորվեց: Երկու տարի անց՝ 1941 թվականին, եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը:

Հետագայում՝ 1980-ական թվականների երկրորդ կեսին, Պրահայի ուսանողները սկսեցին այդ օրը նշել որպես անկախության օր: 1989 թ. նոյեմբերի 17-ի հանրահավաքով էլ սկիզբ դրվեց Չեխոսլովակիայում իրականացված ոչ բռնի հեղափոխության:
Այսօր նոյեմբերի 17-ը համարվում է ուսանողների խորհրդանշական համախմբման օր, որը տոնում են աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:


 

Spread the article
©2026 All rights reserved.